Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2016 12:40

Ինչպէս կը վարւի Թրամփը

Դոնալդ Թրամփի յաղթանակը Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւններում, միջազգային քաղաքականութեան օրակարգային քննարկման թէժ տասնեակի ցուցակ է վերադարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագիրը:
Ինչպիսի՞ն է լինելու միջուկային համապարփակ համաձայնագրի ճակատագիրը: Սա Թրամփի եւ նրա թիմի արտաքին քաղաքականութեան հետ կապւած գլխաւոր հարցադրումն է:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Դոնալդ Թրամփի յաղթանակը Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւններում, միջազգային քաղաքականութեան օրակարգային քննարկման թէժ տասնեակի ցուցակ է վերադարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագիրը:
Ինչպիսի՞ն է լինելու միջուկային համապարփակ համաձայնագրի ճակատագիրը: Սա Թրամփի եւ նրա թիմի արտաքին քաղաքականութեան հետ կապւած գլխաւոր հարցադրումն է:
Անկասկած, միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած, Դոնալդ Թրամփի՝ վերաբերմունքը միանշանակօրէն պայմանաւորւած է լինելու Իրանի նկատմամբ՝ Սպիտակ տան արդէն հանրապետական վարձակալների որդեգրած ռազմավարութեամբ, որն իր հերթին համարւելու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ արտաքին քաղաքականութեան ոլորտով զբաղւող նրա թիմի՝ այդ ոլորտի համար հռչակած դոկտրինայի անմիջական ածանցեալը:

