Հա

Օրակարգ

31/10/2016 - 14:10

«Նոր զարթօնք» շարժման անդամ.- «Շատերը, Թուրքիայի քաղաքացի լինելով, իրենց ապահով չզգացին եւ որոշեցին լքել երկիրը»

Թուրքիայի «Նոր զարթօնք» շարժման անդամ Սայեաթ Թեքիրի ասութեամբ՝ ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները Թուրքիայում խնդիրներ միշտ էլ ունեցել են, սակայն այս տարւայ յուլիսին եղած յեղաշրջման փորձից յետոյ երկրում նրանց արտագաղթն ուժգնացաւ:

Թուրքիայի «Նոր զարթօնք» շարժման անդամ Սայեաթ Թեքիրի ասութեամբ՝ ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները Թուրքիայում խնդիրներ միշտ էլ ունեցել են, սակայն այս տարւայ յուլիսին եղած յեղաշրջման փորձից յետոյ երկրում նրանց արտագաղթն ուժգնացաւ:
«Թուրքիայում Էրդողանի իշխանութեան գալուց յետոյ անգամ թուրքերի մէջ խօսք եղաւ արտագաղթի մասին: Վերջին տարում արտագաղթի թեման աւելի ակտիւացաւ, մանաւանդ նախորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Դրանից յետոյ Թուրքիայում դեմոկրատիան ընդհանրապէս վերացաւ»,- ասաց նա՝ նշելով, թէ քանի որ Թուրքիայում էլ մշտապէս սպանութիւններ, ահաբեկչութիւններ են ունենում, ժողովուրդը վախի մթնոլորտի մէջ է:

Յիշեցնենք, որ Թուրքիայում կրօնական արտագաղթի մասին վերջերս բարձրաձայնել էր Թուրքիայում հրապարակւող «Ակօս» պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայում վերջին խորհրդարանական ընտրութիւններից, թուրք-քրդական բախումների վերսկսումից եւ յուլիսի 15-ի յեղաշրջման փորձից ի վեր տեղի ունեցող զարգացումներն ու օր-օրի շատացող ահաբեկչական յարձակումները բարդ դրութեան մէջ են դրել յատկապէս Թուրքիայի կրօնական փոքրամասնութիւններին:
Ըստ Սայեաթ Թեքիրի՝ յուլիսի յեղաշրջման փորձից յետոյ հայերի յոյսը մարեց, որ Թուրքիան երբեւէ կը փոխւի՝ կը լինի իրեն բարեկամ. «Յատկապէս քանի որ հայերի թաղամասերի մօտ յեղաշրջման փորձի ժամանակ կրակոցներ կային, ռազմական օդանաւերն այդ կողմում էին, այնտեղ էին գտնւում կարեւոր նշանակութեան օբիեկտները: Հայերը, նաեւ՝ այլ ազգային փոքրամասնութիւններն էլ փաստօրէն շատ մեծ վախ ապրեցին, եւ շատերը, Թուրքիայի քաղաքացի լինելով՝ իրենց ապահով չզգացին եւ որոշեցին լքել երկիրը»:
«Նոր զարթօնք»-ի անդամը վկայակոչեց տուրիստական գործակալութիւնների վիճակագրութիւնը, որով պարզ է դառնում, որ Թուրքիայից արտագաղթողների թիւը 9 անգամ աւելացել է:
Հարցին՝ արդեօք իրենց նախաձեռնութիւններում ներգրաււած մարդկանց թւաքանակով չե՞ն կարող որոշել՝ հայերի թիւը համայնքում քչացել է, Սայեաթ Թեքիրը պատասխանեց, որ իրականում համայնքը ակտիւօրէն չի ներգրաււում իրենց նախաձեռնութիւններում: Ըստ նրա՝ դա պայմանաւորւած է ե՛ւ նրանով, որ մեծ մասը արտագաղթել է, ե՛ւ նաեւ նրանով, որ պետութեան վարած քաղաքականութեան պատճառով շատերը վախենում են ներգրաււել քաղաքականութեան մէջ:
«Միայն հայերի մօտ չէ այդ խնդիրը. Թուրքիայի բոլոր կազմակերպութիւններում էլ նման վիճակ է: Անընդհատ ռումբեր են պայթում, վերջերս էլ պայթեց, հայ վիրաւորւեց: Այս ռումբերի պատճառով էլ մարդիկ վախենում են փողոց դուրս գալ»,- նշեց Սայեաթ Թեքիրը:
Նա յիշատակեց նաեւ Պոլսոյ պատրիարքի սպասւող ընտրութիւնների մասին՝ նշելով, որ այդ թեմայի շուրջ էլ պէտք է որ լինեն նոր բանավէճեր, բայց հաշւի առնելով այն հանգամանքը, որ վերջին մէկ տարւայ մէջ հայերը պասիւացել են երկրի քաղաքական, հասարակական շարժումներում, հիմա էլ ակտիւ քննարկումներ չի սպասում:
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից տարւո՞ւմ է յատուկ քաղաքականութիւն, որ քրիստոնեաները՝ մասնաւորապէս հայերը լքեն Թուրքիան, Սայեաթ Թեքիրը պատասխանեց. «Պէտք է ասել, որ հայերի կամ ընդհանրապէս քրիստոնեաների թիւը Թուրքիայում ամբողջ բնակչութեան մէկ տոկոսից ցածր է: Դրա համար չենք կարող ասել, որ այդպիսի քաղաքականութիւն է տարւում: Բայց, անգամ այդ պարագայում՝ երկրի իրավիճակը հաշւի առնելով՝ արտագաղթում են: Բայց, եթէ խօսենք այլ փոքրամասնութիւնների մասին՝ ալեւիների, քրդերի մասին, պէտք է նշենք, որ Թուրքիան նման քաղաքականութիւն վարում է, որովհետեւ նրանք կազմում են բնակչութեան 10-20 տոկոսը»:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։