Հա

Համայնք

09/04/2012

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան- Երեքշաբթի, ապրիլի 3-ին, երեկոյեան ժամը 6-ին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց Տասը կուսանաց յիշատակի ժամերգութիւնը՝ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի:
Թաւրիզի ազգային դպրոցների տեսչութեան տնօրինումով՝ դպրոցական տասը աշակերտուհիներ, եկեղեցու խորանի առաջ կանգնած, մոմեր ի ձեռին, խորհրդանշեցին Աւետարանում Յիսուսի կողմից պատմւած առակի տասը կոյսերը, որոնցից հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ յիմար:

altԱւետարանի ընթերցման պահին տեղի ունեցաւ վիճակահանութիւն, եւ տասը կոյսերից հինգը իրենց մոմերը մարեցին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով հինգ իմաստուններն եւ հինգ յիմարները: Ապա Հայր Սուրբը տւեց օրւայ պատգամը՝ մեկնաբանելով Յիսուսի պատմած առակի իմաստը. «Հոգեկան արթնութեան կոչ է այս առակը՝ իւրաքանչիւր հաւատացեալի համար՝ միշտ պատրաստ լինելու Տիրոջ գալուստին: Յիսուսն ինքն ասում է, թէ ո՛չ ոք չգիտի օրը կամ ժամը, երբ վերջ պէտք է գտնի այս աշխարհը, եւ դատաստան կատարւի արդարների եւ մեղաւորների միջեւ: Ուստի՝ միշտ պատրաստ լինելու համար՝ աստւածահաճոյ կեանքով ապրելու քաղցր հրաւէր է տրւում քրիստոնեայ անհատին: Մեղքը միշտ մեզ մօտ է գտնւում, սակայն դրանից հեռանալու կամքն էլ տրւել է մարդուն՝ Աստծու կողմից»,- շեշտեց Հայր Սուրբը:
Իր խօսքի վերջին բաժնում Հայր Սուրբը գնահատեց դպրոցի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ յատկապէս աշակերտութեանը, որ ո՛չ միայն Տասը կոյսերի յիշատակի արարողութեանը մասնակցեցին, այլ նաեւ եկեղեցական բոլոր արարողութիւններին իրենց մասնակցութիւնն են բերում՝ ընթերցելով աստւածաշնչական հատւածները՝ Ծննդոց գիրքից սկսած մինչեւ մարգարէական եւ առաքելական գրքերից նշւած հատւածներ: Սոյն ժամերգութեան ընթացքում աստւածաշնչական հատւածներ ընթերցեցին՝ Փատրիշիա Դանղեանը, Նելլի Միսաքեանը, Անաշէ Գրիգորեանը, Ծաղիկ Գէորգեանը եւ Ալինա Նաւասարդեանը: Ժամերգութեան երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի:
Հայր Սուրբը իր գնահատական խօսքն ուղղելով նաեւ մասնակից տասը աղջիկներին՝ ասաց, որ նրանք բոլորը իմաստուն են, չկայ «յիմար» նրանց մէջ, քանի որ հայկական դպրոց են յաճախում, սովորում են իրենց մայրենի լեզուն ու պատմութիւնը եւ ամբողջական մասնակցութիւն են բերում ազգային-եկեղեցական կեանքին. «Մեր ազգի եւ եկեղեցու համար իմաստուն զաւակներ ունենալը ահա սա՛ է նշանակում. լինել հաւատարիմ Աստծուն, մեր եկեղեցուն, մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին», եզրակացրեց նա:
Յայտնենք նաեւ, որ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս կատարւեց Տասը կուսանաց յիշատակի ժամերգութիւն՝ կատարողութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։