Հա

Համայնք

15/04/2012

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Վերջին ամսւայ ընթացքում Ատրպատականի հայոց թեմի հարիւրաւոր տարիների նիւթ պարփակող արխիւատունը վերադասաւորման է ենթարկւում՝ օգտւել կարողանալու համար այնտեղ պահւած անգին հարստութիւններից եւ պատմական տւեալներից: Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի որոշումով ձեռնարկւած սոյն աշխատանքը հետեւողականօրէն առաջ է տարւում անցած դարերի բոլոր նամակագրութիւնները, գործակալական աշխատանքների վաւերաթղթերը եւ կալւածային փաստաթղթերը թւայնացւած տարբերակներով ունենալու առաջադրանքով: Աշխատանք՝ որը նաեւ թեմի հարստութիւնը ներկայացնող այս գանձերը կը փրկի փչացումից:

Կաթողիկոսական փոխանորդի անմիջական հսկողութեամբ տարւող այս աշխատանքը հանգրւանային ձեւով է ընթանում՝ ըստ նիւթի թւայնացնելով գոյութիւն ունեցող գրաւոր թէ լուսանկարային արխիւը: Դասաւորման դժւարութիւնները կանխելու նպատակով՝ որոշ ժամանակաշրջանի համար փակ է մնալու ազգային առաջնորդարանի արխիւատունը՝ մինչեւ ամբողջական ցանկագրման եւ նախնական կարգաւորման աշխատանքների աւարտը: Դիմումներ եղել են առաջնորդարանին՝ անցած երկու հարիւր տարւայ արխիւի որոշ թւականների նիւթերից օգտւելու համար, սակայն դիւանը ներողամտութիւն է խնդրում բոլոր նրանցից, ովքեր ուզում են օգտւել արխիւատնից՝ դասաւորման գործնական դժւարութիւնների առաջն առնելու նպատակով:
Դարերից ժառանգւած հարստութեան նկատմամբ ամբողջական գիտակցութեամբ եւ նախանձախնդրութեամբ ձեռնարկւած այս աշխատանքը երախտարժան գործ կը լինի առաջիկայ սերունդների գնահատանքին արժանի:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։