Հա

Համայնք

11/04/2012 - 12:00

altՅիսուսի թաղման կարգի առիթով Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանն ասաց.
«Թող միշտ յարութեան կեանքով ապրի մեր ժողովուրդը»

Թաւրիզ, ազգ. առաջնորդարան - Աւագ ուրբաթը համայն Քրիստոնեայ աշխարհի կողմից սուրբ համարւած եւ յարգանքի արժանի մի օր է, երբ Մարդկութեան Ստեղծիչը իր իսկ ստեղծած արարածների կողմից խաչ բարձրացւելուց յետոյ՝ դրւում է գերեզմանի մէջ:

Ապրիլի 6-ին Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու խորանի առաջ վարդերով ու մեխակներով զարդարւած խորհրդանշական դամբարանի դիմաց ծնրադիր՝ կատարւեց Քրիստոսի թաղման եկեղեցական կարգը՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: Խաչելութեան կարգից յետոյ՝ թաղման այս արարողութեանը իրենց մասնակցութիւնը բերեցին «Կոմիտաս» երգչախմբի անդամները՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի, եւ հայկական դպրոցի աշակերտները: «Սուրբ Աստւած»-ի պահին, որը առաջին անգամ, ըստ աւանդութեան, երգել է Յովսէփ Արեմաթացին, Յիսուսին խաչից վար բերելով պատանքով պատած միջոցին, երգեց Հայր Սուրբը՝ խորհրդանշական դամբարանի առաջ ծունկի եկած եւ գլխաբաց: Ապա կատարւեց նախատօնակ, եւ հանդիսաւոր թափօրը շրջեց եկեղեցում՝ «Պարգեւատուն ամենեցուն» շարականի երգեցողութեամբ:
altԱրարողութեան աւարտին Հայր Սուրբը ներկայ հաւատացեալներին փոխանցեց օրւայ պատգամը: Քրիստոսի դատարկ գերեզմանից թելադրւած Յարութեան խորհրդի վրայ կենտրոնացնելով իր մտածումները՝ նա ասաց, որ յարութեան շնչով է ապրել մեր ազգը՝ իր ողջ պատմութեան ընթացքում. «Շա՜տ տառապեց մեր ժողովուրդը պատմութեան ընթացքում: Սակայն, միշտ էլ հաւատաց Յիսուսի յարութեանը: Չեղաւ ո՛չ մի պահ, որ Գողգոթայի ճանապարհով ընթանալուց, իր մտքից հեռացրեց մեր ազգը Յիսուսի Հրաշազան Յարութիւնը, որ մահւան վրայ տարւած աննախադէպ յաղթանակը եղաւ: Ես այնպէս եմ հաւատում, որ մեր ժողովրդի տառապանքի, թշւառութեան, զրկանքների եւ զուլումների ժամանակաշրջանը փակւել է վերջնականապէս, եւ բացւել է գարնան ծաղկունքի, բարգաւաճման եւ առաջադիմութեան ժամանակը: Կարեւորն այն է, որ յարութեան շունչը անպակաս անենք մեր բոլորի աշխատանքների մէջ: Ե՛ւ անհատական նախաձեռնութիւնների պարագայում, ե՛ւ համայնական մեր կեանքում կատարած աշխատանքների պարագայում թող միշտ յարուցեալ կեանքով ապրի մեր ժողովուրդը,- ասաց Հայր Սուրբը:
Արարողութիւնից յետոյ՝ իւրաքանչիւր հաւատացեալ անցաւ Քրիստոսի գերեզմանի տակից, Նրա հետ մեռնելով, միւս կողմից՝ Նրա հետ յարուցեալ կեանքով ապրելու յոյսը դնելով իր սրտում: Խնամակալ մարմնի անդամների կազմակերպ աշխատանքով, Քրիստոսի գերեզմանի ծաղիկները բաժանւեցին հաւատացեալներին, որպէսզի նրանք յարութեան բուրումնաւէտութիւնը իրենց հետ տանեն իրենց տները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։