Հա

Համայնք

12/03/2012

altԹաւրիզ, ազգ. առաջնորդարան - Ատրպատականի հայոց թեմին պատկանող կալւածների եւ նրանց շահարկման հարցերով սոյն թւականի երեքշաբթի, մարտի 6-ի առաւօտեան ժամը 9-ին Թաւրիզում գտնւող Արեւելեան Ատրպատականի Կրօնապատկան կալւածների հիմնարկութիւնում պաշտօնական հանդիպում կայացաւ թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի եւ նոյն հիմնարկութեան ընդհ. տնօրէն Սէյէդ Շահաբէդդին Հոսէյնիի միջեւ: Հայր Սուրբին ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, անդամ Վանիկ Օհանեանը եւ առաջնորդարանում Կալւածային հարցերի գրասենեակի պատասխանատու պրն. Ռեզայէն:

Բարձրաստիճան իսլամ կրօնականն ընդունելով Հայր Սուրբին՝ իր շնորհաւորանքները փոխանցեց թեմում պաշտօնի կոչւած լինելու առիթով եւ մաղթեց, որ նախկինում գոյութիւն ունեցող սերտ գործակցութիւնը շարունակւի:
Կաթողիկոսական փոխանորդ Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, առաջին հերթին, առաջնորդարան եւ պետութիւն, ինչպէս նաեւ կրօնապատկան կալւածների հիմնարկութիւն եւ առաջնորդարան բարւոք յարաբերութեանց մասին արտայայտւելով՝ սերտ գործակցութեան կոչ ուղղեց: Ապա մէկ առ մէկ թւելով առկայ կալւածային հարցերը, ազգային առաջնորդարանի շինարարական ծրագրերը՝ յայտնեց թէ՝ ազգային-եկեղեցական այս հարստութիւնները շահարկման դնելով՝ ազգային առաջնորդարանը իսլամ եւ քրիստոնեայ կրօնների ուսուցած ողորմածութեան, բարեգործութեան եւ կարիքաւորներին հոգածութիւն ցուցաբերելու մարդասիրական նպատակները կիրագործի: Սէյէդ Հոսէյնին համակարծիք լինելով Հայր Սուրբի հետ՝ մեր հայրերից կրօնական հաստատութիւններին ժառանգւած հարստութիւնները բոլորի բարիքին ծառայեցնելու մտածումին արձագանգեց: Նա խոստացաւ իր հնարաւորն անել՝ քաղաքապետարանի հետ համադրելով ծրագրերը, որպէսզի առաջիկայում բարձրանալիք կառոյցները առաւելագոյնս օգտակար լինեն համայնքին եւ նրա կեանքում բարեսիրական աշխատանքներին գործնապէս նպաստեն:
Այնուհետեւ աշխատանքային հանդիպման բնոյթ ստացաւ այցելութիւնը, երբ օգտագործելի հողատարածքների գծագրային պատկերների հետեւողութեամբ՝ Թեմական խորհրդի անդամները բացատրութիւն տւեցին կատարւելիք շինարարութիւնների մասին՝ լաւագոյնս օգտւելու համար ընձեռւած առիթից:
Ապա Հայր Սուրբը իր շքախմբի անդամներով նախաճաշով հիւրասիրւեց Սէյէդ Հոսէյնիի կողմից՝ Կրօնական կալւածների հիմնարկութեան շէնքում:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։