Հա

Օրակարգ

09/11/2016

Ինտելեկտուալիզմի պարտութիւնը

ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակն արդէն իրողութիւն է: Անակնկալ արդիւնք շատերի համար, որոնք չէին գուշակել, կամ չէին ցանկանում գուշակել հանրապետական թեկնածուի յաղթանակը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակն արդէն իրողութիւն է: Անակնկալ արդիւնք շատերի համար, որոնք չէին գուշակել, կամ չէին ցանկանում գուշակել հանրապետական թեկնածուի յաղթանակը:
Թրամփի հնարաւոր յաղթանակի պատգամը յստակ էր. ամերիկացի շարքային քաղաքացիներին յոգնեցրել է այսպէս կոչւած ինտելեկտուալ մտավարժանքները: Նրանց համար առաջնայինն այն է, ինչ կարող է անմիջականօրէն ազդել նրանց առօրեայի վրայ: Եւ սա հէնց այն էր, ինչ Թրամփը յաջողութեամբ հրամցրեց ընտրազանգւածին:
«Make America Great Again», ուշադրութիւն դարձրէք Թրամփի նախընտրական հիմնական կարգախօսի վրայ: Իրականում նման է լասվեգասեան նէոնէ լուսագրի՝ խիստ մակերեսային, անբովանդակ եւ ոչինչ չասող: Սակայն, միեւնոյն ժամանակ, պարզ, ընդունելի եւ ընկալելի է շարքային ընտրողի համար, որին առաջին հերթին մտահոգում է սեփական անդորրը, երաշխաւորւած ներկան ու ապագան: Իսկ, եթէ դա խոստանում ու երաշխաւորում է ամբոխավար Թրամփը, ում տեսլականը, մտածողութիւնն ու լեկսիկոնը կտրուկ տարբերւում է քաղաքական դասական էլիտայից, հոգ չէ, թող նա դառնայ նախագահ:
Երէկ, սա էր ամերիկացիների հիմնական պատգամը՝ հասցէագրւած Միացեալ Նահանգների քաղաքական էլիտային:
Եւ իզուր չէ, որ բազմաթիւ փորձագէտներ, վերլուծաբաններ ու լրագրողներ շտապել են ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքները նմանեցնել «Brexit»-ի՝ Եւրոմիութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքւէի արդիւնքներին:
Մառախլապատ Ալբիոնի բնակիչներին չէր բաւարարում այն, ինչը որ տեղի էր ունենում Լոնդոնում: Հիմա նոյնը կրկնւում է ԱՄՆ-ում: Շարքային ամերիկացիները չեն վստահում ամերիկեան մեգապոլիսների դեմոկրատական ինտելեկտուալիզմի եւ ազատականութեան ոգուն:
Դաժան իրականութիւն, որին դէմ-յանդիման են կանգնած դեմոկրատները: Նոյեմբերի 8-ի ընտրութիւններում, քւէների տեղաբաշխման քարտէզը պարզորոշ ցոյց է տալիս, թէ ինչքան հեռանում ենք մեգապոլիսներից, այնքան աւելանում է Թրամփի քւէները: Սա տեղի է ունեցել նաեւ այն նահանգներում, որտեղ աւանդաբար յաղթում էին դեմոկրատները:
Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի սոցիալ-քաղաքական դաշտի երկնակեղեւում տեղի ունեցած տեղաշարժը, հասարակութիւն-քաղաքական էլիտա խզումն այնքան հզօր է, որը կարող է անճանաչելիօրէն փոխել ԱՄՆ-ի քաղաքական քարտէզը, եթէ, իհարկէ արմատական վերանայման չենթարկւեն մինչ օրս ընդունւած դոկտրինաներն ու քաղաքական-հասարակական տեսլականները:
Դեմոկրատական շրջանակներն արդէն բարձրաձայնում են ԱՄՆ-ի քաղաքական արենայի վերաբերեալ առկայ կարծրատիպերի վերանայման անհրաժեշտութեան մասին: Դրանով, իհարկէ, պէտք է զբաղւեն նաեւ հանրապետականները, որոնց աւելի չափաւորական, ինտելեկտուալ թեւը նոյնպէս պարտւեց Թրամփին՝ ներկուսակցական նախնական ընտրութիւններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։