Հա

Օրակարգ

27/07/2014 - 12:30

Մեր ժամանակներն ու Լիսբոնի ոգին

Լիսբոնի սխրագործութիւնից ընդամէնը 8 տարի առաջ՝ 1975 թւականին, «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի կողմից՝ հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ապա 2 օր անց նաեւ Փարիզում, թուրքական դեսպանների ահաբեկումով մեկնարկած Հայ Դատի համար զինեալ պայքարը թէեւ մինչ այդ ունեցել էր որոշակի ձեռքբերումներ, սակայն միանշանակ էր, որ դրանք դեռեւս բաւարար ու գոհացուցիչ չէին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

«Զինեալ պայքարը միակ միջոցն է՝ ապահովելու մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Մենք կորցրել ենք, համարեա, մեր ամէն ինչը, մինչեւ անգամ մեր ինքնութիւնը, բայց, բարեբախտաբար, մենք դեռ պահպանել ենք մեր յեղափոխական յանդգնութիւնը: Մենք վճռել ենք յօդս ցնդեցնել այս շէնքը եւ մնալ փլւածքի տակ: Սա ինքնասպանութիւն չէ, ոչ էլ՝ խելագարութեան արտայայտութիւն: Սա զոհաբերութիւն է ազատութեան բագինին»,- այսպէս էր ասւած 1983 թւականի յուլիսի 27-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում, Թուրքիայի դեսպանատունը գրաւած, եւ այն պայթեցրած «Հայ Յեղափոխական Բանակ»-ի 5 անձնազոհ տղաների հրապարակած հաղորդագրութեան մէջ:
Լիսբոնի սխրագործութիւնից ընդամէնը 8 տարի առաջ՝ 1975 թւականին, «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի կողմից՝ հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ապա 2 օր անց նաեւ Փարիզում, թուրքական դեսպանների ահաբեկումով մեկնարկած Հայ Դատի համար զինեալ պայքարը թէեւ մինչ այդ ունեցել էր որոշակի ձեռքբերումներ, սակայն միանշանակ էր, որ դրանք դեռեւս բաւարար ու գոհացուցիչ չէին:
Իրականում, Լիսբոնի սխրագործութիւնը եկաւ նոր շունչ, նոր որակ ու նոր թափ հաղորդելու Հայ Դատի համար մղւող զինեալ պայքարին: 1983 թւականի յուլիսի 27-ին իրականացւած գործողութիւնը ցնցեց ողջ աշխարհը: Միջազգային հանրութեան արձագանգը շոկային էր: Թէեւ ընդունւած կարգի համաձայն՝ նրանք շտապեցին մեր անձնազոհ տղաների սխրանքը որակել որպէս «ահաբեկչական գործողութիւն», այնուամենայնիւ, ակնյայտ էր, որ Լիսբոնից յետոյ, բոլորը ստիպւած եղան լռելեայն խոստովանելու, թէ ընդամէնը մէկ տասնամեակից էլ պակաս ժամանակահատւածում պայքարի ասպարէզ է իջել հայ երիտասարդների որակապէս մի նոր սերունդ, որն ինչպէս իմաստուն ասացւածքն է ասում. «ԳԻՏԷ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԷ ՄԵՌՆԵԼ: ԵՒ ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԷ ԱՊՐԵԼ...»:
Գիտակցւած զոհաբերութիւն՝ ամրագրւած բարոյական ու մարդկային ամենավեհ արժէքներով: Մեր տղաների համար նպատակը երբեւէ չէր արդարացնում միջոցը: Թիրախը միայն թուրքական պետութիւնն էր ու դրա շահերը ներկայացնողները: Շարքային որեւէ քաղաքացի, ինչ ազգութեան էլ, որ այն պատկանելու լինէր, հնարաւորինս չպէտք է տուժէր կազմակերպւած գործողութիւններից: Հէնց այդ սկզբունքից ելնելով էր, որ Լիսբոնի տղաները, դեսպանատան շէնքը պայթեցնելուց առաջ, ազատ արձակեցին Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանի կնոջն ու հարազատներին: Նման սկզբունքային ու բարոյական մօտեցումն էր, որ կրկնակի-եռակի արժեւորում էր «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի ու «Հայ Յեղափոխական Բանակ»-ի տղաների նւիրաբերումը՝ «ազատութեան բագինին»:
Լիսբոնի սխրանքի, եւ ոչ միայն Լիսբոնի գործողութեան (Չմոռանանք Լոս Անջելէսը, Բելգրադը, Սոֆիան, Օտտաւան եւ ....) շնորհիւ էր, որ փշրւեց հայութեան արդար դատի շուրջ քաշւած լռութեան անարդար պատը: Այնուամենայնիւ, պատմական փաստ է, որ հէնց բեկումնային եղաւ Լիսբոնը: Այս գործողութիւնից յետոյ էր, որ միջազգային տարբեր ատեաններն ու երկրները ստիպւած եղան խոստովանել Հայկական Հարցի եղելութեան մասին, ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը:
Հայկական զինեալ պայքարի արդի հանգրւանը տեւեց ընդամէնը մէկ տասնամեակ: Աշխարհաքաղաքական, գլխապտոյտ փոփոխութիւնների յորձանուտում, տակտիկական նկատառումներից ելնելով, պարտադրաբար սառեցւեց հայ ժողովրդի զինեալ պայքարը, սակայն, անմիջապէս, ծնւեց Արցախեան ազատամարտը:
