Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 12:00

Թուրքական հասարակութեան հոգեվիճակի համաչափ արձագանգը

Երէկ երեկոյեան Անկարայում սպանւել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Անդրէյ Կառլովը:
Ցնցիչ այս դէպքն ինչ-որ չափով այնքան էլ անակնկալ չպէտք է համարել, եթէ, իհարկէ, հաշւի առնենք այն ջղաձիգ մթնոլորտը, որը տիրական է Թուրքիայում՝ յատկապէս Հալէպի ազատագրումից յետոյ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Երէկ երեկոյեան Անկարայում սպանւել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Անդրէյ Կառլովը:
Ցնցիչ այս դէպքն ինչ-որ չափով այնքան էլ անակնկալ չպէտք է համարել, եթէ, իհարկէ, հաշւի առնենք այն ջղաձիգ մթնոլորտը, որը տիրական է Թուրքիայում՝ յատկապէս Հալէպի ազատագրումից յետոյ:
Հիստերիա, որը միանշանակ հրահրւել է Թուրքիայի իշխանութիւնների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպւել Հալէպում կրած իրենց ծանր պարտութեան եւ այն իրողութեան հետ, որ այսուհետեւ ստիպւած են լինելու խաղալ այն դաշտում, որտեղ խաղի կանոնները թելադրելու են Թեհրանը, Մոսկւան ու Դամասկոսը:
Հիստերիայի այս ալիքն արտայայտւել է թէ՛ թուրքական իշխանութիւնների տարբեր նշանակութեան եւ տրամաչափի ներկայացուցիչների ելոյթների տեսքով, թէ՛ Թուրքիայում, Իրանի եւ Ռուսաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների մօտ կազմակերպւող այսպէս կոչւած բողոքի ակցիաների, ինչպէս նաեւ՝ սոցցանցերում ակտիւութեան տեսքով:
Ինչպէս թուրքական «sendika. org» կայքի սիւնակագիր Վեջիհ Ջիւզդանին է գրում, այս պահին, թուրքական իշխանութիւնների համար, կարդինալ խնդիրը Հալէպի յաղթանակի արդիւնքում, Էրդողանի՝ տարածաշրջանային մութ ծրագրերի կազմաքանդումը եւ դրա հետեւանքով անմիջական այն վտանգն է, որը սպառնում է Թուրքիայի անվտանգութեանն ընդհանրապէս, եւ իշխանական համակարգի ամրութեանը՝ յատկապէս:
Այդ իսկ պատճառով, որպէս անմիջական «մեղաւորներ», մատնացոյց են արւել Ռուսաստանն ու Իրանը, որոնց վրայ էլ փորձ է արւել պարպել հասարակութեան յատկապէս լիւմպենացւած հատւածի բորբոքւած կրքերը:
Հասարակութիւն, որը տեւական ժամանակ, ծրագրաւորւած կերպով սնուցւել է Օսմանեան կայսրութեան սահմանների վերականգնման ցնորքով: Հասարակութիւնը, որի կեանքը միտումնաւոր կառուցւել է «յաղթելու-պարտւելու գաղափարի վրայ», իսկ հիմա, երբ վերացել է ցնորքը, չի կարողանում համակերպւել «Ասադի յաղթանակի» մտքի հետ եւ «ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն» (Անուղղակի մէջբերումը թուրքական «Hurriyet» պարբերականի սիւնակագիր Էրթուղրուլ Օզքեօքից է-Ա.Շ.): Մարդկային կեանքերը, Հալէպի խաղաղ բնակիչների ճակատագիրը… դրանք ընդամենը պատրւակներ են, որոնք կոչւած են քողարկելու հոգեբանական այն ճգնաժամը, որին մատնւած է թուրքական հասարակութեան էլեկտրականացւած հատւածը՝ վերջին իրադարձութիւններից յետոյ: Այնպէս որ՝ այս միջադէպը կարելի է բնութագրել որպէս թուրքական հասարակութեան հոգեվիճակի համաչափ արձագանգ, որի համար առաջին հերթին պատասխանատու են թուրքական իշխանութիւնները:
Իսկ այս միջադէպի քաղաքական հետեւանքների մասին, պէտք է նշել, որ նման միջադէպն անկասկած չի կարող չունենալ իր հետեւանքները իրադարձութիւնների հետագայ զարգացման վրայ: Դրա անմիջական հետեւանքները թերեւս կարող են որոշակիօրէն ստւերել սիրիական ճգնաժամի կապակցութեամբ այսօր Մոսկւայում նախատեսւած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձեւաչափով հանդիպումը:
Ինչ կապւած է Անկարա-Մոսկւա յարաբերութիւններում լարւածութեան հերթական փուլի մասին խօսակցութիւններին, գոնէ այս պահի դրութեամբ, դրա հաւանականութիւնը չափազանց ցածր է, մանաւանդ, երբ հաշւի ենք առնում այն հանգամանքը, որ վերջին շրջանում կողմերն առաւել քան երբեք զգում են միմեանց կարիքն Արեւմուտքի ճնշումներին դիմակայելու եւ դրանք ինչ-որ չափով չէզոքացնելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։