Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2013 14:10

11.09.1973 Քառասուն տարի անց

«... Եւ մտապահէք, աւելի շուտ, քան ենթադրում էք, կը բացւեն այն լուսաւոր ուղիները, որոնք ազատ մարդկանց կառաջնորդեն՝ կառուցելու աւելի լաւ հասարակութիւն: Կեցցէ՛ Չիլին: Կեցցէ՛ ժողովուրդը: Կեցցէ՛ աշխատաւորները»: Սրանք Չիլիի ժողովրդին ուղղւած Սալւադոր Ալիենդէի վերջին խօսքերն էին, որ հնչեցին ռադիօ պատգամի տեսքով 1973 թւականի սեպտեմբերի 11-ին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

«... Եւ մտապահէք, աւելի շուտ, քան ենթադրում էք, կը բացւեն այն լուսաւոր ուղիները, որոնք ազատ մարդկանց կառաջնորդեն՝ կառուցելու աւելի լաւ հասարակութիւն: Կեցցէ՛ Չիլին: Կեցցէ՛ ժողովուրդը: Կեցցէ՛ աշխատաւորները»:
Սրանք Չիլիի ժողովրդին ուղղւած Սալւադոր Ալիենդէի վերջին խօսքերն էին, որ հնչեցին ռադիօ պատգամի տեսքով 1973 թւականի սեպտեմբերի 11-ին: Նոյն օրը Չիլիում ռազմական յեղաշրջման արդիւնքում՝ իշխանութեան եկաւ գեներալ Աւգուստօ Խոզէ Ռամոն Պինոչետ Ուգարտէն, իսկ ազգընտիր նախագահ Սալւադոր Ալիենդէն ինքնասպան եղաւ նախագահական պալատի փլատակներում:
Այդ օրւանից ի վեր, Պինոչետի անունը նոյնացւեց արիւնոտ բռնապետութեան հետ: իշխանութեան գալուց յետոյ՝ նա ցրեց խորհրդարանը, արգելեց ամէն տեսակի քաղաքական եւ արհմիութենական գործունէութիւնը, մտցրեց խօսքի եւ մտքի տոտալ գրաքննութիւն: Նրա Իշխանութեան տարիներին աւելի քան երեք հազար այլախոհներ՝ քաղաքական գործիչներ, մտաւորականներ, ուսանողներ եւ արհմիութենական ակտիւիստներ զոհ գնացին բռնապետութեանը: Նրանցից շատերը դեռեւս համարւում են անհետ կորածներ:
Փաստ է, որ Պինոչետին յաջողւեց Չիլիին վերադարձնել կայունութիւնը, ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի տնտեսագէտների օգնութեամբ բարեփոխել եւ ոտքի հանել երկրի քայքայւած տնտեսութիւնը՝ 70-ական թւականների երկրորդ կէսին ապահովելով տնտեսական թռիչքային աճ:
Թւում էր, թէ սա հէնց այն է, որի մասին կարող է երազել Չիլիի իւրաքանչիւր շարքային քաղաքացի: Այնուամենայնիւ, իր իշխանութեան 15 տարիների ընթացքում գեներալը մնաց հասարակութիւնից մեկուսացւած՝ նրա կողմից մերժւած: Հասարակութեան տեսակէտից՝ Պինոչետը բռնազաւթիչ էր, արիւնարբու դիկտատոր:
Սա բնական երեւոյթ էր, քանզի չիլիացիների ճնշիչ մեծամասնութեան համար ամէն ինչ չէր, որ պայնաւորւում էր տնտեսական բարեկեցութեամբ: Նրանք գիտակցում էին, որ կան բացարձակ արժէքներ, որոնց համար կարելի է, եւ պէտք է զոհել շատ բաներ: Ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնն այդ արժէքների շարքից էր: Պինոչետի գլխաւորած ռազմական խունտան ոտնատակ էր տւել հէնց այդ բացարձակ արժէքը, սա նրանց գլխաւոր սխալն էր, մնացած բոլորը երկրորդական էին՝ածանցեալ: Վիրաւորւած, խոցւած էր ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնը, ուրեմն՝ ընծայւած բոլոր «բարիքներ»-ը ոչինչ արժէին:
Եւ չիլիացիները գիտակցաբար ելան պայքարի՝ փոխելու իրենց քաղաքացիական կեցութեան կարգավիճակը, վերականգնելու համար ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութիւնը, որի մարմնաւորում էին Սալւադոր Ալիենդէն, Պաբլօ Ներուդան, Վիկտոր Խարան եւ զինւորական խունտայի հազարաւոր այլ զոհերը:
Երկարատեւ, նպատակասլաց պայքարի շնորհիւ՝ Չիլիի քաղաքացիական շարժմանը յաջողւեց հասնել յաղթանակի: Սակայն, յաղթանակից աւելի կարեւորն այն էր, որ նրանք իրենց պայքարն օժտեցին բարոյական արժէքներով, ինչը նրանց օգնեց կառուցել ամբողջական ժողովրդավարական համակարգ, իր երկու երեսներով՝ քաղաքական եւ հասարակական, որտեղ այլեւս անհնար է դարձել ազատ քաղաքացու մարդկային արժանապատւութեան ոտնահարումը, եւ որի արդիւնքն իր մաշկի վրայ զգում է Չիլիի իւրաքանչիւր քաղաքացի:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