Թէեւ, որպէս այդպիսին, օրգանական՝ ուղղակի կապ գոյութիւն չունէր Հայ Դատի համար ընթացող զինեալ պայքարի եւ Արցախեան ազատամարտի միջեւ, այնուամենայնիւ, ակնյայտ էր, թէ այդ երկու երեւոյթներն էլ միեւնոյն ոգու, գաղափարական միեւնոյն համոզումների ծնունդ էին: Համոզումներ, որոնք կարմիր թելի պէս ձգւել ու գաղափարական միեւնոյն՝ անտեսանելի օղակի մէջ էին առել 1970-80-ական թւականների հայ իրականութեան ազգային, քաղաքական-հասարակական ասպարէզ իջած նոր սերունդին՝աշխարհի չորս ծիրերում:
Թւում էր, թէ անկախութիւն եւ յաղթանակ ծնող այդ ոգին ու գաղափարական համոզումներն էին, որ պէտք է ամրագրւէին, բիւրեղանային ու կատարելագործւելով՝ վերածւէին հայոց նորանկախ պետականութեան կենսունակութիւնը, հզօրացումն ու գոյատեւումը երաշխաւորող արժէքային համակարգի:
Սակայն, աւաղ, որ պետականաշինութեան զգայուն գործում հէնց ամենասկզբից «անուղղելի ռոմանտիկներ»-ին փոխարինման եկան սառը դատող «պրագմատիկներ»-ը, ովքեր «ի զօրու» էին մաթեմատիկական հաշւարկներ կատարել եւ «գիտակցել», թէ ինչ է կատարւում աշխարհում, եւ ինչպէս պէտք է համակերպւել աշխարհի տէրերի թելադրանքներին ու պահանջներին՝ սեփական գոյութիւնը երաշխաւորելու համար: Նրանք, սակայն, աչքաթող էին արել մի պարզ ճշմարտութիւն. «Եթէ չկայ իդէալիզմ՝ գաղափարապաշտութիւն, ապա պրագմատիզմը քաղաքականութեան մէջ շատ արագ վերածւում է ցինիզմի»՝ անխուսափելիօրէն ծնելով հայրենակործան ու ազգակործան խարխափումներ:
Խարխափումներ, որոնք, դժբախտաբար, ուղեկցում են մեզ անկախութիւնից ի վեր, յատկապէս՝ վերջին տարիների ընթացքում:
Հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու ի սկզբանէ ձախողած փորձեր, արեւելք, թէ արեւմուտք, Եւրասիա, թէ Եւրոմիութիւն, սեփական անվտանգութիւնն ու գոյութիւնը բացառապէս ուրիշի կամքով ու ցանկութեամբ պայմանաւորելու պարտւողական դոկտրինայի կիրառում..., նպատակի ու միջոցի աղէտաբեր նոյնացում: Այս բոլորը հէնց «պրագմատիկներ»-ի մեզ նւիրած խարխափումների, յարմարւողականութիւնը յեղափոխական պայքարին գերադասելու արդիւնքն են, որոնք հիմնականում պայմանաւորւած են Լիսբոն կերտող ոգին ու գաղափարական համոզումները եօթ փակի տակ պահելու, այսպէս կոչւած օրէնքից դուրս՝ ժամանակավրէպ յայտարարելու ձախաւեր քաղաքականութեամբ:
Այսօր, երբ մեր աչքերի առջեւ վերաձեււում է տարածաշրջանի քաղաքական քարտէզը: Երբ աստիճանաբար ուրւագծւում են բաժանարար նոր սահմաններն ու ծնւում են նոր պետութիւններ, երբ կարծես, թէ տեւական մահւան քնից յետոյ, վերակենդանացման նշաններ են ցոյց տալիս հին՝ «մոռացւած» դաշնագրերը (Սեւր), պատմական արդարութիւնը վերականգնելու նպատակով, մեր մեծ տեսլականի՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ կեանքի կոչման նպատակով, առաւել քան երբեւէ մեզ անհրաժեշտ են հէնց Լիսբոն կերտող ոգին ու գաղափարական համոզումները:
Չշփոթէ՛ք յանկարծ. Մենք անուղղելի ռոմանտիկներ չենք, ոչ էլ պարզամիտ լաւատեսներ: Ընդհակառակը՝ սառը դատող պրագմատիկներ ենք, որ կարողանում ենք տեսնել ոչ շատ հեռու ապագայի աշխարհաքաղաքական իրականութիւնը (ճիշտ այնպէս, ինչպէս, որ անում էինք ողջ 20-րդ դարի երկրորդ կէսի ընթացքում՝ արժանանալով «իրատեսների» քմծիծաղին: Յիշէք Հայաստանի անկախութեան գաղափարի փայփայման փաստը՝ մեր կողմից), եւ գիտակցում ենք, որ այդ իրականութեան «արեւ»-ի ներքոյ մեր արժանի տեղն ունենալու համար՝ մեզ անհրաժեշտ է Լիսբոնի մարտունակ ոգին:
Համոզւած ենք, սակայն, որ այդ ոգին ու գաղափարական համոզումները վստահելի եւ ամուր պահպանւած են հայ մարդու հոգու եւ գիտակցութեան ծալքերում, սպասելով այն պահին, երբ կը փշրւեն ագռաւաքարի դռները, եւ նրանք կրկին դրսեւորւելու առիթ կը ստանան՝ մեզ պարգեւելով յաղթանակի ու հպարտութեան նորանոր առիթներ:
Սրանում երկու կարծիք լինել չի կարող, քանի որ դրանք մեր ազգի գենետիկ կոդի անքակտելի մի մասնիկն են կազմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։