Հա

Օրակարգ

24/10/2016 - 13:10

Մոսուլի անակնկալներին սպասելիս

Իրաքի բանակի յատուկ նշանակութեան ջոկատներն ու քուրդ աշխարհազօրայինները մօտեցել են Մոսուլի մատոյցներին:
Քաղաքի ազատագրումը միանշանակ է: Մոսուլում, ԴԱԷՇ-ի հարցն, ըստ ամենայնի կը լուծւի: Քաղաքի վերջնական ազատագրումից յետոյ, սակայն, կարեւորը ոչ այնքան ԴԱԷՇ-ի ապագայ ճակատագիրն է, այլ, հէնց ինքը՝ Մոսուլը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Իրաքի բանակի յատուկ նշանակութեան ջոկատներն ու քուրդ աշխարհազօրայինները մօտեցել են Մոսուլի մատոյցներին:
Քաղաքի ազատագրումը միանշանակ է: Մոսուլում, ԴԱԷՇ-ի հարցն, ըստ ամենայնի կը լուծւի: Քաղաքի վերջնական ազատագրումից յետոյ, սակայն, կարեւորը ոչ այնքան ԴԱԷՇ-ի ապագայ ճակատագիրն է, այլ, հէնց ինքը՝ Մոսուլը:
Ռազմավարական բացառիկ նշանակութեան այս քաղաքը դեռեւս նախորդ դարի սկզբից յայտնւել է Հիւսիսային Իրաքում ծաւալւող աշխարհաքաղաքական ցանկացած նշանակութեան գրեթէ բոլոր իրադարձութիւնների էպիկենտրոնում: Դրանք, գրեթէ առանց բացառութեան ծաւալւել են հէնց այս քաղաքի վրայ վերահսկողութեան սահմանելու առանցքի շուրջ:
Մոսուլը համարւում է Միջագետքի դարպասը: Գաղտնիք չէ, որ Մոսուլը վերահսկողը, վերահսկողութիւն կը սահմանի նաեւ Հիւսիսային Իրաքի ողջ շրջանի, այդ թւով, նաեւ նաւթարդիւնաբերութեան խոշորագոյն կենտրոն համարւող Քիրքուք քաղաքի վրայ: Այս մասին բազմիցս գրել, խօսել ու բարձրաձայնել են ամենատարբեր փորձագէտներն ու պատմաբանները:
Եւ հէնց սա է պատճառը, որ Թուրքիան երբեք չի թաքցրել Մոսուլի նկատմամբ իր յաւակնութիւնները: Յիշենք, դեռւես, նախորդ դարասկզբին գերմանացիների օգնութեամբ կառուցւող «Բաղդադի երկաթգծի» նախագծի եւ աւելի ուշ, 1920-ական թւականներին՝ հանրապետական Թուրքիայի ձեւաւորման տարիներին Մոսուլի նկատմամբ Աթաթուրքի յաւակնութիւնների մասին:
Սայքս-Փիքոյի եւ Լօզանի պայմանագրերի կեանքի կոչման եւ Իրաք պետութեան ձեւաւորման արդիւնքում, Թուրքիան ստիպւած եղաւ տասնամեակներ շարունակ սառեցնել Մոսուլի բռնակցման կամ դրա վրայ կատարեալ վերահսկողութիւն սահմանելու ռազմավարական նշանակութեան իր հեռահար նպատակները:
Այս դարասկզբում, Իրաքի կենտրոնական իշխանութիւնների կազմաքանդումը հնարաւորութիւն ընձեռեց Անկարային վերակտիւացնելու այսպէս կոչւած «Մոսուլեան նախագիծ»-ը:

ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումից Մոսուլի ազատագրումը պատեհ առիթ էր պաշտօնական Անկարայի համար իր ոտնատեղն ամրապնդելու Մոսուլում: Եւ բնաւ էլ պատահական չէր, որ Մոսուլի գործողութեան նախօրէին Թայիբ Էրդողանը միանգամից որոշեց խօսել Լօզանի պայմանագրի մասին:
Յիշենք միայն Լօզանի հետ կապւած նրա բացասական այս յայտարարութիւնը. «Ոմանք մեզ փորձել են համոզել, որ Լօզանը Թուրքիայի համար յաղթանակ է»:
Չի կարելի չհամաձայնւել թուրքական «Էւրենսէլ» պարբերականի սիւնակագիր Իւսուֆ Քարաթաշի այն մտքի հետ, որ «դրանով նա փաստացի յայտարարում էր, որ Լօզանի ժամանակ կորցրածները յետ բերելու ժամանակն է»: Իսկ Լօզանում Թուրքիայի այսպէս կոչւած միակ «կորուստը» Մոսուլն էր:
Մոսուլում, սակայն, Անկարայի նախագծերը գոնէ այս պահի դրութեամբ ձախողեցին: Դա հիմնականում պայմանաւորւած էր Իրաքի կենտրոնական իշխանութիւնների սկզբունքային դիրքորոշմամբ, պաշտօնական Թեհրանի մտածւած ու հաւասարակշիռ քաղաքականութեամբ, ինչպէս նաեւ Իրաքի եւ Իրաքի քրդական ինքնավարութեան գոյութեանը սպառնացող վտանգը չէզոքացնելու ԱՄՆ-ի ցանկութեամբ:
Սա, իհարկէ, բացառապէս չի նշանակում Թուրքիայի կատարեալ պարտութիւնը: Ինչ խօսք, այս փուլում Անկարան կրեց դիրքային պարտութիւն: Սակայն, չպէտք է անտեսել այն իրողութիւնը, որ ամէն ինչ դեռեւս առջեւում է: Դեռ աւելին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցերով փորձագէտների կարծիքով՝ շախմատային բարդագոյն այս պարտիայի հիմնական ու վճռորոշ փուլը կը մեկնարկի Մոսուլի ազատագրումից անմիջապէս յետոյ, երբ դերակատար բոլոր ուժերը կը սկսեն տարածաշրջանում վերադիրքաւորւելու փորձերը:
Երկու կարծիք լինել չի կարող. Թուրքիան երբեւէ չի հրաժարւելու Մոսուլի նկատմամբ իր յաւակնութիւններից: Դա միանշանակ է: Այդ մասին է վկայում Մոսուլի կապակցութեամբ, Բուրսա քաղաքում տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ Թայիբ Էրդողանի ամենավերջին յայտարարութիւնը:
Ուշադրութիւն դարձրէք նրա խօսքերին. «Մոսուլն էլ, Քիրքուքն էլ անցեալում մերն է եղել: Ինչո՞ւ էք վրդովւում, ես պատմութեան դաս եմ տալիս ձեզ, հասկացէ՛ք (խօսքն ուղղելով Իրաքի իշխանութիւններին-ԽՄԲ.): Մենք տեղացի ենք, մենք հայրենասէր ենք»: (Մէջբերումը «tert.am»-ից է-ՀԵՂ.)
Թէեւ աւելի ուշ, նա փորձել է շտկել իր յայտարարութիւնն ասելով, թէ Թուրքիան աչք չունի Իրաքի հողերի վրայ, այնուամենայնիւ, ակնյայտ է, որ պաշտօնական Անկարան դարանակալած սպասում է պատեհ առիթի՝ իրադարձութիւնների ընթացքն իր օգտին փոխելու համար: Իսկ սա նշանակում է, որ մեծ հաւանականութեամբ մենք ականատես ենք լինելու տարածաշրջանային նոր լարւածութեան, որի մի կողմում կանգնած է լինելու Թուրքիան, իսկ միւս կողմում արաբական աշխարհն ու Իրանը:
Անշուշտ, արաբական երկրները չեն հանդուրժելու Իրաքի տարածքի մի մասում Թուրքիայի ներկայութեան ամրակայումը՝ այդ տարածքների բռնակցման հեռանկարով, իսկ Իրանի համար բացարձակապէս անընդունելի է լինելու իր վաղեմի ախոյեանի նման հաւանական յաջողութիւնը ռազմավարական բացառիկ նշանակութիւն ունեցող այնպիսի շրջանում, ինչպիսին է Հիւսիսային Իրաքը: Չմոռանանք նաեւ Թել Աւիւի մասին, որի համար ռազմավարական մեծագոյն նշանակութիւն ունի Իրաքի քրդական ինքնավարութեան վերածումը անկախ պետական միաւորի: Իսկ այդ պետական միաւորումը պարզապէս չի կարող կեանքի կոչւել առանց Մոսուլ-Քիրքուք առանցքի:
Այնպէս, որ զինւենք համբերութեամբ: Մոսուլը դեռ բազում հետաքրքիր անակնկալներ ունի մեզ մատուցելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։