Հա

Օրակարգ

06/03/2019 - 09:40

Ի՞նչ կը տայ Հայաստանին Սեւ ծով-Կասպից ծով տարանցիկ միջանցքը

Սեւ ծով-Կասպից ծով տարանցիկ միջանցքի գործարկման գաղափարն ակտիւ քննարկում են Վրաստանի, Ռումինիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Փորձագէտները կասկածով են խօսում այդ նախագծի արդիւնաւէտութեան մասին։

«alikonline.ir» - Սեւ ծով-Կասպից ծով տարանցիկ միջանցքի գործարկման գաղափարն ակտիւ քննարկում են Վրաստանի, Ռումինիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Փորձագէտները կասկածով են խօսում այդ նախագծի արդիւնաւէտութեան մասին։

Հայաստանեան մասնագէտները յոռետեսօրէն են վերաբերւում Սեւ ծով-Կասպից ծով տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին և նախագծի անդամների PR քայլ են համարում։ Գործարկելու դէպքում տեսականօրէն Հայաստանը կարող էր օգտւել այդ երթուղուց, սակայն գործնականում ամէն ինչ այլ է։

Երէկ Բուխարեստում Վրաստանի, Ռումինիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քառակողմ հանդիպման շրջանակում ստորագրել են Բուխարեստի հռչակագիրը Կասպից ծով-Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու վերաբերեալ։ Կողմերը նշել են, որ այդ միջանցքը Եւրոպան եւ Ասիան կապող առանցքային երթուղին դառնալու բոլոր հնարաւորութիւններն ունի։ 

«Սաթի» լոգիստիկ ընկերութեան տնօրէն Մակար Առաքելեանն այդ գաղափարն ընդամէնը PR է համարում. երթուղին թէեւ գցւած է, կայ ենթակառուցւածք, բայց արդիւնաւէտ չէ։

«Բեռների լուրջ ծաւալներ չկան, որոնք կարող են առաքւել այդ միջանցքով Եւրոպայից Ասիա։ Ապրանքները սկզբից ռումինական Կոնստանցա նաւահանգստից լաստանաւով առաքւում են Փոթի։ Այնուհետեւ, ամենայն հաւանականութեամբ, երկաթուղով տեղափոխւում են Ադրբեջանի Ալեատ նաւահանգիստ, իսկ այդտեղից` Թուրքմենբաշի»,- ասաց Առաքելեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Բայց ամբողջ հարցն այն է, թէ ինչպիսի ապրանքներ են տեղափոխւելու այդ երթուղով եւ որքանով է այդ երթուղին արդիական։ Այսօր շատ բեռներ Եւրոպայից առաքւում են Թուրքմենստան Թուրքիայի, Իրանի կամ Ռուսաստանի տարածքով։

Առաքելեանը նաեւ նշեց, որ Հայաստանը չպէտք է մտածի այդ միջանցքին միանալու մասին։

«Ամէնից առաջ մենք բաւականաչափ բեռներ չունենք, որոնք կարելի է առաքել Թուրքմենստան կամ Ռումինիա։ Միւս կողմից պէտք է հաշւի առնել Բաքւի գործօնը։ Աւելի լաւ է` Հայաստանը կենտրոնանայ Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքի շինարարութիւնն աւարտելու վրայ»,- համոզւած է Առաքելեանը։

Նրա հետ համակարծիք է «Հայաստանի տրասնպորտային առաքողների միութեան» հասարակական կազմակերպութեան նախագահ Եղիշէ Յովհաննիսեանը` նշելով, որ այդ ուղին նոր չէ։

«Դա ուղղակի PR քայլ է, եւ Հայաստանը տեղ չունի այդ նախագծում»,- ասաց Յովհաննիսեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Իր հերթին Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Պաատա Ցագարեիշւիլին նշեց, որ երթուղին վատը չէ, սակայն առանց գործարկման կոնկրետ մեխանիզմների առայժմ պէտք չէ լուրջ վերաբերւել դրան։

«Նախագիծը մշակւած չէ, նշւում է միայն երթուղու անունը։ Կոնկրետ սակագներ չկան, մտածւած չէ այն հարցը, թէ ինչպիսի տրանսպորտային միջոցներ են օգտագործւելու փոխադրումների համար։ Այստեղ շատ նրբութիւններ կան, որոնք դեռ չեն դիտարկւել, ուստի բարդ է խօսել միջանցքի արդիւնաւէտութեան եւ հեռանկարների մասին»,- ասաց Ցագարեիշւիլին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում։

Ինչ վերաբերում է այդ երթուղուն Երեւանի միանալուն (Թբիլիսիով), ապա Ցագարեիշւիլին յոռետեսօրէն է վերաբերւում այդ գաղափարին։ Փորձագէտի կարծիքով` ամենամեծ խոչընդոտը Բաքւի դիրքորոշումն է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։