Հա

Համայնք

28/04/2012

alt* Ս. պատարագ եւ հոգեհանգստեան պաշտօն
* Ժողովրդական ծաղիկների մատուցում՝ Նահատակաց յուշարձանին
* Սկաուտական երդման արարողութիւն
* Ապրիլեան ոգեկոչման ձեռնարկ՝ Ուրմիայում

Թաւրիզ, ազգային առաջնորդարան - Ապրիլեան Նահատակաց ոգեկոչման արարողութեան 24 ապրիլի 2012 թւականին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց եւ ապա հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն կատարւեց Հայոց Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ՝ աղօթք բարձրացնելու առ Աստւած՝ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում նահատակւած մէկուկէս միլիոն անմեղ զոհերի հոգւոց խաղաղութեան համար:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ քաղաքամասի Ս. Սարգիս եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը: Պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի միջոցով՝ ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ս. սեղանին սպասարկեցին հայոց դպրոցի աշակերտներ, իսկ Առաքելական թուղթն ընթերցեց աշակերտուհի Էլին Մնացականեանը:
altՀայր Սուրբը ներկայ ժողովրդին իր պատգամն ուղղելով՝ վեր հանեց մարտիրոսութեան վեհ գաղափարը, որ յանուն ազգի, կրօնի ու հայրենիքի մարդկային ամենաթանկ հարստութիւնը՝ կեանքը զոհաբերելու արարքով նւիրական է դառնում յաջորդ սերունդների համար: Ապա նա հայոց պատմութեան մէջ բարձրակէտ համարւող ջարդերի մասին քաղւածք կատարելով՝ հասաւ մինչեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը, որը Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած եւ գործադրւած Հայոց Ցեղասպանութիւնը եղաւ՝ մինչ այժմ անպատիժ մնացած: «1896 եւ 1909 թւականների փորձերից յետոյ՝ կազմակերպ եւ իր նպատակակէտին հասած 1915 թւականի սպանդը տեղահանութեան անունով սկսւած եւ օրինաւոր ցեղասպանութեան վերածւած ջարդ եղաւ՝ մէկուկէս միլիոն անմեղ հայերի չարաչար մահւան պատճառ դառնալով: Աւերւեցին մեր շէն գիւղերն ու քաղաքները, ամայացան մեր վանքերը, բերդերը, դաշտերն ու այգիները, իսկ այսօր անապատի աւազների միջից դեռ իրենց ցասումն ու բողոքն են լսելի դարձնում ամբողջ աշխարհին՝ մեր նահատակները: Դեր Զորի քամին, մեր նահատակների ոսկորներից մէկուկէս միլիոն սրինգ սարքած, արդարութի՜ւն է գոչում աշխարհի խուլ ականջին…»,- ասաց Հայր Սուրբը:
altԱպա խօսելով Ապրիլ 24-ից մեզ եկող պատգամի մասին՝ կաթողիկոսական փոխանորդը շեշտեց աշխարհի հայութեանը միաւորող «շաղախ»-ի՝ հայկական պահանջատիրութեան կարեւորութիւնը: Նա անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մէկ քարընկէց անդին լինելուն, եւ դրա ընդառաջ մեր ժողովրդի բոլոր կառոյցների նախապատրաստութեան անհրաժեշտութեանը. «Մեր միասնական ուժն ու ազգային բոլոր կարողականութիւնը պէտք է համախմբենք, որտեղ էլ որ գտնւենք, Իրանում, Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում, Եւրոպայի երկրներում, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներում թէ Ծայրագոյն Արեւելքում, որովհետեւ մեզ միացնողը մեր նահատակների սուրբ կտակն է՝ նրանց արիւնով կնքւած: Կը մնանք պահանջատէր՝ մինչեւ մեր նահատակների բռնաբարւած արդար իրաւունքների ձեռքբերումը»,- շեշտեց Հայր Սուրբը: Վերջապէս, Հայոց Ցեղասպանութիւնը չմոռանալու եւ սերունդէսերունդ այն յիշելու եւ աշխարհին յիշեցնելու կոչ արեց նա:
Պատարագից անմիջապէս յետոյ՝ թափորը դուրս եկաւ եկեղեցուց եւ դրօշակի արարողութեամբ, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաւուտական շարքերով առաջնորդւեց դէպի Ապրիլեան Նահատակաց յուշարձանի առաջ, որտեղ տեղի ունեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտօն՝ վասն առաւել քան մէկուկէս միլիոն նահատակացն ազգիս հայոց:
Եկեղեցական արարողութիւններից յետոյ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արիներն ու արենոյշները, գայլիկներն ու արծւիկները տւեցին իրենց երդումը՝ խոստանալով չմոռանալ մեր նահատակներին, հաւատարիմ լինել նրանց կտակին՝ գալիք բոլոր սերունդներին դաստիարակելով պահանջատիրական ոգով, հասնելու համար մեր ազգի հաւաքական իդէալների կենսագործմանը:
Տեղի ունեցաւ ժողովրդական ծաղիկների մատուցում: Հայ օգնութեան միութեան պարտաճանաչ անդամուհիների կողմից ներկայ բազմութեանը տրամադրւած մեխակները ժողովուրդը ընծայեց Ապրիլեան Նահատակների յիշատակին՝ դրանք երկիւղածութեամբ դնելով յուշարձանի առաջ:

alt

Թաւրիզի Պատանեկան միութեան անդամների բացօթեայ ցուցահանդէսը պատանիների աշխատանքով իրականացւել էր եկեղեցու շրջափակում: Այնտեղ ցուցադրւել էր Հայոց Ցեղասպանութեան քարտէզը՝ նշելով այն շրջանները Արեւմտեան Հայաստանի, որտեղ գլխաւորաբար կենտրոնացել էին կոտորածները: Յատուկ աշխատանքով հաւաքւել ու ցուցադրութեան էին դրւել այն երկրների անուններն ու դրօշները, որոնք ցարդ պաշտօնապէս ընդունել են Մեծ Եղեռնի Ցեղասպանութիւն լինելու փաստը: Յատուկ պաստառի վրայ նաեւ դրւել էին հայ անւանի նահատակ գրողների եւ ազգային գործիչների լուսանկարները: Կաթողիկոսական փոխանորդն իր գնահատանքը յայտնեց ցուցահանդէսը պատրաստող պատանիներին եւ նրանց պատասխանատուներին՝ նոր սերունդի դաստիարակութեան համար կարեւոր համարելով նման ուսանելի աշխատանքներ:
Ապրիլ 24-ի խորհրդով զօրացած, նահատակների հանդէպ յարգանքի զգացումը առաւել եւս արթնացրած եւ հայկական պահանջատիրութեան գաղափարով գօտեպնդւած՝ ժողովրդի զաւակները վերադարձան իրենց տները:

* * *

Նոյն օրը առաւօտեան Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս մատուցւեց ս. պատարագ՝ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի ձեռամբ: Ապա հոգեհանգստեան պաշտօն կատարւեց յուշարձանի առաջ եւ տեղի ունեցաւ ժողովրդական ծաղիկների մատուցում:
Երեկոյեան ժամը 6-ին եկեղեցու սրահում տեղի ունեցաւ Ապրիլեան ձեռնարկ: Օրւայ բանախօսն էր Թաւրիզից Նայիրի Դիլանեանը: 1915 թւականի քաղաքական անցուդարձերին անդրադառնալով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած եւ գործադրւած Հայոց Ցեղասպանութեան փաստն ընդգծեց նա: Տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր եւ ապա Տէր Հօր «Պահպանիչ»-ով փակւեց տպաւորիչ ձեռնարկը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։