Հա

Համայնք

15/04/2014 - 11:50

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏԱՐԻ - Ղարադաղցի Հրանտ եւ Վարսիկ Խաչատրեանների յուշերից

Թեմի կենդանի պատմութեան գրառման եւ դեռ ապրող զրոյցների ու դրւագների արձանագրման հետազօտական իր աշխատանքների հետեւողութեան ընթացքում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը սոյն թւականի հինգշաբթի, մարտի 20-ին հանդիպում ունեցաւ թաւրիզաբնակ տէր եւ տիկին Հրանտ եւ Վարսիկ Խաչատրեանների հետ, որոնք բնիկ ղարադաղցիներ են:

Թեմի կենդանի պատմութեան գրառման եւ դեռ ապրող զրոյցների ու դրւագների արձանագրման հետազօտական իր աշխատանքների հետեւողութեան ընթացքում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը սոյն թւականի հինգշաբթի, մարտի 20-ին հանդիպում ունեցաւ թաւրիզաբնակ տէր եւ տիկին Հրանտ եւ Վարսիկ Խաչատրեանների հետ, որոնք բնիկ ղարադաղցիներ են:
Տարեցների տարւայ առիթով շարունակւող սոյն հանդիպումների շարքում այս նոր հանդիպումը ստորեւ ամփոփ գծերի մէջ ներկայացնում ենք թեմակալ առաջնորդի գրչով՝ վստահ լինելով դրա ազգագրական արժէքին.
Լիլաւայի մեր Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, կանաչելու վրայ եղող հսկայ վարդենիի թուփի կողքին, ձեռնափայտը միշտ ձեռքին նստած է ծերունազարդ Հրանտ Խաչատրեանը, աչքերը անվերջ յառած դարաւոր եկեղեցու եռեակ գմբէթներին:
Հաւանաբար իր հայրենի Ղարադաղի բազմաթիւ եկեղեցիների զանգերի ղօղանջի ձայնն է լսում կամ հովիւների սրինգների մելանոյշ ձայնն է գալիս իր ականջին, երբ անքթիթ աչքերով նայում է հեռւում հորիզոնացող կապոյտ մշուշին:
Մեծ Հայքի 11-րդ նահանգի՝ Փայտակարանի Մեշափարա գաւառի Արմադուլ գիւղից Հրանտի համար, հայրենի գիւղը մնում է միշտ քաղցր երազ եւ մորմոքող կարօտ:
Փայտակարանի ընդհանուր տարածութիւնը կազմել է 21.000 քառ. մետր, որը բաժանւած է եղել 10 գաւառների.- Հրաքոտ Պերոժ, Վարդանակերտ, Եւթնփորակեան Բագինք, Բաղան Ռոտ, Առոս Բիջան, Հանի, Աթշի Բագաւան, Սպանդարան Պերոժ, Որմիզդ Պերոժ եւ Ալեւան:
Պատմութեան ընթացքում իր նոր սահմանագծումները ունեցած եւ Ղարադաղ կոչւող Ատրպատականի գաւառակը դարձած տարածքը, ի վերջոյ բաժանւում է հինգ գաւառամասերի՝ Քէյւան, Տզմար, Մեշափար, Մնջւան եւ Հասանով, որոնց մէջ գտնւող հայկական գիւղերը 20-րդ դարի սկզբին 29 հատ էին եւ 1200 տուն, ու աւելի քան 8.000 հայ բնակչութիւն էին հաշււում: 20-րդ դարի վերջերին 730 շունչ հայ էր մնացել Փայտակարանում, իսկ այսօր բոլոր գիւղերը հայաթափւել են, եւ ո՛չ մի հայ չի՛ ապրում ամբողջ Ղարադաղում...
Պրն. Հրանտն իր կնոջ օժանդակութեամբ շատ բաներ է վերյիշում: Նրանք հարեւան գիւղերի բնակիչներ են եղել: Երկուսով լաւ յիշում են գրեթէ բոլոր շրջակայ գիւղերի անունները՝ Սըղըն, Ղասումաշէն, Ողան, Նորաշէն, Աշրապ, Վինա, Սեւահող, Աղաղան, Ղշլաղ, Ղուլուտի, Բերդ, Սուրուն, Խանագեահ եւայլն:
Ամրադուլ գիւղը շատ մօտ է եղել Արաքս գետին, որը բաժանում էր պարսկական եւ ռուսական սահմանը: Այդ սահմանակէտի վրայ էր գտնւում Խոդաֆարին կամուրջը, որի վրայով անցնելով՝ գնում էին Ռուսաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, Վրաստան եւ Հայաստան:
Հրանտ Խաչատրեանը իր ծնողներից լսած լինելով՝ պատմում է, թէ 1921 թւականին մորեխ գալով՝ ծածկել է Ղարադաղի բոլոր արտերը, որի հետեւանքով՝ սով է տիրել: Այդ պատճառով՝ Ղարադաղից մեծ թւով ժողովուրդ գաղթել է դէպի Ռուսաստանի խորքերը:
