Հա

Օրակարգ

07/08/2016 - 12:40

ԼՂՀ ԱԺ-ի պատգամաւոր.- «Հակամարտութեան լուծումը հնարաւոր է միայն ԼՂ-ի ամենաակտիւ մասնակցութեամբ»

«Ժամանակն է, որ Ղարաբաղն ամենաակտիւ մասնակցութիւնն ունենայ ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում: Մենք շատ ենք այդ մասին խօսում, բայց չենք ասում միայն ասելու համար, բնականաբար: Բոլորն էլ գիտեն, որ որեւէ մէկն առանց Ղարաբաղի բնակչութեան կամարտայայտութեան չի կարող լուծել այդ խնդիրը, դա մեր ժողովրդի խնդիրն է եւ մեզ է վերաբերում նախեւառաջ»,- ասաց Վարդգէս Բաղրեանը:

ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման հարցում կողմերը յաջողութեան կարող են հասնել միայն Ղարաբաղի ամենաակտիւ մասնակցութեամբ. «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Վարդգէս Բաղրեանը՝ անդրադառնալով կարգաւորման շուրջ միջնորդ երկրների քննարկումների ակտիւացմանը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը, թէ Ղարաբաղեան կարգաւորման հարցում «կողմերը, աւելի քան երբեւէ, մօտեցել են յաջողութեան հեռանկարին»:
«Ժամանակն է, որ Ղարաբաղն ամենաակտիւ մասնակցութիւնն ունենայ ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում: Մենք շատ ենք այդ մասին խօսում, բայց չենք ասում միայն ասելու համար, բնականաբար: Բոլորն էլ գիտեն, որ որեւէ մէկն առանց Ղարաբաղի բնակչութեան կամարտայայտութեան չի կարող լուծել այդ խնդիրը, դա մեր ժողովրդի խնդիրն է եւ մեզ է վերաբերում նախեւառաջ»,- ասաց նա:
Վարդգէս Բաղրեանի ասութեամբ՝ փուլային տարբերակով լուծման մասին Ալիեւի կողմից Վարշաւայում յայտարարութիւնը նորութիւն չէ, բայց զուգահեռ յստակ է նաեւ հայկական կողմի պահանջը, որը ՀՀ նախագահն է ներկայացրել, որ ստատուս քւօն կարող է փոխւել, եթէ ճանաչւի ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը:
«Փուլային տարբերակը, բնականաբար, մեզ համար միանգամայն անընդունելի է, եւ ստատուս քւօն խախտելն է անընդունելի, քանի դեռ չի լուծւում անկիւնաքարային հարցը, որը ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն է: Այս օրերին ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ԼՂՀ-ում մարդիկ պարբերաբար խօսում են այդ մասին, ինչ-որ ճնշումների մասին են նշում, որոնք աբսուրդի հասնող խօսակցութիւններ են: Անհնար է անել միակողմանի ինչ-որ զիջումներ»,-ասաց նա:
ԼՂՀ-ի պատգամաւորի ասութեամբ՝ հարցի լուծումը կարող է լինել միայն փաթեթով:
«Եթէ կուզեն իմանալ, ապա հէնց կարգավիճակի հարցից յետոյ միայն կարող են նստել բանակցութիւնների սեղանի շուրջ եւ մտածեն, թէ ինչ քայլեր կարող են անել: Ալիեւը Վարշաւայում ելոյթ է ունեցել, նոյն երգն է երգել, կորած հողերի մասին է խօսել՝ մոռանալով, որ նոյն Ադրբեջանի տիրապետութեան տակ է գտնւում ԼՂՀ-ի միգուցէ 20 տոկոսից աւելին՝ սկսած Շահումեանից, Մարտակերտի շրջանի գիւղերից, Մարտունու շրջանից, էլ չենք խօսում Արցախի մեր պատմական հողերից: Այնպէս որ սին խօսքեր են բոլոր այդ ճնշումները, եւ յետոյ ճնշումներն էլ առաջին անգամ չեն, մենք սովոր ենք եւ կարող ենք ընդունել նաեւ այդ մարտահրաւէրը»,- ասաց նա:
