Print this page
07/03/2018 - 14:30

Կառչելով մեր ընթերցողների հաւատարմութեանը...

Աւելորդ կը լինի նշել, որ ժամանակի շնչով են պայմանաւորւած ամենամեայ թանկացումներն ու գնաճը: Երեւոյթ, ինչի մասին տարեմուտի շեմին խօսելը, ցաւօք, կարծես աւանդոյթ է դարձել, յատկապէս, իրանական տպագիր մամուլի համար:

Նոյն առիթով օրաթերթիս տնօրէնը տեղեկացրեց, որ Մշակոյթի նախարարութեան համապատասխան ատեանի համաձայն՝ փետրւարի առաջին կէսից սկսած արդէն իսկ դադարեցւել են թերթիս բաժանորդներին յատկացւած սուբսիդային ծրագրերը: 

ՀԱՏԻՍ

 

Աւելորդ կը լինի նշել, որ ժամանակի շնչով են պայմանաւորւած ամենամեայ թանկացումներն ու գնաճը: Երեւոյթ, ինչի մասին տարեմուտի շեմին խօսելը, ցաւօք, կարծես աւանդոյթ է դարձել, յատկապէս, իրանական տպագիր մամուլի համար:

Նոյն առիթով օրաթերթիս տնօրէնը տեղեկացրեց, որ Մշակոյթի նախարարութեան համապատասխան ատեանի համաձայն՝ փետրւարի առաջին կէսից սկսած արդէն իսկ դադարեցւել են թերթիս բաժանորդներին յատկացւած սուբսիդային ծրագրերը: Սա խօսում է այն մասին, որ մեր բաժանորդներին առաքւած թերթի գինը նոյնպէս պայմանաւորւած է լինելու միեւնոյն որոշումից: Այս մասին քիչ աւելի ուշ, սակայն փաստերը խօսում են նոյն յայտարարութեանը յաջորդած խնդիրների մասին: Տպագիր մամուլի երեւելիներից՝ «Վաղայէ էթեֆաղիէ»-ն, ինչպէս նաեւ «Ասեմանէ աբի» օրաթերթերը հրապարակաւ յայտարարել են տպագիր տարբերակի աշխատանքը ժամանակաւորապէս դադարեցնելու մասին միաժամանակ աշխատանքից զրկւած տեսնելով խմբագրակազմի ստւար հատւածին:

Արձանագրենք նաեւ, որ նոյն կրնկի վրայ օրօրւող դռան օրինակով, սա եւս ազդւած է համապատասխան ատեանների կողմից գործին յատկացւած բիւջէն կտրելու յայտարարութիւնից:

Սա այն դէպքում, երբ «բաժանորդների սուբսիդաւորման» ծրագրի չեղարկմանը զուգահեռ շուկայում թուղթը ապրելով գնաճ, արձանագրել է 100-տոկոսանոց թանկացում, ինչը անկասկած անդրադառնալու է նաեւ թերթի գնի վրայ:

Տեղեկատւութեան տեխնոլոգիաների հասանելիութեան ժամանակաշրջանում պետական ատեանների կողմից նման դրսեւորումներն ու մօտեցումները ոչ միայն անդրադառնում է մամուլի ողջ ընտանիքի վրայ, այլեւ կարող է հարւածի տակ վերցնել ընթերցողին, զրկելով արժանահաւատ եւ պատասխանատու լրահոսի դաշտից:     

Այնուամենայնիւ «Ալիք»-ը բարձր գնահատելով իր ընթերցողների ցուցաբերած հաւատարմութիւնը, ինչպէս նաեւ որպէս իրանական մամուլի պատմութեան տաքն ու պաղը մաշկի վրայ ճաշակած ամենացենզաւորներից մէկը, վստահ է, որ ընթերցողների հետ միասին յաղթահարելու է եւս այս մէկը:

Նոյն առիթով դիմումներ կան յղւած համապատասխան ատեաններին, որոնց հետքերով գնալն ու ընթերցողին այդ մասին իրազեկ պահելը համարում ենք մեր առաքելութիւնը:

Այս մասին մեր յաջորդ հրապարակումներում:

Յարակից լուրեր