Հա

Օրակարգ

11/08/2016

Սարգսեանը՝ Պուտինի հետ հանդիպումից յետոյ.- «Ղարաբաղեան խնդրի լուծումը ինքնորոշման իրաւունքի յարգումն ու ապահովումն է»

Մոսկւայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԶԼՄ-ների առջեւ հանդէս է եկել յայտարարութեամբ:
ՀՀ նախագահի լրատւական ծառայութեան փոխանցմամբ, յայտարարութեան մէջ նշւում է.

Մոսկւայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԶԼՄ-ների առջեւ հանդէս է եկել յայտարարութեամբ:
ՀՀ նախագահի լրատւական ծառայութեան փոխանցմամբ, յայտարարութեան մէջ նշւում է.
«Յարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հիւրընկալութեան համար:
Բարձր մակարդակի ակտիւ քաղաքական երկխօսութիւնը համապատասխանում է մեր երկրների միջեւ յարաբերութիւնների մակարդակին: Այդ յարաբերութիւններն ընդգրկում են մեր պետութիւնների կենսագործունէութեան բոլոր ոլորտները՝ սկսած ՀԱՊԿ-ի ուղղութեամբ դաշնակցային գործընկերութիւնից մինչեւ տնտեսական ինտեգրացում Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում եւ սերտ համագործակցութիւն հումանիտար ոլորտում:
Մեր տարածաշրջանների միջեւ կապերն ընդլայնւում են, եւ դրա մէջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնութեան սուբիեկտների եւ Հայաստանի Հանրապետութեան մարզերի միջեւ ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում եւ, մասնաւորապէս, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունութեան եւ անվտանգութեան վրայ ազդող բազմաթիւ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթւայ ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիւ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշւի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետութիւններ են:
Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատւութեան համար եւ համոզւած եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիւացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան աճի էական յաջողութիւնները: Դա ուղիղ պատասխան է այն թերահաւատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը չի տայ Հայաստանին ոչ մի առաւելութիւն: Բաւական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժւարութիւններին եւ խոչընդոտներին, մեր առեւտրաշրջանառութիւնը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարւայ առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթէ 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առաւելագոյնին կիսամեակի ընթացքում:
Համոզւած եմ, որ մենք կը կարողանանք պահպանել եւ զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջեւ առկայ առեւտրա-տնտեսական ներուժը նոյնիսկ այսօր ոչ լիարժէք է օգտագործւում:
Բնականաբար, մեր այսօրւայ բանակցութիւնների գլխաւոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման հարցն էր, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը: Դա, նախեւառաջ, 1994-1995 թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկէտ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութիւնների ընդլայնումը:
Ես եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպէս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցութեամբ գործադրում է եւ խնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ, եւ այդ գործընթացում նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար:
Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մօտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտութիւնը անհնար է լուծել՝ յղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թէ պատճառների վերացմանը: Ղարաբաղեան խնդրի էութիւնը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրաւունքն է: Խնդրի լուծումը այդ իրաւունքի յարգումն ու ապահովումն է: Հէնց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնութեան նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապւած խաղաղ գործընթացը, բանակցութիւնները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդիւնքում կարող են խախտւել ուժերի հաւասարակշռութիւնը, առաջանալ յաղթողներ ու պարտւողներ, դատապարտւած են ձախողման եւ նոր լարւածութեան:
Պէտք է բոլորը շահեն իրատեսական, յստակ եւ իրագործւող որոշումների արդիւնքում, որոնց հիմքում փոխադարձ յարգանքն ու վստահութիւնն է, այլ ոչ թէ ատելութիւնն ու այլատեացութիւնը:
Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղութեան եւ համերաշխութեան թեմաները յատկապէս արդիական են Օլիմպիական խաղերի օրերին: Մենք եւս մէկ անգամ յաջողութիւններ կը մաղթենք Ռուսաստանի եւ Հայաստանի հաւաքականներին եւ ցանկանում ենք միասին ուրախանալ մեր եւ ձեր մարզիկների նւաճած յաջողութիւններով:
Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լաւ արդիւնքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացւել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անւան դպրոց: Ես համոզւած եմ, որ համատեղ սպորտային յաղթանակները եւ նւաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպէս ասւում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի»:

«panorama.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։