Հա

Օրակարգ

16/08/2016

Շոյգոյի Բաքու կատարած այցի հետքերով

ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների հերթական նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն:
Շոյգուն Երեւան է ժամանել Բաքւից, ուր մեկնել էր հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների հերթական նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն:
Շոյգուն Երեւան է ժամանել Բաքւից, ուր մեկնել էր հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ:
Շոյգոյի այցը Բաքու այնքան էլ չէր լինի ուշագրաւ, եթէ, իհարկէ, այցից ընդամենը մէկ օր առաջ, օգոստոսի 13-ին, նա Մոսկւայում հանդիպած չլինէր Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:
Եւ հէնց այս հանգամանքն է, որ Շոյգուի այցը Բաքու դարձնում է ինչ-որ տեղ ինտրիգային:
Այցի կապակցութեամբ արտայայտւած մեկնաբանութիւնների եւ հրապարակւած վերլուծական յօդւածների դիտարկումը վկայում է, որ փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են այն մասին, որ Հասանովի մոսկովեան այցի ժամանակ առաջացել են այնպիսի հարցեր, որոնք հարկ է եղել քննարկել Բաքւում՝ արդէն Ալիեւի հետ:
Չի կարելի չհամաձայնւել այն մտքի հետ, որ հաւանաբար «ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում առաջացել է այնպիսի քննարկման անհրաժեշտութիւն, որում Ռուսաստանը կա՛մ չի բաւարարւել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի մակարդակով, կա՛մ Ադրբեջանն է ցանկացել Ալիեւի մակարդակով խօսել Ռուսաստանի պաշտպանութեան նախարարի հետ»:
Սա, իհարկէ, Շոյգուի ադրբեջանական այցի ինտրիգային հանգոյցներից ընդամենը մէկն է:
Գլխաւոր ինտրիգը կայանում է հանդիպման մասին հրապարակւած հաղորդագրութիւնում, ուր մասնաւորապէս նշւած է, թէ Բաքւում, Շոյգուն քննարկել է ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցութեան հարցեր, իսկ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կողմերը փոխանակւել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերեալ կարծիքներով:
Այս կապակցութեամբ կայ երկու ուշագրաւ հանգամանք.
Առաջին. ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման գործընթացը գտնւում է հակամարտող կողմերի, ինչպէս նաեւ միջնորդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների իրաւասութիւնների սահմանում:
Այդ մասին քննարկումներն ու այսպէս կոչւած «կարծիքներով փոխանակւելը» հիմնականում կատարւում են դիւանագէտների մակարդակով, քանզի գործընթացն ամբողջութեամբ գտնւում է դիւանագիտական հարթակում:
Այժմ հարց է առաջանում, թէ ինչու, հէնց այս պահին, Շոյգուն եւ Հասանովը որոշել են ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ փոխանակւել կարծիքներով: Ո՞րն է եղել քննարկման թեման, եւ ընդհանրապէս ի՞նչ արդիւնք է ունեցել կարծիքների այդ փոխանակումը:
Երկրորդ. Վերջին շրջանում, ռազմա-տեխնիկական համագործակցութիւնը վերածւել է ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների կարեւորագոյն ցուցիչի:
Յարաճուն այս համագործակցութիւնը բխում է կողմերի անմիջական շահերից: Այն մի կողմից գայթակղող գործիք է Մոսկւայի ձեռքում՝ Բաքւին ամբողջովին ներքաշելու իր ազդեցութեան զգողական գօտի, միւս կողմից՝ այն մանեւրի բացառիկ հնարաւորութիւն է Բաքւի համար՝ ճնշելու Մոսկւային, պահանջելով Երեւանին ստիպել գրեթէ կապիտուլիացիային հաւասարազօր զիջումներ:
Եւ իզուր չէ, որ հայկական փորձագիտական մտքին մտահոգում է այն խնդիրը, թէ Մոսկւան ինչքա՞ն հեռուն է կարող գնալ վտանգաւոր այս խաղում: Ո՞րն է Կռեմլի վերջնական նպատակը: Ռազմական ուժի հաւասարակշռութեան այնպիսի խախտո՞ւմ, որը կը չէզոքացնի Հայաստանի զինւած ուժերին յատուկ մարտունակութիւնն ու յետապրիլեան ժամանակահատւածում ստեղծւած համահայկական բացառիկ համախմբւածութիւնը՝ պաշտօնական Երեւանին զրկելով իր ամենահզօր խաղաթղթից, ինչը վերջնահաշւարկում կը նշանակի պարտադրւած անխուսափելի զիջումներ:
Այս համատեքստում խնդիրն առաւել մտահոգիչ է դառնում, երբ ճիշտ հէնց այս պահին պաշտօնական հայկական կողմից սկսում են աւելի յաճախակի հնչել այսպէս կոչւած «խելամիտ» փոխզիջումների մասին յայտարարութիւնները:
Թէ ի՞նչ է նշանակում այս բոլորը, ցոյց կը տայ ժամանակը: Այս պահի դրութեամբ յստակ մեկնաբանութիւններն ու սահմանումները կարող են լինել ոչ այնքան օբիեկտիւ, մանաւանդ, որ գործընթացները դեռեւս գտնւում են խմորման փուլում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։