Հա

Օրակարգ

23/10/2016

Նախագահի նոր փորձութիւնը

Թեհրանի քաղաքական-լրագրողական շրջանակներում շրջանառւող լուրերի համաձայն՝ Հանրապետութեան նախագահն այսօր Իսլ. խորհրդարանին կը ներկայացնի կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի իր թեկնածուներին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Թեհրանի քաղաքական-լրագրողական շրջանակներում շրջանառւող լուրերի համաձայն՝ Հանրապետութեան նախագահն այսօր Իսլ. խորհրդարանին կը ներկայացնի կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի իր թեկնածուներին:
Հաւաստի աղբիւրները խօսում են այն մասին, որ կրթութեան նախարարի պաշտօնում կառաջադրւի Մոհամմադ Ալի Նաջաֆիի, մշակոյթի նախարարի պաշտօնում՝ Ռեզա Սալեհի Ամիրիի, իսկ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի պաշտօնում՝ Մասուդ Սոլթանիֆարի թեկնածութիւնը:
Յատկանշական է, որ տեւական լռութիւնից յետոյ, Հանրապետութեան նախագահը երէկ առաջին անգամ անդրադարձաւ կառավարութեան կազմում տեղի ունեցող փոփոխութիւնների թեմային՝ նշելով, որ երկրի նպատակը բարգաւաճումն ու առաջընթացն է, իսկ կառավարութեանը՝ ժողովրդին եւ հասարակութեանը ծառայել:
«Այս նպատակներն իրագործելու համար, յաճախ անհրաժեշտ է կայունութիւն, երբեմն էլ՝ փոփոխութիւն»,- ասել է նախագահը: Նա կառավարութեան կազմի որոշակի թարմացումը համարել է անխուսափելի անհրաժեշտութիւն՝ առկայ մարտահրաւէրները յաղթահարելու համար:
Անկասկած, կառավարութեան կազմում նկատւող որոշակի փոփոխութիւններն ու թարմացման փորձերը հիմնականում պէտք է դիտարկել 12-րդ նախագահական ընտրութիւնների ֆոնին:
Ակնյայտ է, որ գալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին նախագահ Ռոհանին փորձում է ուժերի վերադասաւորման եւ տեղաշարժի միջոցով որոշակիօրէն ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում, ինչպէս նաեւ հանրային կարծիքի մօտ: Սա ինչ-որ տեղ ուժի ցուցադրում է, որի տողատակերում թաքնւած քաղաքական մեսիջը յստակ է. նախագահը չի հրաժարւել նախորդ նախագահական ընտրութիւններում իր հռչակած ծրագրերից ու նպատակներից:
Թերեւս, այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ներկայացւած թեկնածուները, նախագահի մերձաւորագոյն օղակին մաս կազմող հէնց այն գործիչներն են, որոնց չյաջողւեց 11-րդ կառավարութեան ձեւաւորման պահին, հիմնականում պահպանողականներով համալրւած 9-րդ գումարման խորհրդարանից ստանալ վստահութեան քւէ:
Այս առումով խորհրդարանական առաջիկայ քննարկումները խոստանում են լինել բաւականին հետաքրքիր եւ ուշագրաւ, քանի որ դրանք կարող են լինել որոշակի փորձաքար՝ գործադիր-օրէնսդիր հետագայ գործունէութեան համար:
Կայանալիք քննարկումներից յետոյ, պատգամաւորների քւէարկութեան պատկերը կը պարզի, թէ 12-րդ նախագահական ընտրութիւններում հաւանական յաղթանակի դէպքում, խորհրդարանի հետ յարաբերութիւններում ինչ նշանակութեան եւ որակի մարտահրաւէրներ են սպասւում գործող նախագահին:
Կը յստակեցւի, թէ նա կը կարողանա՞յ արդեօք կեանքի կոչել դեռեւս նախորդ նախագահական ընտրութիւնների ժամանակ հասարակութեան մեծամասնութեան հաւանութեանն արժանացած, իր հռչակած հիմնարար ծրագրերն ու սկզբունքները, թէ դրանք այդպէս էլ կը մնան թղթի վրայ գրւած բարի ցանկութիւններ ու բաղձանքներ՝ հասարակութեանը հրամցւած հերթական ընտրութիւններից առաջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։