Հա

Օրակարգ

06/02/2013

5-րդ դարում, առաւել ստոյգ տւեալներով՝ 451 թւականին, Ս. Մեսրոպ-Սահակեան հայոց ինքնուրոյն այբուբենի գիւտից ու դրան յաջորդած մշակութա-քաղաքական վերածնունդի Ոսկեդարից կէս դար չանցած,- թերեւս ինչ-որ պատմաբնախօսական, պատճառա-հետեւանքային ներքնահուն ընթացքով,- հայ ժողովուրդը դէմ-յանդիմա՛ն կանգնեց ճակատագրական մի այլ մարտահրաւէրի:
Եթէ կէս դար դրանից առաջ մեր վաղեմագոյն եւ մի շարք իւրովի տւեալներով՝ վսեմագոյն ազգին սպառնում էր ոգեղէն մահը, ապա ա՛յս անգամ՝ Հայոց աշխարհի վրայ,- դամոկլէսեան թրի պէս,- կախւել էր նաեւ մարմնապէս՝ ֆիզիկապէս բնաջնջւելու սպառնալիքն ու թրագետիկ հիմնովին ոչնչացումը:


Իւրաքանչիւր հայ անձնաւորութիւն, մանկութիւնից ի վեր, քիչ եւ կամ շատ տւեալներով, ծանօթ է Աւարայրի գոյամարտին, հայոց հաւատի եւ լինելութեան կարմիր մղձաւանջի միջից վեր յառնող՝ Կարմիր Զօրավարի եւ նրա 1036 մարտա-ռազմական համախոհ զօրականների անչափելի սխրանքին, դիւցազներգութեան համազօր վսեմ նահատակութեան՝ «Վասն հայրենեաց եւ հաւատի»:
Յիշելով միայն, որ դա բովանդակ Քրիստոնեայ աշխարհում եւս համարւում-նկատւում է առաջին պատերազմը յանուն Փրկչի ուսմունքների՝ վերոյիշեալ պատճառներով աւելորդ ենք համարում կրկի՜ն պատմել պատմութիւնը բազմիցս նկարագրւած, այլ պիտի փորձենք՝ նկատել, վե՛ր հանել, ժամանակի եւ տարածութեան հեռո՜ւ-հեռաւորութիւններից՝ աւելի զուտ եւ մաքուր, աւելի ժանգաթափ եւ բիւրեղացած տեսնել՝ խնդրի բուն էութիւնը, հարցի ոգին, սաւառնո՛ղ, ճախրո՛ղ, արծւի լայնալիճ թեւերի շուքով ու զուլալ շքեղանքով հայութեանն ու հայկականութեանը հսկող ոգի՜ն, որն ասես դրականօրէն կախարդական-մոգական, բայց եւ անվերապահօրէն Աստւածայի՛ն եւ մանաւանդ Արարչական ուժով ու կարողականութեամբ, իր դրական լիցքերով՝ պայծառ ու վառ էներգիաներով՝ ամէն անգամ մղել է մեզ կանգնելու, կրկի՛ն կանգնելու՝ բարձրանալո՜ւ, խիզախելո՛ւ, պայքարելո՛ւ եւ սխրագործելո՜ւ՝ երբ հասել ենք լինել-չլինելու եզերքին՝ ի սպառ կորչելու՝ արմատ կտրւելու վտանգին:... Ոգին, ա՛յդ ոգին, որ զգում, բայց չե՜նք տեսնում, շնչո՛ւմ, բայց չե՜նք կորցնում արտաշնչանքով, բռնկւում, սակայն դրանից մոխրանալու տեղ՝ վառւում ենք ներքին լոյսով, ոգեշնչւում հոգեպէս, զինւում ու գեղեցկանում, ջերմանում ու պայծառանում:
Այդ անմահ եւ յաւերժ դրական Ոգին է, որ պէ՛տք է այսօր՝ Սփիւռքում, Արցախում, Հայաստանում, ամէն տեղ եւ ամէն ինչում, որ մերն է, անարա՛տ, անխա՛բ ու ազնի՜ւ, քանզի ոչ ոքի համար վատը չուզելով՝ զոհաբերել ենք բազմաթի՜ւ, բազմաթի՜ւ, բազմաթի՜ւ բաներ, իսկ այդ բոլորից անցնելով՝ իրաւունք ունենք ապրելո՜ւ, մարդավայե՛լ, հայավայե՛լ, այլ՝ լիարժէք ազգերի պէս լիարժէք կեանք ունենալու եւ հասնելու... անմահութեա՜ն:
Մարմինը հող է դառնում, հոգին՝ շող: Թո՛ղ մեր մէջ առաւելապէս միշտ վառ մնայ ապրելու եւ արարելո՛ւ՝ ի սկզբանէ մեզ մօտ պահ տրւած կարողութիւնն այդ...  

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։