Հա

Օրակարգ

02/11/2016 - 12:50

Վստահութեան քւէի պատգամները

Ինչպէս եւ կանխատեսւում էր Իսլ. խորհրդարանը վստահութեան քւէ տւեց կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերով Հանրապետութեան նախագահի ներկայացրած նախարարի երեք թեկնածուներին:
10-րդ գումարման խորհրդարանում, վստահութեան քւէի երէկւայ գործընթացն իր ոճով եւ ձեւով յստակ տարբերւում էր նախորդ խորհրդարանի նմանատիպ գործընթացներից:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Ինչպէս եւ կանխատեսւում էր Իսլ. խորհրդարանը վստահութեան քւէ տւեց կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերով Հանրապետութեան նախագահի ներկայացրած նախարարի երեք թեկնածուներին:
10-րդ գումարման խորհրդարանում, վստահութեան քւէի երէկւայ գործընթացն իր ոճով եւ ձեւով յստակ տարբերւում էր նախորդ խորհրդարանի նմանատիպ գործընթացներից: Այն չվերածւեց այսպէս կոչւած «կառավարութեան դատավարութեան» իւրայատուկ ներկայացման: Չկային այլեւս լիւմպենացւած ելոյթներ, զգալիօրէն պակասել էին ցանկացած գնով մրցակցին ասպարէզից հանելու փորձերը:
Խորհրդարանի երէկւայ քւէարկութիւնն ունէր քաղաքական յստակ մեսիջներ, որոնց հանրագումարի մասին կարելի է կատարել մի քանի դիտարկում.
Առաջին. Երէկ, խորհրդարանում տեղի ունեցած քւէարկութիւնն իր էութեամբ, բառի ամենաբուն իմաստով «ժողովրդի քւէ»-ի մարմնաւորումն էր:
Փաստօրէն այն գործընթացը, որը սաղմնաւորւել էր դեռեւս անցեալ նախագահական ընտրութիւնների ժամանակ եւ բիւրեղացել էր 10-րդ գումարման խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում, տւեց իր առաջին պտուղը: Խորհրդարանը քայլեց Հանրապետութեան նախագահին եւ կառավարութեանը համընթաց: Վստահեց հէնց այն քաղաքական գործիչներին, որոնց, հիմնականում պահպանողականներով համալրւած նախորդ խորհրդարանը չէր վստահել: Իսկ դա փաստօրէն անվստահութեան քւէ էր սոցիալ-մշակութային եւ կրթական ոլորտներում դոկտ. Ռոհանիի հռչակած ծրագրերին ու սկզբունքներին, որոնք արժանացել էին ընտրողների վստահութեան քւէին:
Երկրորդ. Այն նոր մակարդակի եւ որակի բարձրացրեց յարաբերական մեծամասնութիւն ունե ցող բարեփոխականների «Յոյս»-ի ֆրակցիայի դերն ու նշանակութիւնը խորհրդարանական գործընթացներում: Իսկ սա նշանակում է, որ «յոյսական»-ներն այսուհետեւ կարող են գործել աւելի վստահ եւ համարձակ՝ ներկայանալով որպէս խորհրդարանական իրական մեծամասնութիւն, որը կարող է հունաւորել խորհրդարանական ցանկացած գործընթաց:
Երրորդ. Խորհրդարանական երէկւայ քննարկումներն ազդարարեցին ծայրայեղականութեան եւ մերժելի լիւմպենիզմի մայրամուտի մասին:
Ներկայացւած թեկնածուներին դէմ արտայայտւած պատգամաւորներից եւ ոչ մէկը չանցաւ թոյլատրելի սահմանը, չօգտագործեց անընդունելի լեկսիկոն, չփորձեց ցանկացած գնով ոչնչացնել դիմացիններին:
Ուշադրութեան արժանի է այն փաստը, որ նախորդ խորհրդարանի աւանդոյթներին հաւատարիմ, ծայրայեղական թեւին պատկանող որոշ պատգամաւորներ, նիստերի դահլիճում, նախարարի թեկնածուների դէմ տարածեցին գրութիւններ, որոնք սակայն արժանացան նւազագոյն ուշադրութեան:
Սա պարզորոշ նշանակում է, որ խորհրդարանական յարաբերութիւններում ծայրայեղականութեանն ու լիւմպենիզմին փոխարինման է գալիս քաղաքական բարոյականութիւնը, ինչը կարելի է ակնառու ձեռքբերում համարել:
Չորրորդ. Նախագահը, կառավարութիւնն ու խորհրդարանն ապացուցեցին, որ երկրի համար կարեւոր հարցերի վերաբերեալ կարող են ծաւալել կառուցողական երկխօսութիւն, հասնել առաւելագոյն փոխըմբռնման:
Սա, անկասկած, չափազանց կարեւոր է գործադիր եւ օրէնսդիր գործընթացների սահուն ընթացքի համար, որը կարող է քաղաքական յարաբերութիւնների որակական բոլորովին նոր մակարդակի սկիզբը հանդիսանալ:
Հինգերորդ. Գալիք նախագահական ընտրութիւններին ընդառաջ, սա առանցքային նշանակութեան յաղթանակ էր նախագահ Ռոհանիի եւ գործող կառավարութեան համար, որը գործադիրին ընձեռելու է քաղաքական մանեւրի յաւելեալ տարածք, ինչն ընտրութիւնների նախօրէին կարող է մեծապէս ազդել նախագահի հասարակական վարկանիշի ամրապնդման եւ ինչ-որ տեղ նաեւ թռիչքային բարելաւման վրայ: Մանաւանդ, որ ծայրայեղականներից դեռ երկար ժամանակ է պահանջւելու այս պարտութեան հետեւանքները յաղթահարելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։