Հայրը՝ հացթուխ Խաչատուրն ու մայրը՝ Փիրուզան եւս սովի պատճառով՝ գաղթում են եւ հաստատւում Գանձակում, որտեղ եւ ծնւել է Հրանտը՝ 1924 թւականին: Մինչեւ գիւղ վերադառնալը, նա իր մեծ եղբօր՝ Արամի հետ ստացել է նախնական կրթութիւն՝ Գանձակի թիւ 11 դպրոցում, մինչեւ 5-րդ դասարան: Նա յիշում է, որ դասագրքի պակասի պատճառով՝ մէկ դասագիրք դասարանում հերթաբար օգտագործւում էր աշակերտութեան կողմից:
140415d01aՌուսական հպատակութիւն չստացողները երկրից դուրս դնելու պետական օրէնքին ենթարկւելով՝ Խաչատրեանների ընտանիքը 1938 թւականին Ղարադաղ է վերադառնում: Արամ եւ Հրանտ եղբայրները իրենց գիւղում հիմնել են նախակրթարան դպրոց, եւ 10-15 երեխաների սովորեցրել՝ հայերէն լեզու, հայոց պատմութիւն, աշխարհագրութիւն եւ թւաբանութիւն: Գիւղերում շատ քչերն էին գրել-կարդալ իմանում: Հրանտը յիշում է Դաւիթ անունով մի անձի, որը Ղարադաղ հասած հայերէն թերթերի ցրիչն է եղել: Դաւիթը միայն որոշ տների ցուցակի վրայով կատարում էր ցրումը, ի նկատի ունենալով կարդալ իմացողների սահմանափակ թիւը...
Թէ՛ Հրանտը, եւ թէ՛ կինը յիշում են, որ նաեւ թատրոն էր խաղացւում գիւղում: Հայոց պատմութեան բարձրակէտ համարւող դրւագներից սկսած մինչեւ հանրածանօթ կերպար Պըլ Պուղիի արկածներից վերցրած բաժիններ ներկայացւում էին Ղարադաղում:
Խաչատրեան եղբայրների կրթական համեստ գործունէութիւնը յոյս է ներշնչում գիւղացիներին, երբ իրենց երեխաները եւս պիտի կրթւէին՝ նման քաղաքում ապրող հարուստների երեխաներին: Ղարադաղցի նշանաւոր Թումանեանները իրենց պատկանող մի շարք գիւղերում չեն բացել հայկական դպրոցներ, այլ իրենց լիաբուռն օժանդակութիւնն են բերել Թաւրիզի «Արամեան» դպրոցին:
Ամրադուլի հարեւան՝ Քարագլուխ գիւղում, Բախշիի եւ Վարդուշի ընտանիքում ծնւած տկն. Վարսիկը 1947 թւականին Ամրադուլի եկեղեցում ամուսնանում է Հրանտի հետ, եւ ընտանիքը բախտաւորւում է երեք տղայ եւ մէկ աղջիկ զաւակներով: Այժմ նրանք ունեն 12 թոռներ եւ ծոռ:
Վարսիկը յիշում է իրենց գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցին եւ նոյն շրջաններում ծառայած հոգեւորականներին, որոնք նախապաշարեալ գիւղացուց չէին տարբերւում...
Կրթութեան պակասի հետեւանքով ժողովրդական խաւերում տիրող տգիտութիւնը լեռնաբնակ այս ժողովրդին դարձրել է կոպիտ, սակայն՝ անվեհեր: Զինւած ղարադաղցին միշտ էլ պաշտպանել է իր շէները՝ քուրդ աւազակների հրոսակային յարձակումների դէմ:
Հրանտը յիշում էր Քեռի Գաբրիէլին, որ իր հերոսութիւններով գիւղի պաշտպանի հռչակ էր հանել: Մի օր Հասան խանի ծառաներն են գալիս եւ Խանի համար ոչխարներ եւ պարկերով գարի պահանջում: Քեռի Գաբրիէլը նստած տեղից չի՛ շարժւում: Իր մօտ է կանչում խանի ծառաներին, պատճառաբանելով թէ լսողութեան տկարութեան պատճառով լաւ չի՛ լսում նրանց ասածը: Ծառաները երբ մօտենում են, Քեռի Գաբրիէլը լաւ ապտակում էր դրանց ու ձեռները կապած տանում իրենց գիւղատիրոջ՝ Ռահիմ խանի մօտ, որպէսզի հարստահարող Հասան խանի ծառաներին պատժի: Նա էլ նրանց ականջների բլթակները դանակով երկուսի է կիսում՝ ազդարարելով, որ դարձեալ չմօտենան հայերին, այլապէս ողջ չի՛ թողնելու նրանց...
Հրանտը եւ Վարսիկը յուզումով յիշում են գիւղական կեանքը, հարսանիքներն ու շուրջպարերը, որոնց ընթացքում ընդհանրապէս Հրանտը գլխաւոր դհոլահարն էր լինում...
Նոյն խանդավառութեամբ նրանք պատմում էին նաեւ եկեղեցական տօների մասին, որոնցից գլխաւորը կատարւում էր ամէն տարի, Նորաշէն գիւղից չորս կիլոմետր հեռաւորութեան վրայ, մի ձորում գտնւող «Ս. Գէորգ Յոյժ» կոչւող մենաստանում, որը ժողովրդի համար սիրելի ուխտավայր էր դարձել վաղ ժամանակներից: Հրանտը յիշում էր ժողովրդական մատաղներն ու ս. պատարագները՝ նոյն մենաստանում, երբ առաւօտից մինչեւ իրիկուն հաւատացեալների բազմութիւնը մնում էր այդ դրախտավայրում...

