Հա

Համայնք

10/04/2012 - 12:07

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Յիսուսի մատնութեան եւ չարչարանաց շաբաթւայ բոլոր արարողութիւնները, սկսած Ծաղկազարդից, Ատրպատականի հայոց թեմում կատարւում են ժողովրդական խաւերի լայն մասնակցութեամբ՝ երեխաներից մինչեւ երիտասարդներ եւ տարեցներ:
Հինգշաբթի առաւօտեան ժամը 10.30-ին Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման ի յիշատակ:

altԱպա, կէսօրից յետոյ ժամը 4-ին, տեղի ունեցաւ Ոտնալւայի խորհրդալից արարողութիւնը՝ կատարողութեամբ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: 12 պատանիներ խորանի բեմի վրայ խորհրդանշում էին Յիսուսի աշակերտներին: Հայկական դպրոցի 10 աշակերտներ ընթերցեցին օրւան յատուկ մարգարէական գրքերից եւ առաքելական նամակներից քաղւած հատւածներ, ինչպէս նաեւ՝ Յովհաննէս Պլուզ վարդապետի ճառը՝ սիրոյ մասին:
altԱրարողութեան ընթացքում «Կոմիտաս» երգչախմբի մենակատարներից Վարդան Սիմոնեանը թովիչ ձայնով կատարեց «Սիրտ իմ սասանի» շարականը, որտեղ ներկայացւում է Տիրոջ խոնարհութեան եւ սիրոյ դիմաց իր տասներկու առաքեալներից մէկի՝ Յուդայի դաւաճանութիւնը եւ երեսուն արծաթի դիմաց իր Տիրոջը մատնելու չար ծրագիրը: Ապա, խորհրդաւոր պահին, Հայր Սուրբն իր շուրջառը հանելով՝ ղենջակ կապեց մէջքին եւ ծունկի գալով՝ լւաց 12 աշակերտների ոտքերը: Վերջին Աւետարանի ընթերցումից յետոյ՝ նա իր պատգամը տւեց հաւատացեալներին՝ սիրոյ, խոնարհութեան քրիստոսեան օրինակը որդեգրելու խորհրդով. «Կեղտոտ ոտքերը, որոնց ակնարկում է Յիսուսը՝ Պետրոսի հետ խօսած պահին, մեր մեղքերն են, որոնք լւանալով՝ միայն կարող ենք իր հետ բաժին ունենալ Աստծու Արքայութեան մէջ»,- ասաց Հայր Սուրբը:
altՆոյն գիշեր, ժամը 8-ին, տեղի ունեցաւ Կարգ խաչելութեան՝ Խաւարման, լացի գիշերւայ եկեղեցական արարողութիւնը՝ հանդիսապետութեամբ կաթողիկոսական փոխանորդի: Վեց աւետարանական հատւածների ընթերցումից յետոյ՝ լսւեց Քրիստոսի ողբը՝ «Ո՞ւր ես, մայր իմ»-ը, երբ իր հաւատարիմ աշակերտներն էլ թողել էին իրենց Տիրոջը միայնակ՝ խաչի վրայ: Ապա, եկեղեցու մթութեան եւ խոր լռութեան մէջ, Հայր Սուրբը տւեց իր քարոզը՝ անդրադառնալով մարդկութեան կեանքում գտնւող երկու խմբերի՝ մէկը անարգող աւազակով խորհրդանշւող, իսկ միւսը՝ վերջին րոպէում ներում հայցող եւ Աստծու Արքայութեանն արժանացող աւազակով խորհրդանշւող:
«Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողութեան ընթացքում, որը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի, տեղի ունեցաւ խնկարկութիւն եւ ապա՝ արձակում: Հոգեպէս բաւարարւած՝ ուշ գիշերին հաւատացեալները մեկնեցին իրենց տները՝ խաղաղութեամբ՝ Քրիստոսի խաչափայտի զօրութիւնը իրենց հետ տանելով:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։