Հա

Օրակարգ

13/09/2016 - 12:50

Պարտաւորեցնող միջոցառումներին ընդառաջ

Այսօր «Արարատ» մարզաւանում մեկնարկելու են 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:
Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնած այս խաղերը, անկասկած, յաջողւած նախագիծ է, որն առաջին հերթին կոչւած է պահպանելու եւ ի ցոյց դնելու իրանահայ համայնքի սպորտային կենսունակութիւնն ու կարողականութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Այսօր «Արարատ» մարզաւանում մեկնարկելու են 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:
Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնած այս խաղերը, անկասկած, յաջողւած նախագիծ է, որն առաջին հերթին կոչւած է պահպանելու եւ ի ցոյց դնելու իրանահայ համայնքի սպորտային կենսունակութիւնն ու կարողականութիւնը:
Համահայկական խաղերն առողջ մարմնում‘ առողջ ոգի ճանաչւած կարգախօսի մարմնաւորողն են եղել, որոնք քարոզել են առողջ ապրելակերպն ու իւրայատուկ ցատկահարթակ են հանդիսացել իրանահայ մարզիկ-մարզուհիների համար՝ ցուցադրելու իրենց կարողութիւններն ու նւաճելու սպորտային բարձրունքները:
Քանի քանիսն են տարբեր մարզաձեւերում, Իրանի ազգային հաւաքականներում հանդէս եկած (եւ եկող), չեմպիոնական տարբեր կոչումներ նւաճած այն մարզիկ-մարզուհիները, որոնք իրենց սպորտային մկրտութիւնը ստացել են հէնց Համահայկական խաղերում:
Հէնց առաջին շրջանից սկսեալ, Համահայկական խաղերը նաեւ վերածւել են համայնքային կարեւոր նշանակութեան այն միջոցառմանը, որն ամէն տարի համախմբել է իրանահայ համայնքի տարբեր շրջանների ներկայացուցիչներին, տարիների ընթացքում հնարաւորութիւն տալով հազարաւոր երիտասարդների նոր կապեր հաստատելով՝ ծանօթանալ եւ մտերմանալ միմեանց հետ:
Սփիւռքեան պայմաններում, Համահայկական խաղերն իրարայաջորդ սերունդների մօտ սերմանել ու արմատաւորել են հայրենասիրութիւնը, հայ մարդուն եւ հայ մարզիկին բնորոշ մարդկային ու բարոյա-հոգեբանական բարձր յատկանիշերը:
Հայաստանի վերանկախացումից ի վեր, մինչ Մայր Հայրենիքում կազմակերպւող Համահայկական համաշխարհային խաղերը, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւած Համահայկական խաղերն ընդունել են նաեւ նոր գործառոյթ՝ վերածւելով Հայրենիքը-Սփիւռքի հետ կամրջող իւրայատուկ միջոցառման:
Բազմաթիւ են եղել Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Վրաստանից սպորտային այն խմբերը, որոնք այս տարիների ընթացքում մասնակցել են Համահայկական խաղերին:
48-րդ շրջանի Համահայկական խաղերը եւս բացառութիւն չեն: Մասնակիցների թւում են Հայաստանից, Արցախից եւ Վրաստանից ժամանած սպորտային պատւիրակութիւնները: Իսկ ամենակարեւորը. այս տարւայ այս տարւայ խաղերի բացման արարողութիւնը նշանաւորւելու է Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանի մասնակցութեամբ, որն ինչ խօսք աւելի է ոգեւորելու եւ խրախուսելու խաղերի մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ վերածւելով յաւելեալ խթանի, որն անկասկած նպաստելու է մեր համայնքի սպորտային կեանքի բարգաւաճմանը:
Ոչ պակաս նշանակութիւն ունի նաեւ «Ալիք»-ի 85-ամեակի տօնակատարութեան առիթով հայաշխարհի մամուլի ներկայացուցիչների ժամանումն Իրան, որը մարմնաւորելու է Հայկական աշխարհի մեդիա հատւածի համախմբումն ու կարող է նոր նախագծերի, քարոզչական-լրատւական թարմ մտքերի գէներացման առիթ դառնալ:
Անշուշտ տօնական երանգաւորումով յագեցած այս միջոցառումներն ապագայում պարտաւորեցնող են լինելու իրանահայ խոշորագոյն մարզամշակութային կազմակերպութեան եւ միակ օրաթերթի համար:
Մենք պարտաւոր ենք ամբողջութեամբ կլանելու, նիւթականի վերածելու եւ իրանահայութեանը վերադարձնելու դրական էներգիայի այն հսկայական պաշարը, որն առաջիկայ օրերում տիրական է լինելու ողջ համայնքում:
Դա մեր՝ թէ՛ «Ալիք»-ի, եւ թէ՛ «Արարատ»-ի առաքելութիւնն է, որը պէտք է լիարժէք ու պատւով կատարենք:

Յարակից լուրեր

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են
    Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք
    Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։