Հա

Օրակարգ

01/11/2016 - 13:10

Խօսքի անհետացող ազատութիւն, մահացող ժողովրդավարութիւն

Քաղաքագիտութիւնում կայ յստակ սահմանում. «Խօսքի ազատութիւնը դեմոկրատիայի՝ ժողովրդավարութեան ու քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման բաղկացուցիչ մասն է, պետութեան զարգացւածութեան ցուցիչը»:
Մեր օրերում քիչ չեն այն երկրները, որոնք այս կամ այն չափով ոտանահարելով խօսքի ազատութիւնը, այդուհանդերձ փորձում եւ ցանկանում են միջազգային հանրութեան աչքին երեւալ որպէս առաջադէմ եւ զարգացած երկիր:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Քաղաքագիտութիւնում կայ յստակ սահմանում. «Խօսքի ազատութիւնը դեմոկրատիայի՝ ժողովրդավարութեան ու քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման բաղկացուցիչ մասն է, պետութեան զարգացւածութեան ցուցիչը»:
Մեր օրերում քիչ չեն այն երկրները, որոնք այս կամ այն չափով ոտանահարելով խօսքի ազատութիւնը, այդուհանդերձ փորձում եւ ցանկանում են միջազգային հանրութեան աչքին երեւալ որպէս առաջադէմ եւ զարգացած երկիր:
Մինչ վերջերս, էրդողանական Թուրքիան եւս պատկանում էր այդ երկրների շարքին: 2001 թւականին իշխանութեան գալուց յետոյ, «Արդարութիւն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցութիւնը փորձեց միջազգային հանրութեան մօտ կտրուկ փոխել Թուրքիայի բացասական իմիջը: Եւ իսկապէս, խօսքի ազատութեան առումով, համեմատութեան որեւէ եզր չկար ԱԶԿ-ի իշխանութեան առաջին տարիների եւ նախորդ դարի 70-80 եւ 90-ական թւականների միջեւ, երբ լրագրողների ձերբակալութիւնն ու անհետացումը սովորական երեւոյթ էր թուրք հասարակութեան համար:
Խօսքի եւ մամլոյ յարաբերական այս ազատութիւնն սկսեց նահանջել, երբ արդէն Թուրքիայում հիմնովին ամրապնդւեց Թայիբ Էրդողանի եւ նրա գլխաւորած ԱԶԿ-ի դիրքերը:
Աստիճանաբար, դատական հետապնդման ենթարկւեցին այն անձինք եւ լրատւամիջոցները, որոնք փորձում էին ապահովել բազմակարծութիւն եւ այլակարծութիւն՝ համարձակւելով իշխանականին հակասող տեսակէտ յայտնել, կամ խօսել Էրդողանի, նրա անմիջական շրջապատի կամ կուսակցութեան դէմ: Առաւել տխուր էր նրանց ճակատագիրը, ովքեր հատում էին այսպէս կոչւած «կարմիր գծերը» (օրինակը՝ Հրանտ Դինք):
Չնայած այս բոլորին, թուրքական իշխանութիւնները շարունակում էին պնդել երկրում ժողովրդավարական գործընթացների դրական տեղաշարժի մասին՝ փորձելով շրջանցել երկրում հէնց իրենց՝ իշխանութիւնների կողմից բազմակարծութեան նկատմամբ սերմանւող սիստեմատիկ անհանդուրժողականութիւնը:
Վիճակը, սակայն, կտրուկ փոխւեց յուլիսի 15-ի զինւորական յեղաշրջման անյաջող փորձից յետոյ:
Սանձազերծւած կոյր ազգայնականութիւնն ու ամբոխավարութիւնն է՛լ աւելի սրեց Թուրքիայում խօսքի ազատութեան առանց այն էլ անմխիթար վիճակը: Էրդողանի սահմանած՝ «Կամ մեզ հետ, կամ մեր դէմ» խաղի միակ կանոնի պայմաններում լրագրողներն ու լրատւամիջոցները վերջին մէկուկէս տասնամեակում, առաւել քան երբեւէ յայտնւել են ճնշման տակ:
Ձերբակալւում են իշխանութիւնների համար այսպէս կոչւած «անհաճոյ» լրագրողները, խուզարկւում են խմբագրութիւնները, փակւում են լրատւամիջոցները:
Դրա ամենաթարմ եւ վերջին օրինակն այն էր, ինչ կատարւեց ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի հետ:
Թուրքական ոստիկանութիւնը յատուկ գործողութիւն իրականացրեց թերթի աշխատակիցների դէմ: Խուզարկութիւններ իրականացւեցին թերթի տնօրէնի, խմբագիրների եւ մի շարք սիւնակագիրների տներում: Ձերբակալւեց գլխաւոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:
«Cumhuriyet»-ն անշուշտ վերջինը չէ: Թուրքական իշխանութիւնների օրակարգում հաստատապէս կան նաեւ այլ լրատւամիջոցներ, որոնք կանգնած են նոյն վտանգի առջեւ, եւ առաջիկայում միանշանակօրէն արժանանալու են նոյն ճակատագրին:
Սա ինչ-որ տեղ տրամաբանական գործընթաց է, որն անհրաժեշտ է դիտարկել Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացների համատեքստում:
Թաւալգլոր դէպի կատարեալ բռնատիրութիւն գահավիժող Թուրքիային, որտեղ ամրապնդւում է մենատիրական համակարգ, խօսքի ազատութիւնը հակացուցւած է: Այդ տրամաբանութեամբ էլ մերժւում է ժողովրդավարական, ազատ մամուլի առկայութիւնը:
Սա նշանակում է, որ ոչ-հեռու ապագայում մենք գործ ենք ունենալու այնպիսի Թուրքիայի հետ, որտեղ այլեւս անկախ մամուլ գոյութիւն չի ունենալու: Թայիբ Էրդողանի թեթեւ ձեռքով այն չէզոքացւում է, եւ շուտով կը վերացւի դրա դերակատարութիւնն ու ազդեցութիւնը:
Չմոռանանք, որ խօսքի ազատութեան անհետացումը հաւասարազօր է ժողովրդավարութեան մահւան, իսկ սա բացարձակ աղէտ է ցանկացած երկրի եւ հասարակութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։