Հա

Օրակարգ

11/05/2017 - 13:10

Երրորդ հեռուստաբանավէճին սպասելիս

Չսպասելով երրորդ հեռուստաբանավէճին Ռոհանին անցել է գործի, յստակօրէն թիրախաւորելով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այն խնդիրները, որոնք հասարակութեան կողմից կարող են ընկալւել որպէս իր մրցակիցների, իսկ աւելի որոշակի՝ հիմնական ախոյեանի՝ Էբրահիմ Ռէյիսիի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապար»-ը: Նրա նշանակէտում յայտնւել են հէնց այդ թոյլ կէտերը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Վաղը՝ մայիսի 12-ին կայանալու է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների միջեւ երրորդ՝ եզրափակիչ հեռուստաբանավէճը, որն անդրադառնալու է տնտեսական խնդիրներին ու հիմնահարցերին:

Վճռորոշ այս հեռուստաբանավէճի նախօրէին ուշագրաւ է այն փաստը, որ ընտրութիւնների ֆաւորիտ համարւող հիմնական թեկնածուների մօտ զգալիօրէն կոշտացել է նախընտրական հռետորաբանութիւնը:

Դա, յատկապէս, աչքի է ընկնում գործող նախագահ Հասան Ռոհանիի մօտ, որն ի դէպ այս քարոզարշաւի ընթացքում, գոնէ մինչ վերջին օրերը բոլորին հասցրել էր զարմացնել իր որոշակի պասիւութեամբ:

Յիշեցնենք, որ դեռեւս երկրորդ հեռուստաբանավէճի աւարտից յետոյ, նախագահ Ռոհանիի խորհրդականները խոստացել էին, որ նա երրորդ հեռուստաբանավէճում փոխելու է մարտավարութիւնը՝ փորձելով դառնալ խաղի կանոնների թելադրողը: Սակայն, ինչպէս ընդունւած է ասել շաբաթն ուրբաթից շուտ է վրայ հասել: Չսպասելով երրորդ հեռուստաբանավէճին Ռոհանին անցել է գործի, յստակօրէն թիրախաւորելով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այն խնդիրները, որոնք հասարակութեան կողմից կարող են ընկալւել որպէս իր մրցակիցների, իսկ աւելի որոշակի՝ հիմանական ախոյեանի՝ Էբրահիմ Ռէյիսիի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապար»-ը: Նրա նշանակէտում յայտնւել են հէնց այդ թոյլ կէտերը:

Նախագահի նախընտրական այս նոր մարտավարութիւնն իհարկէ արժանացել է ամենատարաբնոյթ գնհատականների եւ վերլուծութիւնների: Մրցակից ճամբարից փորձում են այն ներկայացնել որպէս «Կառավարութեան տնտեսական ձախողումներ»-ը շրջանցելու եւ այսպէս կոչւած չկողմնորոշւած՝ «սպիտակ քւէներ»-ը շահելու փորձ:

Ըստ նրանց՝ գործող նախագահը գիտակցում է, որ իր գլխաւորած կառավարութիւնն ամբողջովին տապալել է տնտեսական ոլորտը, եւ արդիւնքում հասրակութեան անապահով խաւերի քւէներն ապահովելու նրա շանսերը նւազագոյնի են հասցւած. «Այդ պատճառով էլ նա փորձում է նոր շունչ հաղորդել բարեփոխականնների գաղափարական կորիզին, որն էլ համարւում է ընտրութիւններում մթնոլորտ ստեղծող եւ քւէ ապահովող հիմնական շարժիչ ուժը»,- գրում է պահպանողական փորձագէտներից մէկը՝ յաւելելով, որ նրա փորձերը, սակայն, դեռեւս անցել են ապարդիւն. «Այդ կորիզը դեռեւս ակտիւ չէ եւ այնքան էլ չի ցանկանում հունաւորել ընտրութիւնները»:

Փոխարէնը, նախագահաի նոր մարտավարութիւնը ոգեւորել է նրա թիմակիցներին, որոնց կարծիքով, Ռոհանիի պասիւութիւնը բարեփոխական ընտրազանգւածի պասիւութեան պատճառն էր դարձել. «Հեռուստաբանավէճերի ժամանակ Ռոհանին փորձում էր խուսափել մրցակիցների հետ լեզւակռւից: Նա հիմնականում պաշտպանւում էր, եւ հէնց դա էլ նրա կողմնակիցների կրաւորական կեցւածքի պատճառն էր դարձել, որի արդիւնքում նրանք յայտնւել էին մրցակից ճամբարի նախընտրական ակտիւութեան դիտորդի կարգավիճակում»,- գրում է Ռոհանիի նախընտական քարոզարշաւում առանցքային դերակատարութիւն ունեցող «asriran.com» լրատւական-վերլուծական կայքը` յաւելելով, որ նա արդէն անցել է ակտիւ գործի՝ մրցակից ճամբարին ստիպելով պատասխանել անցեալի գործուէնութեան, իր դէմ ծաւալած հակաքարոզչութեան, դաւանած գաղափարների իրական պատկերի, չհիմանւորւած ու պոպուլիստական բնոյթի արտայայտութիւնների ու նախընտրական խոստումների համար, եւ հէնց սա էլ բարեփոխական ընտրազանգւածի ակտիւութեան պատճառն է դարձել:

Այդուհանդերձ, պէտք է խոստովանենք, որ իր գործունէութեան տնտեսական բաժնի հետ կապւած նախագահ Ռոհանին իրապէս ունի որոշակի խնդիրներ, որոնք ունեն անհրաժեշտ ներուժն ընտրութիւնների օրը նրան տհաճ անակնկալ մատուցելու առումով:

Հասարակութիւնն ընդհանրապէս, իսկ դրա անապահով հատւածը՝ յատկապէս դեռեւս իրենց առօրեայ կենցաղում չեն զգացել 11-րդ կառավարութեան սոցիալ-տնտեսական հիմնարար նախաձեռնութիւնների անմիջական ազդեցութիւնը, եւ հէնց սա էլ որոշակիօրէն բարդացնում է նախագահ Ռոհանիի գործը՝ այն դարձնելով խաղարկւող լաւագոյն խաղաքարտը մրցակից ճամբարի ձեռքում:

Նախագահը փորձում է իր այս թոյլ կէտը չէզոքացնել տնտեսական ոլորտի հետ կապւած մրցակիցների անիրականանալի եւ պոպուլիստական խոստումների բնոյթը բացայայտելով, միաժամանակ փորձելով հարցականի տակ տանել արտաքին քաղաքականութեան, սոցիալական խնդիրների եւ քաղաքացիական հիմնարար իրաւունքների հետ կապւած նրանց հայեացքները: Եւ հէնց սա էլ շատերի զարմանքի պատճառն է դարձել, քանզի յստակ հասցէատէր ունեց նրա հնչեցրած մեղադրանքներից շատերը կարող են բնութագրւել որպէս անցում՝ համակարգի ընդունւած «Կարմիր գծեր»-ից:

Ինչ-որ է նախընտրական ներկայ թէժ մթնոլորտը մեզ յուշում է, որ նախորդ երկու հեռուստաբանավէճերի համեմատութեամբ երրորդ հեռուստաբանավէճը խոստանում է լինել առաւել ինտրիգային՝ նախագահութեան թեկնածուներին ստիպելով գործի դնել իրենց ողջ զինանոցը: Այլապէս բանավէճից յետոյ, մինչ ընտրութիւնները մնացած ժամանակահատւաւծում եթէ ոչ անհնար, ապա չափազանց դժւար է լիենու յետ բերել կորցրածը:

Յարակից լուրեր

  • «Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսութիւն». դեբատներ կոռուպցիայի եւ տնտեսութեան զարգացման շուրջ
    «Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսութիւն». դեբատներ կոռուպցիայի եւ տնտեսութեան զարգացման շուրջ

    Դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավէճի ժամանակ, ՀՀ ԱԺ ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների, դաշինքների ցուցակների առաջին համարները անդրադարձել են կոռուպցիայի դէմ պայքարին ու տնտեսութեան զարգացմանը:

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են
    Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։