Իսկ այդ դոկտրինայի հիմնական այն բաղադրիչները, որոնք ուղղակի, կամ անուղղակի վերաբերւում են Իրանին հետեւեալն են.
Առաջին. Թրամփը հաւատացած է, որ ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի իր դաշնակիցների նկատմամբ «պաշտպան վահանի» դերակատարութիւնից: Նման դերակատարութեան համար, ըստ Թրամփի՝ դաշնակիցները ստիպւած են լինելու համարժէք վճարել: Սա անվտանգութեան ոլորտում այսպէս կոչւած «բիզնես նախագիծ» է, որը կարող է կտրուկ նւազեցնել պաշտօնական Վաշինգտոնի անմիջական մասնակցութիւնն ու դերակատարութիւնը միջազգային նշանակութեան իրադարձութիւններում, ինչը տրամաբանօրէն կարող է նաեւ նւազագոյնի իջեցնել ԱՄՆ-ի ներգրաււածութիւնը՝ Իրանի հետ կապւած խնդիրներում:
Երկրորդ. Թրամփը հաւատացած է, որ միջազգային կամ տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ն կարող է, եւ պէտք է համագործակցի Ռուսաստանի հետ: Սա անմիջականօրէն համընկնում է այն տեսաբանների առաջ քաշած տեսութեանը, համաձայն որի՝ միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ-ՌԴ կառուցողական գործակցութիւն:
Եւ, քանի որ տարածաշրջանային հարցերով Իրանը համարւում է Ռուսաստանի անմիջական դաշնակիցը, ուստի նման գործակցութիւնը կարող է կտրուկ իջեցնել Թեհրանի եւ Վաշինգտոնի կողմից խօսքից գործի անցնելու՝ բանաւոր սպառնալիքների ու փոխադարձ մեղադրանքների սահմանագծի հատման հնարաւորութիւնը:
Երրորդ. Մերձաւոր Արեւելքում ահաբեկչութեան դէմ պայքարը համարւում է Թրամփի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւներից մէկը:
Չմոռանանք Քլինթոնի հետ նախընտրական բանավէճում Թրամփի արտայայտած միտքը. «Ես Ասադի երկրպագուն չեմ: Սակայն փաստ է, որ Ասադը ոչնչացնում է ԴԱԷՇ-ին, Ռուսաստանն էլ է ոչնչացնում ԴԱԷՇ-ին եւ Իրանն էլ կատարում է նոյն գործը»:
Հազիւ թէ ԴԱԷՇ-ի ողնաշարը վերջնականապէս փշրելու անհրաժեշտութեան մասին բազմիցս յայտարարած Թրամփը ցանկանայ խնդիրներ ունենալ ԴԱԷՇ-ի տարածաշրջանային թիւ 1 ախոյեանը համարւող այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Իրանը:
Չորրորդ. Սաուդական Արաբիայի կողքին, Իսրայէլը համարւում է Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագրի տարածաշրջանային ամենակատաղի հակառակորդը: Թէեւ նախընտրական քարոզարշաւի ժամանակ Թրամփը բազմիցս յայտարարել էր Իսրայէլի նկատմամբ իր ամբողջական զօրակցութիւնը՝ այդ երկրի պաշտպանութիւնը համարելով ամերիկեան նկարագրի անքակտելի մի մասը, այդուհանդերձ, անզէն աչքով անգամ նկատելի էր, որ պաշտօնական Թել Աւիւի նախընտրելի թեկնածուն Հիլարի Քլինթոնն է:
Նախըտրական պայքարի ողջ ընթացքում, հրէական լաբբիստական կազմակերպութիւնները բազմիցս յորդորեցին Թրամփին խուսափել այնպիսի արտայայտութիւններից, որոնք իրենց էութեամբ ու բովանդակութեամբ ընդգծւած հակասեմական են, եւ նման՝ պաշտօնական Թեհրանի դիրքորոշումներին: Յիշեցնենք, որ նախընտրական իր ելոյթներում Թրամփը բազմիցս օգտագործել էր ամերիկեան ժողովրդի անմիջական շահերի դէմ դաւադրութիւն կազմակերպող «Միջազգային ուժային կենտրոն» կապակցութիւնը, որն ըստ հրէական լաբբիստական խմբաւորումների՝ անուղղակիօրէն մատնացոյց էր անում հրէական միջազգային ցանցին:
Փորձագէտների կարծիքով՝ այս կէտերն առնւազն յուշում են այն մասին, որ Իրանի հարցով, Թրամփը հազիւ թէ փորձի խօսքից գործի անցնելու: Մանաւանդ որ՝ սեղանին դրւած են նաեւ եւրոպական եւ ամերիկեան ընկերութիւնների տնտեսական անմիջական շահերը, որոնք յետպատժամիջոցեան Իրանի հետ բիզնեսից ակնկալում են միլիարդանոց շահեր, իսկ Թրամփն ինչպէս ինքն է բնութագրել իրեն, առաջին հերթին բիզնեսմեն է, որը լաւ գիտի գործարքի արժէքը:
Այս բոլորին պէտք է աւելացնել եւս մի իրողութիւն. ընտրւած նախագահ Թրամփի վարւելակերպը շեշտակի տարբերւում է թեկնածու Թրամփի վարւելակերպից: Բաւական է համեմատել նախընտրական եւ յետընտրական շրջանի նրա արտայայտութիւններն ու դիրքորոշումները եւ ամէն ինչ պարզ կը դառնայ:
Ընդհանուր խճանկարն ամբողջական չի դառնայ, եթէ, իհարկէ, անտեսենք մեդալիոնի միւս կողմը, որը պայմանաւորւած է լինելու այն հանգամանքով, թէ Թրամփի անմիջական թիմում ինչպիսի՞ կշիռ, նշանակութիւն եւ դերակատարութիւն կարող են ունենալ հանրապետականների այսպէս կոչւած «բազէներ»-ը, որոնք համարւում են Իրանի հետ ցանկացած գործարքի ամենակատաղի ընդդիմախօսները:
Ահա այն ընդհանուր համայնապատկերը, որի վերջնական ուրւագծումից յետոյ պարզ կը դառնայ, թէ ինչպէս կը վարւի Թրամփը՝ Իրանի հետ կապւած խնդիրներում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։