Հա

Օրակարգ

14/08/2016 - 13:00

ԼՂՀ ԱԺ-ի պատգամաւորը՝ Պուտին-Սարգսեան հանդիպման մասին.- «Մենք ոչ մի թիզ հող պատրաստ չենք զիջելու որեւէ մէկին»

ԼՂՀ ԱԺ-ի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցութեան պատգամաւոր Ռուդիկ Հիւսնունցը կարծում է, որ հայկական կողմի վրայ մոսկովեան հանդիպման ժամանակ տարածքների զիջման հետ կապւած ճնշումներ չեն գործադրւել: «tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ շարունակւող բանակցութիւնների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ստատուս քւօն պահպանւում է:

ԼՂՀ ԱԺ-ի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցութեան պատգամաւոր Ռուդիկ Հիւսնունցը կարծում է, որ հայկական կողմի վրայ մոսկովեան հանդիպման ժամանակ տարածքների զիջման հետ կապւած ճնշումներ չեն գործադրւել: «tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ շարունակւող բանակցութիւնների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ստատուս քւօն պահպանւում է:
«Բոլորն էլ գիտեն, որ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ ԼՂ-ն պատրաստ չեն ոչ մի փոխզիջման, առաւել եւս Արցախի ժողովուրդը, որովհետեւ ապրիլեան դէպքերը մեզ ցոյց տւեցին, որ որեւէ՝ անգամ փոքր զիջումը ոչ թէ մեզ բերելու է խաղաղութիւն, այլ պարտադրելու է նոր պատերազմ, վերսկսւելու են նոր ռազմական գործողութիւններ: Այս առումով Արցախի ժողովուրդն անդրդւելի է, եւ ոչ մի թիզ հող մենք պատրաստ չենք զիջելու որեւէ մէկին: Մեր ընկերների, մեր տղաների արեան գնով գծած սահմանները մենք պարտաւոր ենք պահպանել»,- ասաց նա:
Ըստ Ռուդիկ Հիւսնունցի՝ բանակցութիւնները միշտ լինելու են, քանի որ միջազգային հանրութիւնն ուզում է հակամարտութիւններին լուծում տալ, որպէսզի կարողանան ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական յարաբերութիւնները յաւուր պատշաճի տանել առաջ:
«Սրանք ցանկութիւններ են, բայց երբեմն այդ ցանկութիւններն իրականութիւն դարձնելու համար տարիների աշխատանք է պէտք. երկու հանրութիւնները պէտք է պատրաստւեն հաշտութեան, որպէս հարեւաններ իրար հետ ապրելու համակեցութեան: Պարզապէս այս էլեմենտները, այս տարրերը չեն ներմուծւում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից»,- ասաց ԼՂՀ ԱԺ-ի պատգամաւորը՝ նկատելով, որ վերջիններս պէտք է իրենց հասարակութեանը պատրաստեն, որ պէտք է խաղաղ գոյակցեն իրենց հարեւանների հետ, մինչդեռ նման աշխատանքներ ընդհանրապէս չեն տարւում:
«tert.am»-ի հարցին, թէ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին արած իր կոչով, թէ պէտք է այնպիսի փոխզիջումների գնալ, որ կողմերից ոչ մէկը չպարտւի, կամ յաղթի, ինչի մասին էր ակնարկում, Ռուդիկ Հիւսնունցը պատասխանեց. «Իրենք թող Դոնբասի խնդիրները լուծեն, իրենք թող Աբխազիայի, Օսեթիայի եւ Ղրիմի հարցերը լուծեն: Անկեղծ ասած, Ռուսաստանն իր վրայ շատ մեծ բեռ է վերցնում. կայսրութիւն է, իհարկէ, ուժեղ է, իհարկէ... Մեր դէպքում էլ՝ կարեւոր չէ ինչ կենդանի է՝ առիւծ, թէ փիղ, կարեւորը մենք նապաստակ չլինենք: Իրականում Արցախի ժողովուրդն իրենից ուժ է ներկայացնում, մենք ենք որոշում՝ ում հետ պէտք է ապրենք, ինչպէս պէտք է ապրենք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։