Հա

Օրակարգ

30/10/2016

Որակական նոր փուլ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւններում

Իրան է ժամանելու ՀՀ կառավարութեան պատւիրակութիւն՝ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ:
Այցի նպատակը երկու երկրների միջեւ գազի արտահանման բնագաւառում համագործակցութեան ընդլայնումն է:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Իրան է ժամանելու ՀՀ կառավարութեան պատւիրակութիւն՝ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ:
Այցի նպատակը երկու երկրների միջեւ գազի արտահանման բնագաւառում համագործակցութեան ընդլայնումն է: Նախատեսւում է, որ վաղը կողմերի միջեւ կը ստորագրւի գազի առք ու վաճառքի մասին համաձայնագիր, որի մասին դեռեւս մի քանի օր առաջ յայտարարել էր ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:
Յիշեցման կարգով նշենք, թէ էներգետիկ ոլորտում երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցութիւնը սաղմնաւորւել էր դեռեւս մի քանի ամիս առաջ, Յովիկ Աբրահամեանի վարչապետութեան օրօք, երբ Իրան էր ժամանել ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Լեւոն Եօլեանը: Նա Թեհրանում քննարկել էր հարեւան երկու երկրների միջեւ գազային համագործակցութեան, այդ թւում նաեւ Հայաստանի տարանցիկ ճանապարհով իրանական գազը Վրաստան տեղափոխելու հնարաւորութիւնը:
Հայաստանեան փորձագիտական-լրագրողական շրջանակները շտապել են ոգեւորութեամբ արձագանգել Թեհրան-Երեւան էներգետիկ համագործակցութեան փաստին:
Ակնյայտ է, որ հնարաւոր գործարքն ունի ռազմավարական մեծ նշանակութիւն: Կայացման դէպքում, այն միանշանակօրէն ի զօրու է փոխել տարածաշրջանային էներգետիկ քարտէզը՝ էականօրէն ազդելով նաեւ ուժերի յարաբերակցութեան եւ միջպետական յարաբերութիւնների վրայ:
Եւ հէնց այդ պատճառով էլ դեռեւս ամիսներ առաջ, տարածաշրջանային ռազմավարական նշանակութեան գլոբալ նախագծերից Հայաստանի կատարեալ մեկուսացումը պահպանելու, Հայաստանի վրայով դէպի Վրաստան իրանական գազի տարանցման նախագիծը տապալելու նպատակով ադրբեջանական նաւթային ընկերութիւնը շտապեց Թբիլիսիին առաջարկել բացառիկ պայմաններով գազային նոր պայմանագիր, որը նախատեսում էր էականօրէն աւելացնել դէպի Վրաստան մատակարարւող գազի ծաւալները՝ միաժամանակ զգալիօրէն նւազեցնելով նաեւ մատակարարւող գազի գինը:
Սա Ադրբեջանի համար ունէր ռազմավարական մեծ նշանակութիւն նաեւ այն առումով, որ տապալելով հայկական նախագիծը, Բաքուն կը բացառէր նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վրայով դէպի Եւրոպա իրանական գազի տարանցման հնարաւորութիւնը՝ Եւրոպայի համար մնալով որպէս ռուսական գազի միակ այլընտրանք:
Չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն կարծիքի հետ, որ գազ արտահանման ոլորտում հայ-իրանական հնարաւոր գործարքը պէտք է դիտարկել հէնց այս ֆոնին:
Դրա ռազմավարական նշանակութիւնը հակիրճ այսպէս կարելի է ամփոփել.
Առաջին. Այն կարեւոր հարւած է Հայաստանի կատարեալ մեկուսացմանն ուղղւած թուրք-ադրբեջանական նախագծին՝ կտրուկ մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակութիւնը:
Երկրորդ. Այն էականօրէն նպաստելու է թուրք-ադրբեջանական առանցքից Վրաստանի կախւածութեան նւազմանը, ինչը ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Թեհրանի եւ Երեւանի համար:
Երրորդ. Եթէ այս գործարքը դիտարկենք Իրան-Հայաստան-Վրաստան եւ Ռուսաստան էլցանցերի միացման նախագծի կողքին, ապա ակնյայտ է դառնում, որ աստիճանաբար ձեւաւորւում է Երեւանի եւ Թբիլիսիի վրայով դէպի Մոսկւա ձգւող էներգետիկ միջանցք, որը երկարատեւ կտրւածքով կարող է նպաստել տարածաշրջանում ուժերի յարաբերակցութեան վերաձեւմանը՝ էականօրէն նպաստելով տարածաշրջանային անվտանգութեան եւ խաղաղութեան ամրապնդմանն ու կայացմանը:
Չորրորդ. Երկարատեւ կտրւածքով այն կարող է նւազեցնել նաեւ Հայաստանի էներգետիկ կախւածութիւնը Ռուսաստանից՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ անվտանգութեան մակարդակի էական բարձրացմանը:
Իհարկէ, չպէտք է անտեսենք այն իրողութիւնը, որ գործարքը չէր կայանայ, եթէ չլինէր ռուսական կողմի համաձայնութիւնը: Չմոռանանք այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան գազատարը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերութեան, ինչն էլ ստիպում է փորձագիտական շրջանակներին Երեւանին եւ Թեհրանին յուշել չափազանց ճկուն եւ հեռատես գործողութիւնների անհրաժեշտութեան մասին:
Հինգերորդ. Հնարաւոր այս գործարքը բացարձակապէս որակական նոր փուլ է բարձրացնելու հայ-իրանական յարաբերութիւնները՝ ամրապնդելով Իրան-Հայաստան տարածաշրջանային նշանակութեան ռազմավարական առանցքը, ինչը մեծ նշանակութիւն ունի Հայաստանի ազգային անվտանգութեան համար: Այն, իհարկէ, ոչ պակաս կարեւոր է նաեւ պաշտօնական Թեհրանի համար, հաշւի առնելով այն հանգամանքը, թէ յետպատժամիջոցեան ժամանակաշրջանում իրանական տնտեսութեան համար առանցքային ինչպիսի նշանակութիւն ունեն այլընտրանքային տնտեսական-էներգետիկ նախագծերը:
Իսկ վերջում եւս մէկ դիտարկում. հարեւան երկու երկրների ռազմավարական նշանակութեան բարեկամական յարաբերութիւնների անխափան զարգացման ընթացքը կարող է քաղաքակրթական յարգանքի, հասկացողութեան եւ հանդուրժողականութեան բացառիկ ուղենիշ հանդիսանալ պատերազմների, ատելութեան եւ պառակտման գեհենում վառւող ողջ Մերձաւոր Արեւելքի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։