Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 12:30

Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

ՀԱՏԻՍ

 

Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

Այսպիսով՝ մեր կրթական օջախներից լաւագոյններին հանելով եւ ոչ-հայկական դպրոց ուղարկելով, հայկականին պարտադրւեց արդիւնքների անկման երեւոյթը: Դրան զուգընթաց նահանջ ապրեց մրցակցութեան ոգին աշակերտների մօտ, որը կրթական ծրագրերի բաղադրատոմսում խթանիչի անվիճարկելի դեր պիտի ունենայ... Կարճ կապած դպրոցի որակի ապահովման գործում նոյնքան կարեւոր պիտի համարւի դրա անկումը կանխարգելող երեւոյթների փաստը:

Ինչպէս՝ «հետիոտնի իրաւունքներն են սկսում վրաերթից յետոյ», նոյն օրինակով էլ «կրթականը» լաւագոյններին կորցնելու փաստի հետ միասին՝ յայտնւեց ծառացող երկրորդ խնդրի՝ դպրոցները աշակերտութեան թւով ապահոված տեսնելու առջեւ:

Սա այն դէպքում, երբ որակն ապահոված էր հայկականում, բայց հոգեբանօրէն դէպի «դուրս» տրամադրւող հայ ծնողին կանգնեցնելը ոչ թէ ժողովների, այլ՝ ժամանակի գործ էր: Ժամանակ, որը կարծես աւելի արագ է վազում, քան ձեռ է տալիս մեզ:

Նոյն այդ քաղցրախօս անցեալը յուշում է, որ ժամանակին մեր դպրոցներում դասաւանդող վարժապետական կազմը հիմնականում հայ ուսուցիչներից էր կազմւած, ովքեր ընկալելով մեր երեխայի երկլեզու էութիւնը, հոգատարութեամբ փորձում էին երեխայի համար յաճախ պաշտօնական լեզւով իրականացւող դասի բարդութիւնը յաղթահարել: Բան, որն այսօր բացակայում է կարծես մեր դպրոցներում: Ուսուցիչն անկախ այն բանից, որ երեխան վարժւած է դասը փոխանցող լեզուն ընկալել թէ ոչ, անցնում է առաջ՝ գիրքն աւարտին հասցնելու համար:

Աշակերտութիւնից պարպւող ուսումնարանների պահպանման տրամաբանութիւնը մի կողմից, եղած աշակերտութեան քանակը չկորցնելու խնդիրը միւս կողմից, վերագրւում է Կրթական խորհուրդների ոլորտային աշխատանքներին: Երեւի մեր հասարակութեան տեսակից է գալիս, որ չի ցանկանում խնդիրների լուծման աշխատանքներին մաս կազմել: Բան, որը փոխարինւում է՝ քննադատութիւններում առաջին գծերում յայտնւելու եռանդով:

Ասեմ նաեւ, որ վատ բան չեմ տեսնում այստեղ: Ոչ էլ իր երեխայի համար ամենալաւը ցանկացողներին քննադատելու միտում կայ տողատակերում: Ուղղակի մտածում էի այսօրինակ թեմայով կայացած ժողովներից մէկում ծնողներից մէկի այն խօսքի մասին, որտեղ նա նշեց, որ, եթէ նախկին հայկական ամուր դպրոցների արդիւնքն այսօրւայ ծնողներս ենք, ովքեր իրենց երեխային զրկում են հայկականից ու օտար օջախների դաստիարակութեանն են տալիս, ապա՝ «Բա, վաղը, երբ մեր այդ երեխաները լինեն ծնողի դերում, ինչպէս պիտի վարւեն նրանք իրենց սիրելիների հետ, ինչ եւ ինչպէս է լինելու այդ երեխաների վիճակն ու ինքնութիւնը...»:

Ինքնութեան մասին իւրաքանչիւրը կարող է ունենալ իւրովի կարծիք: Դա վիճարկելի չէ, ոչ էլ պարտադրւող ինչ-որ բան կայ այնտեղ: Ուղղակի մարդուս մօտ որոշման իրաւունքի հասկացութիւնն ընկալողի հարցն է, որ բացատրւում է իւրաքանչիւրի էութեամբ: Փաստ, որով նա (մարդը) բացայայտում է իր նպատակներն ու լինելութիւնը: Վաղն այն ենք լինելու, ինչը որոշում ենք այսօր: Իսկ մեր երեխաները նոյնպէս երեւի...

 

Յ.Գ.- Այստեղ ցաւն այն է նաեւ, որ ամէն մէկն իր որոշումը կարող է ունենալ, հասկանալի է եւ յարգելի: Սակայն ինձ պէս մտածողներս, երբ այլոք որոշեն հայկականի շարքերը լքել, կրելու ենք նրանց որոշման ազդեցութեան ծանրութիւնը, բոլորս էլ գիտենք ինչի հաշւին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։