Հա

Օրակարգ

13/06/2013 - 04:30

Ինչպէս նախորդող 34 տարիներին, իրանահայութիւնը պետական, ազգային ու քաղաքացիական բարձր գիտակցութեամբ է ներգրաււելու եւ մասնակցելու վաղւայ՝ 11-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին:
Դեռեւս նախընտրական մեկնարկային շրջանում իրանահայութիւնը ի դէմս իր խորհրդարանական պատգամաւորների՝ ներկայացուցչական ձեւաչափով ի մի գալով՝ յստակ, համակարգւած, ծրագրային-նպատակային բանաձեււած դրոյթների տեսքով իր սպասելիք-պահանջները ներկայացրեց երկրի Գործադիր իշխանութեան ղեկավարութեանը յաւակնող բոլոր թեկնածուներին: Ինչ խօսք՝ այս հանգամանքն ուժի մէջ է մնալու մինչ այն ժամանակ, երբ պարզորոշւած ու ընտրւած կը լինի նոր նախագահը, անկախ նրանից, թէ թեկնածուներից ում կը վստահւի յոյժ ծանրակշիռ եւ պատասխանատու հանգամանքը:

Համապետական ու համերկրային մասշտաբով իրանահայ հինաւուրց համայնքը, ինչպէս միշտ, կարեւորել է երկրի ազգային ու պետական շահերը՝ ներքին թէ արտաքին հասարակական-տնտեսա-քաղաքական ոլորտներում, երբ երբեւէ ճիգ չի խնայել իր բաժին լուման բերելու նպատակային վերոգրեալ բնագաւառներում՝ քաղաքացիական պարտքի խոր գիտակցումով:
Չմոռանանք՝ այդպիսի գիտակցումը ակունք է առել պատմական հարիւրամեակների երկայնքից ու որպէս ցայտուն ու անհերքելի փաստ-օրինակ՝ ամրագրւել է իրանական սահմանադրական կարգերի հաստատմանը յանգող Եփրեմների անմնացորդ ներդրումներից: Նորագոյն ժամանակներում, սակայն, սոյն գիտակցութիւնը նւիրականացւեց խոշոր ու պատկառելի տոկոսով՝ Իրաքա-իրանեան պարտադրեալ պատերազմի ողջ երկայնքում՝ իրանահայ զինւոր-նահատակների սխրագործութիւններում...
Իրանահայ պահանջատէր ու հետամուտ քաղաքացին նաեւ ու մանաւանդ որպէս համայնքային միաւոր՝ հաւատացած է, որ ընտրական տւեալ գործընթացի կայացմամբ՝ չի աւարտւելու իր քաղաքացիական-համայնքային դերակատարումը:
Ուստիեւ՝ Գործադիր իշխանութիւնը գլխաւորող նորընտիր նախագահից եւ ենթակայ ատեան-մարմիններից շարունակելու է պահանջել անկատար թէ կիսակատար մնացած ակնկալիք-իրաւունքների կենսագործումը՝ ազգային, կրօնական, իրաւական, սոցիալ-տնտեսական, կրթական թէ մարզա-մշակութային բնագաւառներում, որոնք, ինչ խօսք, ուղղակի եւ անմիջական ազդեցութեամբ խթանելու են իրանական ամենամեծ քրիստոնեայ համայնքի քանակական թէ որակական առաջընթացի ապահովմանը՝ նոյն բնագաւառներում...:
Ահաւասիկ, այս ակնկալիքներով ու պահանջատիրութեան գիտակցումով է, որ իրանահայը իր ստւարաթիւ շարքերով եւս ուս-ուսի իրանական բոլոր հայրենակիցների՝ մասնակցութիւն կը բերի նախագահական ընտրութիւններին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։