Հա

Համայնք

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2012 13:30

ԱՏՐՊԱՏԱԿԱՆ - «Թող միշտ ծաղկազարդ լինի մեր երեխաների ապագայ կեանքի ճանապարհը»,- Ծաղկազարդի տօնի առիթով ասաց Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ

Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան- Կիրակի, ապրիլի 1-ի առաւօտեան, Թաւրիզի Ս. Աստւածածին եկեղեցում մատուցած ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը իր պատգամն ուղղեց ներկայ բազմութեանը՝ մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը մեկնաբանելով: Աւետարանում յիշատակւած երեխաների եւ պատանիների դիմաւորութեանն ակնարկելով՝ նա ասաց, որ Ծաղկազարդի այս տօնը մասնաւորապէս երեխաների յատուկ օր է, որովհետեւ Երուսաղէմի մուտքին, Յիսուսին դիմաւորող ամբոխի մէջ, մարգարէական կանխագուշակութեան որպէս կատարում, մեծ էր թիւը երեխաների եւ պատանիների, ովքեր արմաւենու ոստեր բռնած յաղթական թագաւորները դիմաւորելու սաղմոսներ էին արտասանում. «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութիւն Դաւթի որդուն...»:

altՍ. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարեց Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի: Ներդաշնակ երգեցողութիւնը, երաժիշտ-խմբավարի ցուցմունքներով, հոգեկան ապրումների առիթ հանդիսացաւ բարեպաշտ հաւատացեալների համար: Խորանին սպասարկում էր Վարդան Տէր-Մարտիրոսեանը:
Կաթողիկոսական փոխանորդը իր քարոզում անդրադարձաւ նաեւ երեխաների դաստիարակութեան հրամայականին, կրօնական եւ հայեցի կրթութեամբ նրանք մեծացնելու եւ մեր եկեղեցու կեանքին մասնակից դարձնելու անհրաժեշտութեանը. «Աստւած մեզ է յանձնել անգտանելի գանձեր՝ մեր երեխաներին: Այնպէս դաստիարակենք նրանց, որ Աստծու հաճելի կեանքով ապրեն, երբ մեծանան, եւ թող միշտ ծաղկազարդ լինի մեր երեխաների ապագայ կեանքի ճանապարհը»,- շեշտեց Հայր Սուրբը:
Եկեղեցական արարողութեան ընթացքում, քարոզից անմիջապէս առաջ, Թաւրիզի հայկական դպրոցների տեսչութեան տնօրինումով, «Թամարեան» դպրոցի աշակերտուհիներից Շաղիկ Գէորգեանը ընթերցեց Ծաղկազարդի խորհուրդը ներկայացնող բացատրական: Եկեղեցիների խնամակալ մարմնի պատրաստութեամբ՝ իւրաքանչիւր երեխայ իր գլխին դրեց ուռենու ոստերից կազմւած պսակ: Գեղեցիկ պսակները պատճառ հանդիսացան, որ տօնական յաւելեալ ցնծութեամբ լցւեն ե՛ւ մեծերի ե՛ւ փոքրերի սրտերը: Ապա կազմւեց երեխաների թափօր, որը գլխաւորում էր պատարագիչ Գրիգոր ծ. վարդապետը: Թափօրը դուրս գալով եկեղեցուց՝ շրջեց ամբողջ շրջափակը, եւ ապա վերադարձաւ եկեղեցի: Նկատելի էր երեխաների եւ նրանց ծնողների գոհունակութիւնը՝ ի տես իրենց զաւակների խանդավառութեան:

alt

Ապա եկեղեցու մայր խորանի վրայ Հայր Սուրբի նախագահութեամբ կատարւեց ուռենու ոստերի օրհնութեան արարողութիւնը, որպէսզի իւրաքանչիւր հաւատացեալ անհատ իր հետ վերցնի խորհրդանշական ճիւղերից՝ ցանկանալով իր կեանքում միշտ պատրաստ լինել դիմաւորելու Քրիստոսին:

* * *

Նոյն օրը յետմիջօրէին, երեկոյեան ժամը 6-ին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց Դռնբացէքի արարողութիւնը՝ հանդիսապետութեամբ Գրիգոր ծ. վարդապետի: «Բաց մեզ Տէր» մելանոյշ շարականի երգեցողութեամբ, եկեղեցու մայր խորանի վարագոյրի առջեւ ծնրադիր, Հայր Սուրբը կատարեց արարողութիւնը՝ մեղաւոր մարդկութեանը խոստովանութեամբ եւ դարձով Աստծու արքայութեանն արժանանալու խորհուրդը պատկերելով:
Արարողութեան ընթացքում մարգարէական եւ առաքելական ընթերցումները կատարեցին «Թամարեան» դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ՝ Թադէ Նազարբէգեանը, Շարա Բաղդասարեանը եւ Նարէ Սայեադեանը՝ իրենց ուսուցիչների կողմից խնամքով պատրաստւած լինելով սոյն մասնակցութեան համար, իսկ մոմակրութեամբ սպասարկութիւն կատարեցին՝ Վրէժ Գրիգորեանը եւ Մանուէլ Թարվերդեանը:
«Զողորմութեան քո զդուռն բաց մեզ Տէր» շարականի երգեցողութեան ընթացքում, որը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, Վարդան Վահրամեանի ղեկավարութեամբ, մի խումբ երեխաներ միասնաբար բացեցին խորանի վարագոյրը՝ խորհրդանշելով մեղաւոր մարդկութեան զղջումը եւ դարձը առ Աստւած:
altԱրարողութեան վերջին Աւետարանի ընթերցումը կատարելուց յետոյ՝ կաթողիկոսական փոխանորդը տւեց իր պատգամը՝ վերյիշեցնելով Քրիստոսի երկրորդ գալստեան զարհուրեցուցիչ իրականութիւնը, երբ Վերջին դատաստանը պէտք է կատարւի համայն աշխարհի մարդկութեան: Ծաղկազարդով եւ Դռնբացէքի խորհրդանշական մեծ իմաստ ունեցող արարողութեամբ Հայ Եկեղեցին մուտք է գործում Քրիստոսի տնօրինական վերջին շաբաթը, երբ Աստւած իր իսկ ստեղծած մարդ էակի կողմից պէտք է անարգւի, խաչւի, թաղւի, եւ ապա աստւածապէս յարութիւն առնի այնպիսի հրաշազա դէպքով, որ աննախընթաց էր տիեզերքի պատմութեան մէջ:
Յայտնենք, որ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս մատուցւեց Ծաղկազարդի ս. եւ անմահ պատարագ, ու ապա կատարւեց Դռնբացէքի արարողութիւն՝ կատարողութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, իսկ մէկ օր առաջ՝ Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում: Ուրմիայի Գործակալական խորհրդի եւ Տիկնանց յանձնախմբի կողմից կազմակերպւած երեխաների կանոնաւոր թափօրը Ուրմիայի ժողովրդին եւս խանդավառութեան առիթ հանդիսացաւ՝ հոգեկան բաւարարութիւն պարգեւելով հաւատացեալներին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