Հա

Օրակարգ

26/10/2016

Թուրքական լարախաղացութիւն՝ անորոշ հետեւանքներով

Վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդէս է եկել ուշագրաւ երկու յայտարարութեամբ:
Խօսելով Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հիւսիսում իրականացւող գործողութիւնների մասին, սպառնացել է, որ իրենք կանեն հնարաւոր ամէն ինչ, որպէսզի խոչընդոտեն Սինջարում «Քուրդստանի Բանւորական» կուսակցութեան դիրքերի ամրացմանը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդէս է եկել ուշագրաւ երկու յայտարարութեամբ:
Խօսելով Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հիւսիսում իրականացւող գործողութիւնների մասին, սպառնացել է, որ իրենք կանեն հնարաւոր ամէն ինչ, որպէսզի խոչընդոտեն Սինջարում «Քուրդստանի Բանւորական» կուսակցութեան դիրքերի ամրացմանը:
Աւելի ուշ, անդրադառնալով Սիրիայում ընթացող ռազմական գործողութիւններին, նա յայտարարել է, որ Անկարան սեփական ուժերով, առանց Միացեալ Նահանգների օգնութեան էլ կարող է ահաբեկիչներին դուրս հանել Սիրիայից:
Միաժամանակ ռուսական «Իզւեստիա» թերթը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստւում են հետախուզական տւեալներով փոխանակւել Սիրիայի տարածքում թուրքական ԶՈՒ-ի «Եփրատի վահան» գործողութեան իրականացման համար:
Թէեւ, մեղմ ասած, պարզամտութիւն կը լինի խօսել Արեւմուտքի հետ Թուրքիայի յարաբերութիւնների կազմաքանդման մասին, այդուհանդերձ վերջին իրադարձութիւնները, ինչպէս նաեւ Էրդողանի՝ Պուտինի հասցէին հնչեցրած շռայլ գովասանական յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Արեւմուտքի եւ Թուրքիայի յարաբերութիւններում հասունանում է հերթական լուրջ լարւածութիւնը, որի պատճառներն էլ պարզ են:
Արեւմուտքը՝ յատկապէս ԱՄՆ-ն արդէն վաղուց յստակ հասկացնել են տւել, թէ տարածաշրջանում որոնք են այն սահմանները, որտեղ կարող է խաղալ Անկարան: Արեւմուտքում չեն ցանկանում, որ Թուրքիայի դիրքերը հիմնարար ամրապնդւեն տարածաշրջանում:
Արեւմուտքը չի կարող թոյլ տալ, որպէսզի Մոսուլը յայտնւի Թուրքիայի վերահսկողութեան ներքոյ, իսկ Սիրիայի հիւսիսում չէզոքացւեն քրդերը: Դա տրամագծօրէն հակասում է Արեւմուտքի տարածաշրջանային ռազմավարութեանն ու շահերին:
Միւս կողմից, Թուրքիան տեւական ժամանակ է, ինչ հասկացնել է տւել տարածաշրջանային իր նկրտումների եւ հեռահար նպատակների մասին, որից միանշանակօրէն հրաժարւել չի պատրաստւում, եւ հէնց դա է պատճառը, որ պաշտօնական Անկարան առիթը բաց չի թողնում տարբեր տրամաչափի եւ նշանակութեան պաշտօնեաների յայտարարութիւնների միջոցով բարձրաձայնել իր դժգոհութեան մասին ու փորձել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները դիտարկել որպէս հնարաւոր այլընտրանք, ինչու չէ նաեւ շանտաժի միջոց՝ Արեւմուտքից ցանկալին ստանալու համար:
Թուրքիայի նման համարձակ գործողութիւնները ինչ-որ տեղ պայմանաւորւած են երկրում, հասարակութեան մօտ, ազգայնական տրամադրութիւնների եւ Արեւմուտքի նկատմամբ անվստահութեան կտրուկ աճով, ինչը Թուրքիայի իշխանութիւններին, Արեւմուտքի հետ յարաբերութիւններում, մանեւրի բաւականին մեծ հնարաւորութիւններ է ընձեռում:
Թէեւ, փորձը ցոյց է տւել, որ Անկարան երբեք չի քայլելու Արեւմուտքի հետ իր յարաբերութիւնների վերջնական կազմաքանդման ուղղութեամբ, այդուհանդերձ, երկկողմ յարաբերութիւններում լարւածութեան կտրուկ աճն էլ կարող է յղի լինել անդառնալի հետեւանքներով:
Չմոռանաք, որ վերջին մէկուկէս տասնամեակում Թուրքիայի տնտեսութեան թռիչքային աճը հիմնականում պայմանաւորւած է եղել Արեւմտեան կապիտալի ներդրումով, իսկ երկրի անվտանգութիւնն ու տարածաշրջանում Անկարայի դերի, կշռի ու նշանակութեան կտրուկ աճը, նոյնպէս, պայմանաւորւած է եղել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցութեամբ եւ Արեւմուտքի հետ դաշնակցութեամբ:
Անշուշտ, Թուրքիայի համար Ռուսաստանը միանշանակօրէն չի կարող հանդիսանալ համարժէք ու հաւասարազօր այլընտրանք ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգութեան ոլորտում, եւ հէնց այդ հանգամանքն է, որ փորձագէտներին ստիպում է հիմնականում կասկածով վերաբերւել Թուրքիայի նման ռիսկային մարտավարութեան արդիւնաւէտութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։