140415d01b

Բարձրաստիճան հոգեւորականների Ղարադաղի հայկական գիւղերին տւած պաշտօնական այցելութիւններից առաջինը Հրանտի ծնւած տարում՝ 1924 թւականին է տեղի ունեցել, երբ Ատրպատականի առաջնորդ Ներսէս արք. Մելիք-Թանգեանն այցելել է իրենց գիւղը, իսկ երկրորդին ինքը ներկայ է եղել, երբ Ատրպատականի առաջնորդ Վարդան ծ. վրդ. Դեմիրջեանը այցելել է գիւղ՝ 1965 թւականին:
Հակառակ իր 90-րդ տարին թեւակոխած լինելուն՝ Հրանտը երբեք չի՛ գովում իր անցեալ օրերի գործունէութիւնը: Կինը՝ Վարսիկը գէթ լուսաբանում էր մեզ այն տաղանդաշատ Հրանտի մասին, որ գիւղում թէ քաղաքում՝ Թաւրիզում, ինչ աշխատանքի, որ ձեռնարկել է, այն կատարել է մասնագիտութեամբ: Այսպէս՝ նա Ղարադաղում ոչխարների հօտ արածեցրել է, ուսուցչութեամբ պարապել է նոր սերունդի հետ, սափրիչ եղել է, դհոլ նւագել է հարսանիքներին, ապա Թաւրիզում հաստատւելուց՝ վարպետ երկաթագործ է դարձել, եւ մենք վկայում ենք այդ մասին, տեսնելով մինչեւ այսօր իրենց ննջարանում գտնւող արւեստի գործ մահճակալը: Երկաթագործ լինելուց բացի՝ եղել է վարպետ ոսկերիչ, ապա արծաթի վրայ փորագրող եւ իր գծանկարած բոլոր մոտիւները մեծ յաջողութեամբ փորագրել է արծաթեայ ափսէների վրայ: Ոսկերիչ ու արծաթագործ եղած միջոցին նա ունեցել է նաեւ բազմաթիւ աշակերտներ, որոնք սոյն արւեստը սովորել են իրենց բծախնդիր վարպետից: Հնարամիտ ու բազմատաղանդ այս անձը նաեւ փայտի վրայ արւեստի գործեր է կատարել՝ նրբակերտ սազ սարքելուց սկսած մինչեւ յղկւած ու գեղակերտ նարդիներ պատրաստելով:
Այս բոլոր աշխատանքներից եւ օրւայ ապրուստը շահելու միջոցներից բացի՝ ամենից հետաքրքիրը Հրանտի գրական շնորհն էր: Իր ազատ ժամերին Ղարադաղի նախկին ուսուցիչը, սափրիչը, ոսկերիչը, արծաթագործն ու ատաղձագործը, գեղարւեստական գրականութիւն է մշակել՝ բազմաթիւ հաստափոր տետրակների էջերը մրոտելով:
Բանաստեղծական յանգաւորւած քառեակներ թէ պատմւածքներ լցնում են այդ էջերը: Քառեակները կեանքի փորձով ծանրաբեռն անձի մտածողութիւն են արտայայտում՝ շօշափելով տարբեր նիւթեր, ինչպէս՝ երիտասարդութիւն, ծերութիւն, համբերութիւն, երջանկութիւն, հայրենիք, կեանք, յոյս, օրէնք եւ այլն: Իսկ մէջընդմէջ նաեւ կան գիւղական կեանքից վերցւած գրական պատկերներ, որոնք իրենց հայրենի գիւղի կեանքն են ներկայացնում: Բոլոր գրութիւններն էլ պապիկի կողմից իր զաւակներին ու թոռներին գրւած խրատական յիշատակներ կարելի է համարել՝ բացի պատմական խորք ունեցող պատմւածքներից:
Ղարադաղի քաղցր յուշերով մինչեւ իր վերջին շունչը ապրելու խոստում տւած ղարադաղցիներից է Հրանտը, իսկ Ղարադաղի հայաթափումով անվերջ աւաղող իր կինը՝ Վարսիկը, նրանից տարբեր չէր կարող լինել...

ԳՐԻՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

  • Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում
    Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։