Հա

Օրակարգ

16/11/2016

Աջակցութեան պահանջներ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանի յայտարարութիւնը՝ ՀՀ ԱԺ-ի նոյեմբերի 15-ի նիստում:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանի յայտարարութիւնը՝ ՀՀ ԱԺ-ի նոյեմբերի 15-ի նիստում:


«Յարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ,
Մեր երկրում փոփոխութիւններ են: Աւելի ճիշտ՝ փոփոխութիւնների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք:
Առայժմ՝ միակողմանի փոփոխութիւններ. տնտեսութիւնը կարգաւորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսեւորելու յայտարարութիւն, ստւերի, կոռուպցիայի դէմ պայքարելու, հաւասար մրցակցային պայմաններ ապահովելու, աւելորդ օղակներից ազատւելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականութեան հանդէպ վստահութիւն սերմանելու խոստում: Առայժմ՝ խոստում:
Ասել ու կրկնում ենք՝ հոգով, մտքով, աշխատանքով մենք այդ փոփոխութիւնների կողմնակիցն ենք: Ներսում ու դրսում: Ովքեր դիմադրելու են, նրանց հետ ճանապարհ չունենք:
Բայց հէնց այս՝ նախնական փուլում պարտաւոր ենք նաեւ ասել հետեւեալը. երկիրը, պետականութիւնը միայն տնտեսութիւն չէ: Տնտեսութիւնը ընդամենը հիմքն է որեւէ ժողովրդի հոգեւոր-մշակութային կենսունակութեան, ազգային զարթօնքի: Մեր դէպքում՝ հայկականութեան պահպանման:
Եւ եթէ չենք կարողանալու, տնտեսական բարեփոխումներին զուգահեռ, նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտում որակ փոխել, արդիւնքն անարդիւնք է լինելու:
Իսկ այստեղ աւերակներ են, խոցեր: Արժէքների, չափանիշերի անկում:
Մենք երեք մարդ չունենք, ում հանրութեան գոնէ յիսուն տոկոսը անվերապահ վստահում է: Հայոց լեզուն աղաւաղւում է ամէն վայրկեան: Մեր եկեղեցին խոր ռեֆորմացիայի կարիք ունի: Երեւանում վերջին գրախանութներն են փակւում: Էջմիածնում փողոց են անւանակոչում հայկական երգարւեստից մղոններով հեռու մէկի անունով: Մեր երեխաները մեր ու աշխարհի բարձր արւեստին գրեթէ չեն առնչւում:
Տնտեսութիւնը՝ տնտեսութիւն, բայց Հանրապետութեան նախագահին ու կառավարութեանը յորդորում եմ խրւել նաեւ այս հարցերի մէջ: Նոր Մատենադարանը, Կոմիտասի թանգարանը վկայում են, որ կարող ենք:
Քաղաքացիական պատասխանատւութիւն, հանրային կեանքում ամենօրեայ ներկայութիւն եմ պահանջում հոգեւոր-մշակութային արժէք ստեղծած, որքան էլ զարմանալի հնչի, մեր բազմաթիւ մտաւորականներից:
Մեր եկեղեցու՝ ծառայութեան գիտակցութիւն ունեցող, որքան էլ զարմանալի հնչի, բազմաթիւ հոգեւորականներին յորդորում եմ բարեկարգել Աստծոյ տունը եւ այն վերադարձնել ժողովրդին:
Կառավարութեանը յորդորում եմ չեղարկել փողոցի անւանակոչումը եւ յետայսու բացառել նման խայտառակութիւն:
Նոյնից պահանջում եմ, թերեւս մասնաւոր-պետութիւն գործակցութեամբ, Երեւանի կենտրոնում գրքի արժանապատիւ տուն կառուցել: (Եթէ կենտրոնում սրճարան-ռեստորանի տեղ գտնում էք, գրքի տեղ ստիպւած էք գտնել):
Պահանջում եմ՝ թէկուզ հէնց ստեղծւելիք հատուցման հիմնադրամի միջոցներով ոչ միայն զոհւած ու վիրաւոր զինւորականների ընտանիքների հոգսը հոգալ, այլեւ սահմանին կանգնածների հոգեւոր-մշակութային զարգացմանն աջակցել:
Մենք իրաւունք չունենք երկրորդ անգամ ձախողելու ազգային-պետական հաւանական զարթօնքը:
Հաւատում եմ՝ սա նոր ընթացքի սկիզբ է: Վստահ եմ՝ միայն այսպէս՝ զուգահեռ գերակայութեամբ՝ տնտեսութեան եւ հոգեւոր-մշակութային ասպարէզներում որակական փոփոխութեամբ է երկիրը դուրս գալու վստահութեան ճգնաժամից: Միայն այդպէս է ամրապնդւելու մեր անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը:
Այդպէս ենք յարգանք պարտադրելու մեր ժողովրդի, մեր պետականութեան հանդէպ: Հայկականութեան հանդէպ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։