Հա

Օրակարգ

Շաբաթ, 04 Փետրւարի 2017 11:50

Հայ-իրանական յարաբերութիւնների որակական նոր փուլը

Թէեւ վերջին մէկ տարւայ ընթացքում հայ-իրանական յարաբերութիւններում ակտիւութեան պակաս չի զգացւել, այդուհանդերձ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, որ ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի այցն Իրան իր օրակարգային յագեցւածութեամբ, կարեւորութեամբ ու նշանակութեամբ աննախադէպ էր:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Թէեւ վերջին մէկ տարւայ ընթացքում հայ-իրանական յարաբերութիւններում ակտիւութեան պակաս չի զգացւել, այդուհանդերձ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, որ ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի այցն Իրան իր օրակարգային յագեցւածութեամբ, կարեւորութեամբ ու նշանակութեամբ աննախադէպ էր:

Այցը կոչւած էր խթանելու պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցութեանը: Դատելով արդիւնքներից, աներկբայօրէն կարելի է ասել, որ այն ոչ միայն ստացւեց, այլ, դեռ աւելին, գերազանցեց բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները:

Այս կապակցութեամբ անդրադառնանք մի քանի ընդգծւած փաստերի, որոնց անդրադարձել են փորձագէտները.

- ՀՀ պաշտպանութեան այցի արդիւնքում հայ-իրանական յարաբերութիւնները թեւակոխեցին որակական ամբողջովին նոր փուլ, որը վերաբերւում է պաշտպանութեան, անվտանգութեան եւ ռազմական համագործակցութեան ոլորտներին:

- Սա նշանակում է, որ Թեհրանն ու Երեւանը հաստատակամ են ամբողջովին իրացնել երկկողմ յարաբերութիւններում առկայ ողջ ներուժը, որը մինչ այժմ չի օգտագործւել: Ակնյայտ է, որ կողմերը նոր թափ են հաղորդում ռազմաքաղաքական ոլորտի համագործակցութեան:

- Իսկ սա ենթադրում է գործակցութեան խորացում այնպիսի ասպարէզներում ինչպիսիք են, օրինակ, հակաօդային պաշտպանութեան արդիական համակարգերի նախագծումն ու ստեղծումը, բարձր տեխնոլոգիական ռազմարդիւնաբերութիւնը, թիկունքի ապահովման խնդիրները եւ ռազմաուսումնական հարցերը:

- Նման խորացւած գործակցութիւնը չի կարող չազդել հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգի այլ կէտերի վրայ: Այն կարող է ունենալ տնտեսական որոշակի նշանակութիւն` յատկապէս Հայաստանի համար:

- Իսկ ամենակարեւորը. երկու երկրների պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպման ժամանակ ադրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին, գեներալ Հոսէյն Դեհղանը յատուկ ընդգծել է, որ այն չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ սա անկասկած կարող է առանցքային նշանակութիւն ունենալ արցախեան հիմնահարցի համար:

Փաստօրէն, ինչպէս ճանաչւած իրանագէտ Վարդան Ոսկանեանն է ասում. «Այն ուղղակի ազդակ էր յղւած Ադրբեջանին առ այն, որ Իրանը դէմ է, որպէսզի հակամարտութեան գօտում իրավիճակը թեժանայ կամ, Աստւած մի արասցէ, պատերազմական գործողութիւններ սկսւեն: Եթէ նախարարի յայտարարութիւնը թարգմանենք դիւանագիտական լեզւով, ապա կարելի է ասել` դա յստակ ազդակ էր, ուղղւած Բաքւին, որ Իրանը որեւէ կերպ ոչ միայն չի ողջունելու այդ հակամարտութեան սրումն Ադրբեջանի կողմից, այլ պարզապէս դէմ է, որպէսզի նման սրումներ լինեն: Իրանի «սպառնալիքը», ուղղւած Բաքւին, յստակ էր, եւ կարծում եմ` այդ ազդակը տեղ է հասել»:

Հանրագումարում, եթէ բնութագրելու լինենք ՀՀ պաշտպանութեան նախարարի Թեհրան կատարած այցը, ապա միանշանակօրէն կարող ենք ասել, որ այն ունէր ռազմաքաղաքական հսկայական նշանակութիւն, որի արդիւնքները միանշանակօրէն մեծ են լինելու տարածաշրջանում ուժերի յարաբերակցութեան, վերադասաւորումների, վերադիրքաւորումների վրայ, եթէ, իհարկէ, կողմերն ամբողջովին իրացնեն դրա ողջ հնարաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։