Վարդգէս Բաղրեանը փոխանցեց Արցախի հասարակութեան տրամադրութիւնները:
«Անկեղծօրէն ասեմ՝ մտահոգութիւն կայ, մարդկանց մօտ խօսակցութիւնների թեման դա է, բայց ասել, թէ ինչ-որ խուճապային տրամադրութիւններ կան, բնականաբար այդպէս չէ: Մենք բազմիցս ասել ենք՝ Արցախը ազատագրել ենք ազգովի, եւ անհնար է, որ որեւէ մէկը որոշում ընդունի եւ ինչ-որ տարածքներ զիջի, ուղղակի անհնար է նման բան: Ուզում եմ՝ մայր Հայաստանը հանգիստ լինի՝ առանց ինձ, քեզ եւ իւրաքանչիւր հայի հարցնելու որեւէ մէկը չի կարող նման պատասխանատւութիւն վերցնել իր վրայ, որովհետեւ ժողովուրդը որեւէ մէկին նման լիազօրութիւն չի տւել»,- ասաց նա:
ԼՂՀ ԱԺ-ի պատգամաւորը նկատել է՝ ՌԴ-ն փորձում է նախաձեռնութիւնը վերցնել իր ձեռքը եւ ինքը իր ձեռքով հարցին լուծում տալ: «Բայց վաղուց խորհրդային ժամանակներն անցել են, եւ այդ երկաթեայ վարագոյրը, որ կար, բարեբախտաբար, հիմա չկայ, եւ բարեբախտաբար ՌԴ-ի ձեռքերում չէ խնդրի լուծումը: Այստեղ տարածաշրջանային մեծ խնդիրներ կան, շահեր կան եւ այստեղ ոչ միայն գլոբալ խնդիրներ են լուծւում: Բնականաբար, նոյն Եւրոպան, Միացեալ Նահանգները չեն կարող անտարբեր լինել, եւ այդ մասին է վկայում նաեւ եռակողմ հանդիպումը, որից ՌԴ-ն պաշտօնապէս հրաժարւեց եւ ասաց, որ Մինսկի խումբը պէտք է զբաղւի ԼՂ-ի հարցով, այսինքն՝ դա ասւեց Օբամա-Պուտին հեռախօսազրոյցից յետոյ: Անձամբ ես շատ կարեւորում եմ, եւ այստեղ կողմերից որեւէ մէկը չի կարող իր վրայ վերցնել նախաձեռնութիւնը եւ ասել, որ այսպէս եմ ուզում տեսնել լուծումը»,- ասաց նա:
Նա նշեց, թէ 90-ականներին տեսածը չեն մոռացել, որ այսպէս հեշտութեամբ համաձայնեն Ռուսաստանի միակողմանի միջնորդ առաջարկութիւններին:
«Մենք չենք մոռանում, որ եղել է «Օղակ» օպերացիա, այդ սեւ օրերը մենք հօ չե՞նք մոռացել, եւ ուստի մենք մեր ճակատագիրը որեւէ մէկի ձեռքը չենք կարող տալ: Մենք ո՛չ ռուսամէտ, ո՛չ եւրոպամէտ, ո՛չ ամերիկամէտ պէտք է լինենք, մենք պէտք է հասկանանք, որ մեր ճակատագիրն ինքներս պէտք է լուծենք, քանի որ մեր իրաւունքի ու լինելիութեան հարցն է, եւ ապրիլեան պատերազմը դա մէկ անգամ եւս վկայեց: Դուք տեսնէիք, թէ այստեղ ինչ էր կատարւում. հազարաւոր տղաներ, ովքեր 90-ականներին այստեղ մարտնչում էին, վերադարձել էին, որպէսզի պաշտպանեն իրենց հայրենիքը, այսինքն՝ այնպէս չի, որ ինչ-որ մէկին սպասենք, ասենք՝ դէ լաւ, դուք ոնց ասէք, այդպէս համաձայն ենք ձեզ հետ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։