Հա

Օրակարգ

05/09/2016 - 12:30

Ռուսաստանի վերադարձը

Չինաստանի Հանչժոու քաղաքում մեկնարկել է «G20»-ի գագաթաժողովը:
Աշխարհի խոշորագոյն զարգացած ու զարգացող տնտեսութիւնների հերթական վեհաժողովն առանձնանում է մի քանի իւրայատկութիւններով.
Ա- Սա «G20»-ի վերջին գագաթաժողովն է, որին որպէս ԱՄՆ-ի նախագահ մասնակցում է Բարաք Օբաման:
Բ- Այն վերջինն է նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունի համար:

«G20»-ի գագաթաժողովի առիթով


ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Չինաստանի Հանչժոու քաղաքում մեկնարկել է «G20»-ի գագաթաժողովը:
Աշխարհի խոշորագոյն զարգացած ու զարգացող տնտեսութիւնների հերթական վեհաժողովն առանձնանում է մի քանի իւրայատկութիւններով.
Ա- Սա «G20»-ի վերջին գագաթաժողովն է, որին որպէս ԱՄՆ-ի նախագահ մասնակցում է Բարաք Օբաման:
Բ- Այն վերջինն է նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունի համար:
Գ- Հանչժոուի գագաթաժողովը կարող է վերջինը լինել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի համար, որի ղեկավարած «Քրիստոնէա-դեմոկրատական» կուսակցութեան ժողովրդականութիւնը կտրուկ անկում է ապրում երկրի համապետական ընտրութիւնների նախօրէին:
Դ- Չափազանց ուշագրաւ է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սի Ցինփինի յայտարարութիւնը՝ յանուն ինքնիշխանութեան պաշտպանութեան Պեկինի ու Մոսկւայի փոխգործակցութեան անհրաժեշտութեան մասին, ինչը պարզորոշ նշանակում է գերհզօր նոր ալիանսի ձեւաւորում, որը հաստատապէս կը փոխի ուժերի դասաւորութիւնը՝ աշխարհաքաղաքական գլոբալ նշանակութեան յարաբերութիւններում:
Զ- Ամենակարեւորը, սակայն, շարունակում է մնալ սիրիական ճգնաժամը, որն ուղղակի կամ անուղղակի յայտնւել է «G20»-ի շրջանակում տեղի ունեցող գրեթէ բոլոր հանդիպումների ու քննարկումների օրակարգում:
Այս կապակցութեամբ յատկապէս կարեւորւում է տարբեր մակարդակներում ընթացող ռուս-ամերիկեան բանակցութիւնները, որոնցից է հիմնականում կախւած Սիրիայի հետագայ ճակատագիրը:
Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Հանչժոուեան բանակցութիւնները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Սիրիայում, նախաձեռնութիւնը գրեթէ ամբողջովին անցել է Ռուսաստանի կողմը, իսկ Արեւմուտքը, հիմնականում, յայտնւել է դիտորդի եւ արձագանգողի կարգավիճակում՝ կորցնելով նախաձեռնողականութեան հնարաւորութիւնը:
Հէնց իրավիճակը փրկելու պատճառով է, որ Վաշինգտոնը Մոսկւայից պահանջում է զիջումներ՝ փորձելով ինչ-որ կերպ վերականգնել խախտւած հաւասարակշռութիւնն այն դէպքում, երբ Ռուսաստանը գործում է բաւականին վստահ, պրագմատիկ եւ հաշւարկւած քայլերով, յստակ թիրախաւորելով իր անմիջական, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ նպատակները ոչ միայն Սիրիայում, այլ, նաեւ, ողջ Մերձաւոր Արեւելքում:
Ընդամենը մէկ տարի առաջ, Ռուսաստանի ռազմական ուղղակի եւ ակտիւ ներգրաւումը սիրիական ճգնաժամում հետեւում էր երկու հիմնական նպատակ.
Առաջին. Ապահովել սիրիական իշխանութիւնների գոյատեւումը՝ երաշխաւորելով Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմավարական նշանակութեան անմիջական շահերի անվտանգութիւնը:
Երկրորդ. Փորձել վերականգնել Ռուսաստանի ներկայութիւնն ու ակտիւ դերակատարութիւնը Մերձաւոր Արեւելքում:
Տարածաշրջանում ստեղծւած նոր իրավիճակը վկայում է, որ պաշտօնական Մոսկւային յաջողւել է իրականացնել իր սահմանած նպատակները, եւ Խորհրդային Միութեան փլուզումից 25 տարի անց, վերադառնալ Մերձաւոր Արեւելք այնպիսի առանցքային խաղացողի կարգավիճակով, առանց որի անհնար է պատկերացնել տարածաշրջանային տարբեր նշանակութեան եւ կալիբրի հիմնախնդիրների կարգաւորումը:
Այս համատեքստում, փորձագէտները յատուկ ընդգծում են մի կարեւոր հանգամանք. ի տարբերութիւն Խորհրդային Միութեան, պուտինեան Ռուսաստանն բացառապէս առաջնորդւում է «realpolitik»-ի խաղի կանոններով:
Այս կապակցութեամբ գերմանական «Die Welt» պարբերականն անդրադառնալով Ռուսաստանի մերձաւորարեւելեան քաղաքականութեանը յատուկ ընդգծել է այն փաստը, որ դեռեւս ամիսներ առաջ Կրեմլը չափազանց կոշտ արձագանգեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից սեփական կործանիչի խոցման դէպքին, մինչդեռ այսօր գրեթէ չտեսնելու է տալիս թուրքական զինուժի գործողութիւնները Սիրիայի հիւսիսային շրջաններում՝ արտայայտելով միայն իր «մտահոգութիւնը»:
Սա ամբողջովին տեղաւորւում է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականութեան «realpolitik»-ի տրամաբանութեան սահմանում, ինչն էլ սպորտային լեկսիկոնով ասաց ռինգի անկիւնում է փակել ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին, որոնք, դեռեւս, չեն կարողանում կողմնորոշւել, թէ ինչպէս են շարժւում եւ ինչ նպատակներ են հետապնդում Սիրիայում, ովքեր են նրանց հիմնական ու երկրորդական դաշնակիցները, եւ ընդհանրապէս ինչպէս են պատկերացնում Սիրիայի ապագան՝ ընդհանրապէս, իսկ տարածաշրջանինը՝ յատկապէս:
Իսկ նման անորոշութիւնը կարող է աղէտաբեր լինել Արեւմուտքի տարածաշրջանային հիմնարար շահերի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։