Հա

Օրակարգ

13/08/2016

ԼՂ-ի պաշտպանութեան նախարար.- «Քաջատեղեակ ենք հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներից»

Օգոստոսի 11-ին ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար, Պաշտպանութեան Բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը հանդիպել է Հանրապետութիւնում գործող եւ հաւատարմագրւած զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 11-ին ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար, Պաշտպանութեան Բանակի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը հանդիպել է Հանրապետութիւնում գործող եւ հաւատարմագրւած զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:
Մամուլի ասուլիսը հրաւիրւել էր բանակային ուսումնական տարւայ առաջին կիսամեակի, այդ թւում՝ նաեւ ապրիլեան զարգացումների արդիւնքները ամփոփելու, ինչպէս նաեւ գործունէութեան ընթացիկ եւ առաջիկայ կարեւորագոյն ուղղութիւնների նախանշման համատեքստում:
Նախքան լրագրողների հարցերին պատասխանելով՝ ԼՂՀ-ի ռազմական գերատեսչութեան ղեկավարը ներածական խօսքում ներկայացրել է հաշւետու ժամանակահատւածում տեղ գտած հիմնական գործընթացների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակը կատարել է իր առջեւ դրւած խնդիրները եւ կեանքի կոչել այն բոլոր ծրագրային միջոցառումները, որոնք նախանշւած են եղել 2016 թւականի պատրաստութեան պլանով:
Խօսելով առաջնագծում առկայ օպերատիւ-մարտավարական իրադրութեան մասին՝ Լեւոն Մնացականեանը վստահեցրել է, որ բանակի հրամանատարութիւնը քաջատեղեակ է հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներին, եւ կան բոլոր նախադրեալները ինչպէս այսօր, հետագայում եւս պահպանելու վերահսկողութիւնը հակառակորդի բոլոր հաւանական քայլերի նկատմամբ: Նշւած նպատակին հասնելու համար անընդհատ կատարելագործւում է ինժեներական ամրակառոյցների համակարգը, բարձրացւում զօրքերի պատրաստութեան եւ ռազմա-տեխնիկական համալրւածութեան մակարդակը:
Նախարարի ներածական խօսքին յաջորդել են լրագրողների հարցերը: Նրանց հետաքրքրում էին ապրիլեան պատերազմի, բանակաշինութեան ընթացիկ փուլին վերաբերող տարբեր թեմաներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում, որն, ի դէպ, նման ձեւաչափով առաջինն էր Լեւոն Մնացականեանի պաշտօնավարման ժամանակ, ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարը կարեւորել է զանգւածային լրատւութեան դերը, մասնաւորապէս՝ ներբանակային գործընթացները հանրային լայն շրջանակներին հասցնելու առումով, եւ յոյս է յայտնել, որ նման հանդիպումները կը կրեն պարբերական բնոյթ:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։