Հա

Օրակարգ

26/05/2014

Մեր լինելութեան էատարրը

Իւրաքանչիւր ՄԱՅԻՍԻ 28 ոչ միայն մեր սրտերն ու հոգիները լցնում է հպարտութեան ու բերկրանքի զգացումով, այլ նաեւ մեզ ստիպում է մտովի ճամբորդել պատմութեան խորքերը, վերյիշել պատմական այն դաժան պայմաններն ու օրհասական օրերը, որոնց մսաղացի միջից անցնելով՝ ծնունդ առաւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ:

Մայիսի 28-ի առիթով

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իւրաքանչիւր ՄԱՅԻՍԻ 28 ոչ միայն մեր սրտերն ու հոգիները լցնում է հպարտութեան ու բերկրանքի զգացումով, այլ նաեւ մեզ ստիպում է մտովի ճամբորդել պատմութեան խորքերը, վերյիշել պատմական այն դաժան պայմաններն ու օրհասական օրերը, որոնց մսաղացի միջից անցնելով՝ ծնունդ առաւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ:
Սիմոն Վրացեանի բնութագրմամբ «անձեւ քաոսի ու աւերակների կոյտից» ծնւեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ: «Բացառիկ» մի երկիր էր այն օրերի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ: «Օղակաձեւ շղթայով շրջապատւած իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապւելու, նրան լուր տալու եւ այնտեղից լուր առնելու գրեթէ բոլոր հնարաւորութիւններից: Օղակւած ու շղթայւած թուրք զօրքերով ու թաթար ազգաբնակչութեամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ՝ մատնւած գալիքի օրհասի ահաւոր սարսափներին»,- գրում է Վահան Նաւասարդեանը:
Եւ հէնց այդ պատճառով էլ՝ շատերն «անժամանակ այդ ծնունդին» «ցնծութեան աղաղակներով ու ծափերով չնդունեցին»: Օրհասական այդ պայմաններում անկախութիւնը նրանց համար «թւում էր հեգնանք», ու նրանք չակերտեցին նորածին մանկան անւան «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ եւ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ բառերը» (անուղղակի մէջբերումները Սիմոն Վրացեանից է):
Դաժան այս պայմանները պատմութեան թելադրանքն էր, ժամանակի պարտադրած իւրայատուկ մարտահրաւէրը, որի դէմ ընկրկելը կը նշանակէր թերթել հայոց պատմութեան վերջին էջը, վերջնականապէս խաչ քաշել սեփական արժանապատւութեան, որպէս ազգ ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ապրելու եւ արարելու իրաւունքի վրայ:
Դա գիտակցելով էր, որ պատմական այդ ժամանակաշրջանի ազգային սերուցքը՝ քաղաքական առաջնորդ ուժը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը խիզախօրէն դէմ-յանդիման գնաց դաժան մարտահրաւէրին, կարողացաւ օգտւել ընձեռւած բացառիկ հնարաւորութիւնից, եւ քաղաքական բարդագոյն իրավիճակում, բացարձակապէս ոչնչից կառուցեց պետականութիւն ու դրա կայացման փորձ կատարեց:
Նրանք՝ Հանրապետութեան հիմնադիր սերունդը, անանձնացան, խիզախեցին, պայքարեցին ու զոհաբերեցին պետութեան ու պետականութեան ստեղծման եւ ամրապնդման համար, որպէսզի հայ մարդու տեսակը չվերանայ, շարունակի ապրել, ունենայ ապագայ ...
Պատմական անբեկանելի փաստ է, երկու կարծիք լինել չի կարող, ՄԱՅԻՍԻ 28-ին, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ հիմնադրեցին Դաշնակցութեան այն օրերի լաւագոյն ներկայացուցիչները: Անկախութիւնը նրանց զոհաբերութիւնների, զրկանքների ու պայքարի արդիւնք էր: Նրանք էին, որ շրջեցին պատմութեան գահավէժ ընթացքը, անէութիւնից՝ բացարձակ քաօսից ստեղծեցին անկախ պետականութեանն անհրաժեշտ գրեթէ ամէն ինչ՝ խորհրդարան, բանակ, տնտեսութիւն, քաղաքաշինութիւն ... Ամենադաժան պայմաններում չմոռացան լուսաւորութեան մասին: Հիմնադրեցին համալսարան, բացեցին նոր դպրոցներ, սկիզբը դրեցին ազգային գրադարանի ու պատկերասրահի ... Առաջին անգամը լինելով՝ Հայաստանին բերեցին միջազգային ճանաչում՝ ամրագրելով հայութեան արդարացի իրաւունքները միջազգային պայմանագրով՝ ՍԵՒՐՈՎ ... Իսկ թերեւս ամենակարեւորը՝ 1918-20 թւականներին, անկախութեան կարճատեւ տարիներին, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ դարձրին ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ մեր ազգի հողմացրիւ բեկորներին պարգեւելով տուն վերադարձի տեսլականը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ դաշնակցական բոլոր սերունդների հպարտութիւնն է՝ կուսակցութեան մեծագոյն ձեռքբերումը: Սակայն առաջինը հէնց դաշնակցականներն են գիտակցում, որ ՄԱՅԻՍ 28-ն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ ազգային բացարձակ արժէքներ են, որ ամբողջութեամբ պատկանում են համայն հայ ժողովրդին, քանզի առանց նոյն այդ ժողովրդի մաքառումների, Դաշնակցութեան նկատմամբ բացարձակ վստահութեան ու հովանաւորութեան ոչ ոքի չէր յաջողւի ստեղծել ոչինչ:
Անշուշտ, անթերի ու կատարեալ չի եղել ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ: Մանաւանդ, եթէ հաշւի առնենք ժամանակի պայմաններն ու 700 տարի պետականութեան ու պետական մտածողութեան բացակայութեան պատմական փաստը: Եղե՞լ են արդեօք սխալներ ու բացթողումներ. անկասկած, տեղատւութիւննե՞ր՝ հարկաւ, պարտութիւննե՞ր՝ անշուշտ: Կարեւորը, սակայն, հիմնական էատարրն ու գաղափարախօսութիւնն է, որով ՄԱՅԻՍ 28-ն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ շաղեցին հայութեան միտքն ու ոգին՝ անփոփոխ պահելով հայութեան ապրող մարմնի իսկութիւնը, երաշխաւորելով ազատ ու արժանապատիւ ապրելու, մեր ապագան ինքներս որոշելու իրաւունքը:
Մնացած բոլորն արդէն լուսանցքային են՝ երկրորդական արժէք ունեցող:
Եւ քանի դեռ ՄԱՅԻՍ 28-ի եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ հռչակած գաղափարների ու սահմանած արժէքների կենսատու յորդ աւիշը հոսում է հայ ժողովրդի երակներում, անկախութիւնը կը մնայ որպէս ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԷՔ, որի համար հայ ժողովրդի հերթափոխ սերունդները կանէանան, կը խիզախեն ու կը զոհեն ամէն ինչ:
Չենք կասկածում՝ կը գայ օրը, երբ կը կենսագործւի ՄԱՅԻՍ 28-ը կերտողների մեզ աւանդած մեծ տեսլականը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, եւ այդ օրը մէկընդմիշտ կը դադարեն ՄԱՅԻՍ 28-ն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ Առաջին ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ նսեմացնել փորձող հիւանդ ուղեղների ցնորամիտ զառանցանքները:
Շնորհաւոր ՄԱՅԻՍԻ 28-ը՝ հայոց տօների տօնը:

Յարակից լուրեր

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականաը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականաը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են
    Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք
    Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

  • Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին
    Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

    «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

  • Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը
    Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը

    Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։