Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 25 Յուլիսի 2016 12:20

Վիտալի Բալասանեանի ուշագրաւ յայտարարութիւնը

ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամաւոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը յայտարարութիւն է տարածել՝ բացայայտելով յուլիսի 17-ին ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածք ներխուժած զինւած խմբի անդամների հետ բանակցութիւնների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանեանը տեղեկութիւն է փոխանցել նաեւ այն մասին, թէ ով է ոստիկանութեան գնդապետ Արթուր Վանոյեանի սպանութիւն կատարողը:

ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամաւոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը յայտարարութիւն է տարածել՝ բացայայտելով յուլիսի 17-ին ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածք ներխուժած զինւած խմբի անդամների հետ բանակցութիւնների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանեանը տեղեկութիւն է փոխանցել նաեւ այն մասին, թէ ով է ոստիկանութեան գնդապետ Արթուր Վանոյեանի սպանութիւն կատարողը:
«Յուլիսի 22-ի լոյս 23-ի գիշերն իմ միջնորդութեամբ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գէորգի Կուտոյեանը այցելել էր զինւած խմբի տղաներին, բաւականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապւած հարցեր, այլ հարցեր եւս: Պարոն Կուտոյեանը նաեւ առաջարկեց, որպէսզի տղաներից մէկը, որը վիրաւոր է, եւ որին տեղում աշխատող բժիշկները կարող է անկարող լինեն փրկել, տեղափոխել հիւանդանոց անհրաժեշտ մասնագիտացւած բուժօգնութիւն տրամադրելու համար: Ցաւօք այդ հարցը դրական պատասխան այդպէս էլ չստացաւ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք յաջորդ առաւօտեան վիրաբոյժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նոյնպէս թոյլ չտրւեց անհրաժեշտ միջամտութիւն կատարել:
Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինւած խմբի տղաներին, նախնական պայմանաւորւածութեան համաձայն, տրամադրւել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարաւորութիւն: Ցաւօք զինւած խմբի տղաները չյարգեցին պետութեան հիմնական պահանջը, այն է՝ լրատւամիջոցների առաջ հանդէս գալ բացառապէս առանց զէնքի: Կազմակերպեցին զէնքի ու ռազմականութեան բացայայտ ցուցադրութիւն, այնուհետեւ էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստօրէն դատապարտում եմ եւ անընդունելի եմ համարում:
Ինչեւէ, հետեւելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կոչին, պետական գերատեսչութիւնները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինւած խմբի խաղաղ յանձնւելուն ուղղւած բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաեւ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարաւոր է դա անել, ուշքի գալ եւ կատարել Հայաստանի Սահմանադրութեան եւ օրէնքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթէ դրա կարիքը կայ՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց, այս անգամ պատրաստ են դա անել բացառապէս առանց զէնքի, եւ հանրութեան համար բաց, հետեւաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից յետոյ պէտք է անյապաղ վայր դնէք զէնքը:
Կոչ եմ անում նաեւ տղաներին, քանի դեռ ուշ չէ անյապաղ իշխանութիւններին յանձնել վիրաւոր տղային, ով նաեւ, ըստ տեղեկութիւնների՝ ոստիկանութեան գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնութիւն է պէտք, տղանե՛ր, եւս մէկ զոհ ոչ մէկին հարկաւոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պէտք է օգտւեն այս վերջին հնարաւորութիւնից:
Իմ միջնորդութեամբ իշխանութեան բարձրաստիճան ներկայացուցչի հետ միասին, որին ներկայ էր նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալէք Ենիգոմշեանը, մենք «Վարդաշէն» քրէակատարողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլեանի հետ եւ քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլեանը այդ պահի դրութեամբ որեւէ խօսք չի ասել, աւելին՝ պնդել է, որ այս պահի դրութեամբ ինքը հրաժարւում է նախագահի հրաժարականի պահանջից: Ժիրայր Սեֆիլեանը բարձրացրել է իրենց յուզող ազգային նշանակութեան հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետութեան նախագահին: Մենք անմիջապէս կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդէն ունենք նաեւ Հանրապետութեան նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զէնքն անյապաղ վայր դնելուց եւ յանձնւելուց յետոյ նա պատրաստակամութիւն է յայտնել հրաւիրելու Ժիրայր Սեֆիլեանին եւ բացատրելու իրականութիւնը եւ հեռանկարները»:

«yerkir.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