Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 31 Յունւարի 2017 14:10

Թեհրան-Երեւան ռազմական գործակցութիւնը՝ որպէս անվտանգութեան այլընտրանքային տարբերակ

Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիարկութիւնը:

Վիգէն Սարգսեանի այցն ընդհանրապէս պէտք է դիտարկել վերջին շրջանում, գրեթէ բոլոր բնագաւառներում Իրան-Հայաստան վերելք ապրող յարաբերութիւնների համատեքստում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիարկութիւնը:

Վիգէն Սարգսեանի այցն ընդհանրապէս պէտք է դիտարկել վերջին շրջանում, գրեթէ բոլոր բնագաւառներում Իրան-Հայաստան վերելք ապրող յարաբերութիւնների համատեքստում:

Այն, սակայն, առաջին հերթին կարեւոր է այն առումով, որ դրա օրակարգային հիմնական թեման կազմելու է յատկապէս երկու երկրների միջեւ ռազմական ոլորտի յարաբերութիւնների ընդլայնումը, որն անկասկած ռազմավարական լուրջ նշանակութիւն եւ հեռանկար կարող է ունենալ տարածաշրջանային հիմնախնդիրների ֆոնին:

Չմոռանաք, որ Մերձաւոր Արեւելքում եւ Հարաւային Կովկասում իրավիճակը չափազանց լարւած, անկայուն եւ անորոշ է, իսկ Հայաստանն էլ շարունակում է մնալ փաստացի պատերազմական վիճակում եւ պատերազմական գործողութիւնները կարող են վերսկսւել ցանկացած պահի:

Բացի այդ, աշխարհաքաղաքական առումով տեղի է ունենում ուժերի յարաբերակցութեան գլոբալ վերադասաւորում, ազդեցութեան գօտիների վերաբաժանում եւ ռազմավարական շահերի վերաբանաձեւում, որից, բնականաբար չեն կարող անմաս մնալ տարածաշրջանն՝ ընդհանրապէս, իսկ Իրանն ու Հայաստանը՝ յատկապէս:

Հէնց այս իրավիճակն էլ տարածաշրջանային բոլոր խաղացողների համար անխտիր պարտադիր է դարձնում վերադիրքաւորումն ու ռազմավարական սկզբունքների եւ մարտավարական մօտեցումների համաչափեցումը նոր պայմաններին:

Այս լոյսի ներքոյ Հայաստանի համար անվտանգութեան այլընտարանքային տարբերակների մշակումն ու ձեւաւորումը դառնում է օրակարգային անշրջանցելի առաջնահերթութիւն, մանաւանդ, որ ՀԱՊԿ-ն արդէն բազմիցս հասցրել է ապացուցել, որ Հայաստանի համար չի կարող դառնալ անվտանգութեան յուսալի երաշխիք, իսկ ՆԱՏՕ-ն՝ որպէս այլընտրանքային տարբերակ, բացառւած է Հայաստանի անվտանգութեան օրակարգից:

Հէնց այս պայմաններում է, որ որպէս այդպիսին, Հայաստանի համար առանցքային նշանակութիւն է ստանում Իրանը: Մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անվտանգութեան եւ ռազմական ոլորտներում համագործակցութիւնը բխում է նաեւ Իրանի անմիջական շահերից:

Հայ-իրանական ռազմական համագործակցութեան խորացման համար առկայ են բոլոր նախապայմանները:

Ներկայ պահին թէ՛ Հայաստանը, թէ՛ Իրանը փաստացի միեւնոյն մարտահրաւէրն ունեն, որը պայմանաւորւած է ռազմական ոլորտում ադրբեջանա-իսրայէլական յարաճուն յարաբերութիւններով, ինչն արդէն ստացել է ռազամավարական նշանակութիւն:

Ու թէեւ, տարածաշրջանային յարաբերութիւններում պաշտօնական Թեհրանը միշտ էլ փորձել է հաւասարակշռւած եւ համաչափ վերաբերմունք ցուցաբերել Երեւանի եւ Բաքւի նկատմամբ, այդուհանդերձ, ակնյայտ է, որ երկրի հիւսիսային սահմաններում Իսրայէլի անմիջական ու ամրապնդւող ներկայութիւնը Իրանին կստիպի վերջապէս խախտել նժարի երկու կողմերի հաւասարութիւնը:

Վերջին շրջանում հայ-իրանական յարաբերութիւններում նկատւող աննախադէպ աշխուժութիւնն ինչ-որ տեղ մեզ յուշում է, որ այդ գործընթացի մեկնարկն արդէն տրւած է: Մնում է յուսալ, որ երկու մայարաքաղաքները, մասնաւրապէս՝ Թեհրանը ռազմական գործակցութիւնը կը դիտարկեն որպէս անվտանգութեան առկայ համակարգերի իրական այլընտրանք: Մանաւանդ որ՝ փորձագիտական միտքը յուշում է, որ նմանատիպ յարաբերութիւնները կողմերին թոյլ են տալիս անվտանգութեան այլընտրանքային տարբերակ կառուցել, ինչն յաճախ աւելի ամուր է ֆորմալ դաշինքներից, ինչպիսին է, օրինակ, ՀԱՊԿ-ն, քանի որ հիմնւում է կողմերի բնական եւ անմիջական շահերի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։