Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2016 13:00

Նոր իրավիճակ՝ տարածաշրջանում

Համադանի աւիաբազան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործումն ազդարարեց ռուս-իրանական ռազմավարական նշանակութեան համագործակցութեան ամբողջովին նոր մակարդակի մասին:
Փաստ է, որ ռուս-իրանական յարաբերութիւններում տեղի ունեցող զարգացումներն ամբողջովին նոր իրավիճակն է ստեղծում տարածաշրջանում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Համադանի աւիաբազան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործումն ազդարարեց ռուս-իրանական ռազմավարական նշանակութեան համագործակցութեան ամբողջովին նոր մակարդակի մասին:
Փաստ է, որ ռուս-իրանական յարաբերութիւններում տեղի ունեցող զարգացումներն ամբողջովին նոր իրավիճակն է ստեղծում տարածաշրջանում: Իրավիճակ, որը կարող է մեծապէս ազդել Մերձաւոր եւ Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական դասաւորութիւնների վրայ՝ կտրուկ փոխելով տարածաշրջանում ուժերի յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը:
Թէեւ կողմերը պաշտօնապէս յայտարարել են, որ այս համագործակցութիւնն ունի բացառապէս լոգիստիկական բնոյթ, եւ հիմնականում ուղղւած է Սիրիայում գործող ահաբեկչական խմբաւորումների դէմ, այդուհանդերձ, ամենաանզէն աչքն անգամ կարող է տեսնել դրա տողատակերում թաքնւած քաղաքական յստակ նպատակներն ու մեսիջները, որոնք ինչ խօսք, չափազանց աւելի կարեւոր են‘ քան պաշտօնական յայտարարութիւններում ընդգծւած նպատակները:
Ամենաակնառու եւ կարեւոր մեսիջը մի կողմից Ռուսաստանի՝ որպէս ոչ տարածաշրջանային ազդեցիկ ուժի ներկայութեան էլ աւելի ամրապնդումն է տարածաշրջանում, իսկ միւս կողմից Իրանի ազդեցիկ լծակների յաւելումն է՝ Արեւմուտքի, ինչպէս նաեւ տարածաշրջանային նշանակութեան միւս կարեւոր խաղացողների հետ յարաբերութիւններում:
Անշուշտ, հակաարեւմտեան ռազմական այս նոր առանցքի աստիճանական ձեւաւորումը երկարատեւ կտրւածքով, կարող է չէզոքացնել ալիանսի կողմերից որեւէ մէկի վրայ Արեւմուտքի ռազմա-քաղաքական յաւելեալ ճնշման հնարաւորութիւնը՝ նրանց ընձեռելով մանեւրի աւելի լայն դաշտ աշխարհաքաղաքական նշանակութեան համատեղ կամ առանձին նախաձեռնութիւնների իրականացման գործում:
Թերեւս ուրւագծւող այս հեռանկարի ֆոնին պէտք է դիտարկել այսպէս կոչւած «համադանեան գաղտնիք»-ի բացայայտումից յետոյ տարածաշրջանում ստեղծւած նոր իրադրութիւնն ու դրան հետեւած զարգացումները:
Յիշեցման կարգով նշենք, որ Համադանի ռազմաբազայից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի իրականացրած առաջին մարտական գործողութիւններին հետեւեց Թուրքիայի արտգործնախարարի անակնկալ այցը Թեհրան, որից յետոյ Չաւուշօղլուն յայտարարեց, որ Սիրիայի հարցով պաշտօնական Անկարան պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման պայմանով»:
Դրանից յետոյ, սիրիական ճգնաժամից ի վեր, Սիրիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ռմբակոծեցին քրդերի վերահսկողութեան տակ գտնւող շրջանները, որին անմիջապէս արձագանգեց ԱՄՆ-ն՝ փորձելով քուրդ աշխարհազօրայինների համար ապահովել «ապահով երկինք»:
Սիրիայի իշխանութիւնների յենանիշերի կտրուկ փոփոխութիւնը, տարածաշրջանում ուժերի այս նոր վերադասաւորումների անմիջական արդիւնքն է:
Իհարկէ դեռեւս վաղ է խօսել տարածաշրջանային այս նոր սցենարի միանշանակ զարգացումների մասին: Մանաւանդ, որ ռուս-իրանական ռազմական ալիանսի ձեւաւորումն ու դրան զուգահեռ ընթացող Անկարայի տարածաշրջանային քաղաքականութեան կուրսում նկատւող որոշակի վերանայումները նման են բազմաթիւ անյայտներով հաւասարումի, որի լուծումը պահանջում է համբերատարութիւն:
Նշենք միայն, որ ռուս-իրանական ռազմական համագործակցութեան հետ կապւած կան բազմաթիւ հարցականներ, որոնք հիմնականում կապւած են կողմերի թողարկած «կաթիլային» ինֆորմացիայով:
Սրան պէտք է աւելացնել նաեւ այն իրողութիւնը, որ Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային կապող անմիջական շահերի ձգողական ուժին զուգահեռ կան նաեւ պատմականօրէն շատ աւելի խորը նստւածք ունեցող հակասութիւններ, որոնք ցանկացած պահի կարող են վերածւել բաժանարար գծերի:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