Հա

Համայնք

22/05/2012 - 13:45

alt«ԱԼԻՔ»- Թւականիս մայիսի 20-ի երեկոյեան Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների եւ հոգեւոր հայրերի, հովւապետական այցով մեկնեց Թաւրիզ:
Թաւրիզի օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին՝ նահանգապետարանի քաղաքական հարցերով տեղակալը, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում կանոնական աղօթքից յետոյ՝ իր հայրապետական պատգամը յղեց եւ տեղի ունեցաւ աջհամբոյր:
Նոյն օրը երեկոյեան Թաւրիզի առաջնորդարանում կայացաւ հանդիպում՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ, իսկ աւելի ուշ Թաւրիզի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր: Ծրագրի ընթացքում «Իշխան»-ի շքանշանով պարգեւատրւեց բարերար Համազասպ Ոսկանեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով՝ Ռուբէն Տէր-Պօղոսեանը:
Երէկ առաւօտեան Վեհափառ Հայրապետի գլխաւորած պատւիրակութիւնը Թաւրիզից մեկնեց Ս. Ստեփանոս Նախավկայի պատմական վանք, ուր Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծւեց վանքի վերանորոգւած զանգակատունը:
Յիշեալ զանգակատունը վերանորոգւել է Իրանի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան նախաձեռնութեամբ:
Նոյն օրը Վեհափառ Հայրապետը եւ ընկերակցող պատւիրակութիւնը Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցի այցելեցին, ուր կանոնական աղօթքից յետոյ՝ իր պատգամը յղեց ժողովրդին եւ տեղի ունեցաւ աջհամբոյր:
Կրօնական արարողութիւնից յետոյ՝ Արեւմտեան Ատրպատական նահանգի նահանգապետարանի քաղաքական հարցերով տեղակալ դոկտ. Ֆաթհօլլահին եւ տեղի պետական պաշտօնեաները հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ: Վեհափառ Հայրապետը եւս իր գոհունակութիւնը յայտնեց Իրանի կառավարութեանը՝ եկեղեցիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Այսօր Վեհափառ Հայրապետը եւ ընկերակցող պատւիրակութիւնը Թեհրան են վերադարձել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։