Հա

Օրակարգ

18/09/2018 - 14:20

Գործնական քայլերին ընդառաջ...

Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

Դ. Մ.

 

Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

…. Եւ դատելով նոյն յօդւածաշարում հնչեցրած մի շարք առաջադրանքների առթիւ հանրային դրական արձագանգներից, ուստի սպասելի համարեցինք մեր առաջադրանքների,- ինչպէս դա ամփոփիչ մասում էինք ընդգծել,- գործադրման եւ իրականացման փուլ թեւակոխելու հանգամանքը: Եւ դեռ աւելին՝ տեղեկացանք, որ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանը, գործադիր մարմին՝ Թեմական խորհրդի հետ համադրաբար, փորձում են արագացնել թէ՛ նախկինից մնացած ծրագրային դրոյթների կենսագործումը եւ թէ՛ վերոգրեալ մտահոգութեան շրջագծում նոր գործադրական քայլեր կիրառելու անհրաժեշտութիւնն ու անյետաձգելիութիւնը…

Սիրելի ընթերցող, պահն ու ժամանակը այսպէս ասած՝ դպրոցական-վերամուտայինն է, որն էլ մշտապէս մեր բոլորի եւ մասնաւորապէս լայն շրջանակ ընդգրկող հայ ընտանիքների եւ զաւակի կրթադաստիարակչութեան վրայ դողացող՝ ծնողների մտասեւեռման կիզակէտում է յայտնւել… Այստեղից էլ՝ գերկարեւորւում է ոլորտի հետ անմիջականօրէն առնչւող՝ Կրթական խորհրդի հետեւողական ու համարձակ դերակատարութիւնը: Տւեալ դէպքում որոշիչ է լինելու նաեւ ու մանաւանդ նոյն Կրթական խորհրդին նեցուկ կանգնող ինչպէս գործադիրի (Թեմ. խորհուրդ), այնպէս էլ՝ այսպէս ասած՝ օրէնսդիրի (Պատգմ. ժողով) համընթաց աշխատանքն ու աջակցութիւնը:

Մեր արծարծած այսօրւայ թեմայի շրջագծում առաջնահերթերից համարեցինք հայ դպրոցն ու մեր կրթական համակարգը, քանզի տւեալ ոլորտում ցանկալի ու հնարաւոր բարեշրջումները ուղղակիօրէն դրական ազդեցութիւն են ունենալու համայնքիս լայն շերտեր ընդգրկող խաւերի թէ՛ բարոյա-հոգեբանական եւ թէ՛ տնտեսական կացութեան վրայ, յատկապէս երբ նկատի ունենանք միեւնոյն ոլորտում աշխատող հայ ուսուցիչների, պաշտօնէութեան ու յատկապէս՝ հայոց դպրոցների միջավայրի հայեցիութեան ամրապնդման (չասելու համար վերականգնման) յոյժ կարեւոր հանգամանքը…

Ահաւասիկ, Կրթական խորհրդին ու նրան աջակից միւս մարմինների առաջնահերթ գործադրելի քայլերը թո՛ղ ուղղորդւեն ծրագրային, բայց միեւնոյն ժամանակ ցաւոտ հարցերի մէկանգամընդմիշտ լուծմամբ, կարճատեւ ու երկարաժամկէտ սահմանումներով ու հետեւեալ ոլորտներում.-

ա- Ոչ-հայկական դպրոցներում սովորող (անպաշտօն թւերը խօսում են 400-500 աշակերտի մասին) աշակերտների ՎԵՐԱՆԵՐԳՐԱՒՈՒՄ դէպի հայկական կրթօջախներ, յատկապէս կարեւորելով ու իրականացնելով հայկ. դպրոցներում փնտրւող ուսումնական ճիւղերի վերաձեւաւորումն ու հիմնումը,

բ- Դպրոցների շէնքային-ֆիզիկական-դասարանային կարելիութիւնների կատարելագործում, խնայողական քաղաքականութեան մշակմամբ ու գործադրմամբ, որն էլ վերջնարդիւնքում էլ աւելի կը հարթեցնի այլեւս անյետաձգելի դարձած՝ օպտիմալացումը,

գ- Թէ՛ առաջնի եւ թէ՛ 2-րդ կէտերի իբրեւ լրացուցիչ հանգամանք եւ մանաւանդ որպէս խրախուսական քայլ՝ վերանայել ու բարձրացնել մեր մատաղ սերունդների դաստիարակներ՝ հայ ուսուցիչների վարձավճարումները, ինչպէսեւ կարեւորութեամբ՝ հայ ուսուցչի վարկն ու հեղինակութիւնը…:

* * *

Տեղեկացանք‎ նաեւ, որ Թեմական խորհրդի կողմից կատարւում են նախաքայլերը՝ հայ տնտեսագէտ-գործարարական ընդլայնւած ուսումնասիրական-քննարկման հաւաք-հանդիպման կազմակերպման նպատակով, որն էլ լաւատեսութեան հիմք է հաղորդում առ այն, որ ազգային իշխանութիւն-ղեկավարութիւնը համայնքի հետ համընթացօրէն, ունակ է դիմագրաւելու առաջացած դժւարութիւններին, որին էլ մենք մեր հերթին ընդառաջ կը գնանք խոր համոզումով…:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։