Print this page
04/09/2018

Հայաստան պաշտօնական քառօրեայ այցի ամփոփումը՝ ընդհանուր կէտերով

«Հայ-իրանական բարեկամութիւնը վեր է քաղաքական յարաբերութիւնների հարթութիւնից, այն բարեկամական ամուր հիմքերի վրայ կառուցւած դարաւոր անցեալ ունեցող բարեկամութիւն է». նման կերպ են բնութագրել հայ-իրանական յարաբերութիւնները օգոստոսի 30-ին քառօրեայ այցով Հայաստան այցելած ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամական խմբի անդամները:

«Ալիք» - «Հայ-իրանական բարեկամութիւնը վեր է քաղաքական յարաբերութիւնների հարթութիւնից, այն բարեկամական ամուր հիմքերի վրայ կառուցւած դարաւոր անցեալ ունեցող բարեկամութիւն է». նման կերպ են բնութագրել հայ-իրանական յարաբերութիւնները օգոստոսի 30-ին քառօրեայ այցով Հայաստան այցելած ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամական խմբի անդամները:

Քառօրեայ այցը յագեցած է եղել հայաստանեան գործընկերների հետ հանդիպումներով, ինչպէս նաեւ հանդիպումներ են եղել Իրանի հետ գործակցային համատեղ ծրագրեր եւ նախնական պայմանաւորւածութիւններ ձեռք բերած գերատեսչութիւնների ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 1-ի մեր առաջին էջում արդէն անդրադարձել ենք դրանցից երկուսին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի հետ հանդիպումներին:

Մեզ հետ զրոյցում Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը նաեւ կարեւորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպումը: Պատգամաւորը նշեց, որ քննարկւել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ենթակառուցւածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարաւորութիւնները: Այստեղ կողմերը կարեւորել են Արաքս գետի ափին՝ Հայաստան-Իրան սահմանին երկու ՀԷԿ կառուցելու նախագծի աշխատանքները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարելու երկու կողմերին: Անդրադարձ է եղել նաեւ բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին:

Հանդիպումները նմանատիպ ենթատեքստով շարունակւել են նաեւ հայաստանեան գործընկերների եւ միջկառավարական յանձնախմբի անդամների հետ: Հայ- իրանական միջկառավարական յանձնաժողովը եւ խորհրդարանական բարեկամական խումբը, առանձնայատուկ առաքելութիւն ունեն երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների խորացման եւ ընդլայնման գործում ու այս հանդիպումները մէկ անգամ եւս ամրագրեցին այդ իրողութիւնը, որը այս պահին ուղղւած է ստորագրւած համաձայնագրերի եւ ծրագրերի գործնականացմանը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը, ով միաժամանակ ԻԻՀ խորհրդարանում Կրթութեան եւ գիտութեան յանձնաժողովի անդամ է, անդրադարձաւ կրթութեան ոլորտում քննարկումներին, որտեղ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել կրթական ոլորտում հետաքրքրութիւններ ներկայացնող հարցերի փոխգործակցութեան ծաւալման առումներով:

Բարեկամական խմբի անդամներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ժորժիկ Աբրահամեանը նշել են, որ բարեկամական խմբի իւրաքանչիւր անդամ իր ոլորտում կանի ամէն ինչ, երկուստեք ծրագրերը եւ նախագծերը արդիւնաւէտ իրականացնելու համար:

Վերջում յաւելենք նաեւ, որ իրանական կողմը կարեւորութեամբ շեշտադրել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ երկկողմ յարաբերութիւնները որակական նոր շունչ են ստացել եւ այդ համատեքստում մատնանշել են, որ այսուհետեւ գործակցութիւնների ակտիւացումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը լինելու է որակական նոր հարթութիւններում:

Յարակից լուրեր