Հա

Օրակարգ

22/10/2016

Վտանգաւոր սադրանք՝ յստակ մեսիջով

Եթէ, ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի նախօրէին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում Բաքւի նախաձեռնած հերթական սադրանքը դիտարկենք վերջին շրջանում ԼՂ-ի հակամարտութեան շուրջ տեղի ունեցող զարգացումների, եւ դրանց հետեւած յայտարարութիւնների ֆոնին, ապա պարզ է դառնում, որ դա, իր տեսակում, ինչ-որ տեղ վտանգաւոր՝ զգուշացնող ազդանշան է, որն ունի պարզորոշ մեսիջ եւ նպատակներ՝ յստակ հասցէտէրերով.

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Եթէ, ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի նախօրէին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում Բաքւի նախաձեռնած հերթական սադրանքը դիտարկենք վերջին շրջանում ԼՂ-ի հակամարտութեան շուրջ տեղի ունեցող զարգացումների, եւ դրանց հետեւած յայտարարութիւնների ֆոնին, ապա պարզ է դառնում, որ դա, իր տեսակում, ինչ-որ տեղ վտանգաւոր՝ զգուշացնող ազդանշան է, որն ունի պարզորոշ մեսիջ եւ նպատակներ՝ յստակ հասցէտէրերով.
Առաջին. Արցախի անկախութեան ճանաչման կապակցութեամբ Բաքւի վրայ գործադրւող ճնշումների եւ այսպէս կոչւած «հնարաւոր զիջումների» ադրբեջանական առաւելագոյն շեմի մասին Ալիեւի բարձրաձայնումներից յետոյ, դիւերսիոն ներթափանցման փորձի սադրիչ քայլը, այն էլ ՄԽ-ի համանախագահների այցի նախօրէին, յստակ մեսիջ է միջազգային հանրութեանն այն մասին, որ պաշտօնական Բաքուն դժգոհ է հակամարտութեան կարգաւորման ներկայ իրավիճակից, եւ փորձում է ցանկացած գնով ազատւել Վիեննայում եւ աւելի ուշ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների անյապաղ ու անպայման կատարման պարտադրանքից:
Դեռ աւելին՝ Բաքուն փորձում է հնարաւորինս յետ պտտեցնել հիմնախնդրի կարգաւորման գործընթացի անիւը՝ սլաքը կանգնեցնելով 1996 թւականի վրայ, երբ, դեռեւս, խօսւում էր Ադրբեջանի տարածքում ԼՂ-ի լայն ինքնավարութեան հնարաւորութեան մասին:
Երկրորդ. Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ, «կայծակնային յաղթանակ»-ի հասնելու ծրագրի կատարեալ տապալումից յետոյ, կրտսեր Ալիեւը փորձում է սեփական ժողովրդին ներկայանալ «սուպեր հայրենասէր»-ի կերպարով, որը դիմակայում է գործադրւող արտաքին բոլոր ճնշումներին եւ առիթը բաց չի թողնում օգտագործել ցանկացած հնարաւորութիւն՝ վերականգնելու այսպէս կոչւած Ադրբեջանի «տարածքային ամբողջականութիւնը»:
Սա սեփական հասարակութեան մօտ կեղծ հայրենասիրութեան, ծայրայեղական տրամադրութիւնների հրահրման աւանտիւրիստական վտանգաւոր փորձ է, որը կոչւած է օգտագործելու ամբոխային տրամաբանութիւնը՝ բանակցային գործընթացը տապալելու նպատակով:
Երրորդ. Միջազգային հանրութիւնից եւ սեփական հասարակութիւնից բացի, նման քայլերի միւս հասցէատէրը ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են:
Այն մէկ անգամ եւս յուշում է ապրիլեան պատերազմից յետոյ, Արցախի սահմանի երկայնքով, քանակական եւ որակական փոփոխութիւնների վերանայման անհրաժեշտութեան մասին:
Սա վկայում է բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումների հնարաւորինս կարծրացման եւ յստակեցման անհրաժեշտութեան մասին:
Հայկական կողմը պէտք է պնդի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների անյապաղ կատարման վրայ՝ բանակցային գործընթացի շարունակութիւնը կապելով բացառապէս այդ պայմանաւորւածութիւնների կատարմամբ:
Բացի այդ, օրակարգից պէտք է բացառւի տարածքային զիջումների հնարաւորութիւնը: Հայկական կողմը պէտք է որդեգրի այնպիսի քաղաքականութիւն, որը միջազգային հանրութեանը վերջնականապէս կը պարտադրի այն իրողութիւնը, որ Արցախի ապագայ անվտանգութիւնը, տարածաշրջանում վերջնական եւ կայուն խաղաղութեան կայացումն ուղղակիօրէն կապւած է այն հանգամանքի հետ, թէ ում ձեռքում կը լինեն այդ տարածքները:
Եւ վերջապէս, հայկական կողմը պէտք է առաջին հերթին Բաքւի իշխանաւորներին, իսկ յետոյ, նաեւ միջազգային հանրութեանը մէկ անգամ ընդմիշտ յստակ հասկացնել տայ, որ նման սադրիչ գործողութիւնների շարունակութեան դէպքում, հայկական ԶՈՒ-ի պատասխանը կը լինի չափազանց հզօր եւ ցաւոտ:
Սա ոչ մի պայմանաւորւածութիւն չյարգող, ամէն ինչի պատրաստ հակառակորդին սանձելու ամենաուղիղ եւ ամենաարդիւնաւէտ ճանապարհն է:
Իսկ, այս համատեքստում չի կարելի չհամաձայնւել ՀՀ պաշտպանութեան նորանշանակ նախարար Վիգէն Սարգսեանի այն մտքի հետ, երբ գնահատելով իրավիճակը՝ մէջբերում է Իսրայէլի ժամանակի վարչապետ Գոլդա Մէյիրի խօսքերն այն մասին, որ հակառակորդը կը դադարեցնի սադրանքները միայն այն ժամանակ երբ «Կը սիրի իր զաւակներին աւելի շատ, քան ատում է մեր զաւակներին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։