Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 08 Մայիսի 2017 14:50

Ինչ կատարւեց Ֆրանսիայում կամ միջին խաւի թուլացման անմիջական հետեւանքները

Փաստօրէն, գոնէ տեսանելի ապագայում Ֆրանսիայի քաղաքակն արենայում ծաւալւող գործընթացների հիմնական բնութագիրը կազմելու է երիտասարդ սերնդի այսպէս կոչւած գիտատեխնիկական վերնախւի՝ յանձինս Մակրոնի, ինչպէս նաեւ՝ աջ եւ ձախ ծայրայեղականութեան մագընթացութիւնը եւ աւանդական քաղաքական ուժերի՝ գոլիստների եւ սոցիալիստների տեղատւութիւնը:

Յատկանշական է որ, այս սցենարը որոշաի տեղայնացւած երանգաւորմամբ կարելի է տարածել եւրոպական այլ երկրների վրայ եւս:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրութիւնները ցնցեցին այդ երկրի քաղաքական արենան: Ֆրանսիացի ընտողներն ամենաուղղակի ձեւով հասկացնել տւեցին, որ այլեւս յոգնել են երկրի աւանդական քաղաքական կուսակցութիւններից:

Ընտրութիւնների երկրորդ փուլում կենտրոնամէտ Էմանուէլ Մակրոնի եւ աջ ծայրայեղական Մարի Լը Պէնի մրցակցութիւնը եկաւ ամրագրելու այն փաստը, որ Ֆրանսիան թեւակոխում է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խոր՝ արմատական փոփոխութեան շրջան, որտեղ կտրուկ նւազելու են մինչ այս պահը աւանդական ու ամուր սոցիալական կապեր ունեցող երկրի քաղաքական երկու հիմնական հոսանքների՝ աջ-լիբերալի եւ սոցիալ-դեմոկրատիայի ազդեցութիւնը:

Մակրոնի եւ Լը Պէնի վերելքին պէտք է գումարենք նաեւ ձախ ծայրայեղական «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լիւկ Մելանշոնի աստղի փայլատակումը (որն ընտրութիւնների առաջին փուլում հաւաքեց գրեթէ նոյնքան ձայն՝ ինչքան Ֆրանսիայի աջերի աւանդական՝ «Հանրապետական» կուսակցութեան թեկնածու Ֆրանսուա Ֆիոնը, յետեւում թողնելով սոցիալիստների թեկնածու Բենուա Ամոնին) եւ խճանկարը կամբողջանայ:

Փաստօրէն, գոնէ տեսանելի ապագայում Ֆրանսիայի քաղաքական արենայում ծաւալւող գործընթացների հիմնական բնութագիրը կազմելու է երիտասարդ սերնդի այսպէս կոչւած գիտատեխնիկական վերնախւի՝ յանձինս Մակրոնի, ինչպէս նաեւ՝ աջ եւ ձախ ծայրայեղականութեան մագընթացութիւնը եւ աւանդական քաղաքական ուժերի՝ գոլիստների եւ սոցիալիստների տեղատւութիւնը:

Յատկանշական է որ, այս սցենարը որոշակի տեղայնացւած երանգաւորմամբ կարելի է տարածել եւրոպական այլ երկրների վրայ եւս:

Փորձագէտների կարծիքով՝ նմանատիպ աննախադէպ փոփոխութիւնների արմատները պէտք է փնտրել սոցիալ-տնտեսական հիմնական այն փոփոխութիւններում, որոնք ցնցել են եւրոպական հասրակաութեան միջին խաւի հիմքերը՝ աւերելով քաղաքական եւ սոցիալ-տնտեսական աւանդական յարաբերութիւնները, այդ թւում, նաեւ վերջին 5 տասնամեակների ընթացքում անփոփոխ թւացող քաղաքական համակարգը:

Տնտեսագէտներն ու սոցիոլոգներն այս փոփոխութիւնները պայմանաւորում են կապիտալիզմի գլոբալիզացմամաբ, ինֆորմացիոն յեղաշրջմամաբ եւ դրանց արդիւնքում հասարակական աւանդական յարաբերութիւնների ձեւախեղմամբ ու սոցիալական անարդարութեան շեշտակի աճով, որն էլ աջերի եւ ձախերի միջեւ աւանդական մրցակցութիւնը վերափոխել է կապիտալիզմի գլորբալիզացման արդիւնքում այսպէս կոչւած «յաղթողների» եւ «պարտւողների» պայքարի:

Այս համատեքստում չի կարելի չհամաձայնւել այն տեսութեան հետ, որը Մարկոնի եւ Լը Պէնի մրցակցութիւնը ներկայացնում է որպէս «Վերին եւ ստորին Ֆրանսիաների» պայքարը: Այն իմաստով, որ Մարկոնը ներկայացնում է Ֆրանսիայի մեգապոլիսների ընտրողներին, իսկ Լը Պէնը (ընտրութիւնների առաջին փուլում նաեւ Մելանշոնը)՝ արւարձանայիններին:

Ըստ այդ տեսութեան՝ «Վերին Ֆրանսիան» նոյն ինքը կապիտալիզմի գլոբալիզացման արդիւնքում յաղթածների Ֆրանսիան էր, իսկ «Ստորին Ֆրանսիան» նոյն այդ պատճառով պարտւածների Ֆրանսիան:

Ֆրանսիայի քաղաքական այս նոր աշխարհագրութիւնը, որը խորհրդանշում է հասարակութեան աւանդական միջին խաւի անվերադարձ կորուստը կարելի է տարածել եւրոպական գրեթէ բոլոր երկրների վրայ, որոնցում աւանդական աջերն ու ձախերը դեռեւս շարունակում են թիրախաւորել հէնց այդ խաւին, որը փաստօրէն այլեւս գոյութիւն չունի կամ էլ շարժւում է այդ ուղղութեամբ:

Այս գլոբալ փոփոխութեան արդիւքնում վերինները փորձում են գծել յստակ սահմաններ, որոնք նրանց կը պահպանեն ստորինների քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցանկացած տիպի «ոտնձգութիւններից», իսկ ստորինները, որոնք անկարող են վերաձեււել այդ նոր սահմաններն իրենց անկատար իղձերի եւ ցանկութիւնների իրագործումը տեսնում են աջ կամ ձախ նորաձեւ դարձած ուլտրապոպոլիստական կարգախօսների տողատակերում:

Օրստօրէ խորացող հասրակական այս խզումն է, որ պայթիւնավտանգ է դարձնում եւրոպական երկրների սոցիալ-տնտեսական փխրուն իրավիճակը:

Եթէ վերադառնալու լինենք Ֆրանսիային, ապա կարելի է միանշանակ նշել, որ նորընտիր նախագահ Մակրոնի պատմական յաղթանակն իր նախորդի՝ Օլանդի նմանատիպ յաղթանակի պէս կարող է վերածւել կործանարար պարտութեան, եթէ, իհարկէ, նա աչքաթող անի հասարակութեան սոցիալ-տնտեսական փխրուն իրավիճակը՝ թիկունքով շրջւելով դէպի ստորայինների արդարացի պահանջները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։