Հա

Օրակարգ

08/11/2016

Թրամփ, թէ՞ Քլինթոն

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականութեան ոլորտում, աշխարհի առաջատար գերտէրութեան նախագահն ունի ազդեցութեան լայն հնարաւորութիւն, գրեթէ ողջ աշխարհին է հետաքրքրում, թէ ո՞ւմ կը յաջողւի 2017 թւականի յունւարի 20-ին մուտք գործել Սպիտակ տուն:

Ինչ կը փոխւի մեր տարածաշրջանում

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Ընդամենը ժամեր անց, ամերիկացիներն ընտրելու են Միացեալ Նահանգների 45-րդ նախագահին:
Հաշւի առնելով այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականութեան ոլորտում, աշխարհի առաջատար գերտէրութեան նախագահն ունի ազդեցութեան լայն հնարաւորութիւն, գրեթէ ողջ աշխարհին է հետաքրքրում, թէ ո՞ւմ կը յաջողւի 2017 թւականի յունւարի 20-ին մուտք գործել Սպիտակ տուն:
Արտաքին քաղաքականութեան ոլորտի հետ կապւած, այս տարի հիմնական ինտրիգը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ի նախագահութեան երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի հայեացքներն ու տեսլականը տրամագծօրէն տարբերւում են միմեանցից:
«Չնայած Դոնալդ Թրամփի իմպրովիզացիոն մօտեցմանը արտաքին քաղաքականութեան հարցում, երկու թեկնածուն էլ իրօք համաշխարհային խնդիրների տարբեր տեսլական ունեն: Հիլարի Քլինթոնը վստահ է, որ ԱՄՆ-ի դերը գլոբալ կարգուկանոնը, անվտանգութիւնը պաշտպանելն է: Թրամփի մօտեցումն աւելի տարանցիկ է: Նա միութիւնները դիտարկում է բիզնեսի տեսանկիւնից՝ փորձելով աւելի շատ դիւիդենտներ ստանալ եւ նահանջել պատմական պարտականութիւններից, որոնք նրա կարծիքով ԱՄՆ-ը չի կարող այլեւս իրեն թոյլ տալ»,- նման կարծիք է յայտնել «BBC»-ի վերլուծաբան Բարբարա Փլէթ Աշերը՝ վերլուծելով արտաքին քաղաքականու-թեան եւ միջազգային յարաբերութիւնների հետ կապւած երկու թեկնածուների տեսակէտները (մէջբերումը «news.am»-ից է-Հեղ.):
Մեզ աւելի հետաքրքրում է Մերձաւոր Արեւելքի նկատմամբ՝ ընդհանրապէս, իսկ Իրանի նկատմամբ՝ յատկապէս, նախագահութեան երկու թեկնածուների մօտեցումները:
Փորձագիտական դիտարկումների արդիւնքում պարզորոշ երեւում է, որ Մերձաւոր Արեւելքի հետ կապւած, երկու թեկնածուներն էլ կենտրոնացել են հիմնական երեք թեմայի վրայ. ահաբեկչութեան դէմ պայքար, սիրիական ճգնաժամ, Իրանի հետ միջուկային գործարք:
Ահաբեկչութեան դէմ պայքարը, թերեւս այն միակ թեման է, որտեղ երկու թեկնածուների տեսակէտներն ինչ-որ տեղ համընկնում են: Թէ՛ Քլինթոնը, եւ թէ՛ Թրամփը համակարծիք են, որ անհրաժեշտ է վերջնականապէս փշրել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման ողնաշարը:
Ինչպէս նշում են վերլուծաբանները՝ այս հարցի հետ կապւած, թէեւ երկու թեկնածուների լեկսիկոնը փոքր ինչ տարբերւում է, այդուհանդերձ հնչեցրած առաջարկները գրեթէ նոյնանում են: Իսկ ամենակարեւորը՝ այս կապակցութեամբ, երկու թեկնածուների մօտ էլ հիմնականում բացակայում է յստակութիւնը:
Յստակ է միայն մէկ բան. նրանցից ոչ մէկը չի պատրաստւում ամերիկացի զինւորներին ուղարկել Իրաքի եւ Սիրիայի մսաղացներ:
Սիրիական հիմնախնդրի հետ կապւած, երկու թեկնածուների մօտեցումները տրամագծօրէն տարբերւում են: Դեմոկրատական թեկնածուն հիմնականում ցանկանում է շարունակել նախագահ Օբամայի քաղաքականութիւնը: Նա կողմ է Բաշշար Ասադի հեռացմանը եւ Սիրիայի երկնքում ոչ թռիչքային գօտի սահմանելուն: Իսկ ամենակարեւորը՝ Քլինթոնը պարզորոշ հասկացնել է տւել, որ Սիրիայի հարցով, Ռուսաստանի հետ յարաբերութիւն-ներում չի խուսափելու այսպէս կոչւած Սառը պատերազմի տարիների ձեւաչափին վերադառնալու տարբերակից: Նա պատրաստ է Մոսկւայի հետ դիմակայութեանը:
Թրամփն ընդհակառակը՝ այս հարցում պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցութեանը: Նրա համար առաջնահերթութիւնը ոչ թէ Ասադի հեռացումն է, այլ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբաւորումների վերջնական չէզոքացումը:
Թրամփը չի խուսափել յայտարարել, որ կողմ է Սիրիայի հարցով Կրեմլի վարած քաղաքականութեանը:
Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերեալ երկու թեկնածուների մօտեցումները նոյնպէս տարբերւում են:
Թրամփն արդէն հասցրել է յայտարարել, որ «ատում է» Իրանի հետ միջուկային գործարքը, եւ ընտրւելու դէպքում պատրաստւում է անել ամէն ինչ՝ այն չեղարկելու համար: Ըստ նրա՝ պատմութեան մէջ, դա հնարաւոր վատագոյն գործարքն է, որը կարող էր կնքել որեւէ պետութիւն:
Քլինթոնը, թէեւ Օբամայի համեմատութեամբ կողմ է Իրանի դէմ աւելի կոշտ քաղաքականութեան, այդուհանդերձ միջուկային համապարփակ համաձայնագիրը համարում է դրական գործարքը, որը պէտք է շարունակել եւ իրագործել մինչեւ վերջ:
Այս կապակցութեամբ փորձագէտներն արդէն շտապել են յիշեցնել, որ եթէ, թէկուզ, Թրամփին յաջողւի առաջիկայ չորս տարիների ընթացքում աշխատել Սպիտակ տան յայտնի ձւաձեւ սենեակում, Միացեալ Նահանգների վարչական համակարգի հզօրութիւնը բաւարարում է նրան սանձելու համար: Այնպէս որ դժւար, թէ նրան յաջողւի չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը: Մանաւանդ, որ այն ամրագրւած է միջազգային յարաբերութիւններում ընդունւած իրաւական բոլոր նորմերով եւ իրագործման համար ունի ՄԱԿ-ի երաշխիքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։