Հա

Համայնք

23/02/2016 - 09:40

Վարդանանց տօնը՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում

ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի կրթա-դաստիարակչական աշխատանքների մէջ ներառւած են հայոց եկեղեցական, աւանդական եւ ազգային տօների նշումն ու կատարումը եւ այդ բոլորը կատարւում են մանուկների գիտակցական աշխարհին համապատասխան չափերով:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի կրթա-դաստիարակչական աշխատանքների մէջ ներառւած են հայոց եկեղեցական, աւանդական եւ ազգային տօների նշումն ու կատարումը եւ այդ բոլորը կատարւում են մանուկների գիտակցական աշխարհին համապատասխան չափերով:
Վարդանանց փառատօնին նւիրւած, այս ուսումնական տարեշրջանում նախատեսւած ծրագիրը իր ձեւի մէջ առանձնացաւ նրանով, որ ուղղակի առնչութիւն ունեցաւ մանկապարտէզի սաներից մէկի անւան հետ: Վարդան Զօրավարի եւ նրա քաջ զինակիցների պատմութիւնը խանդավառեց փոքրիկ սաներին, երբ պատմութեան հերոսի եւ իրենց դասընկերոջ անունները նոյնացան:
Մանկապարտէզ-նախակրթարանում ՀՕՄ-ի վարչութեան անդամների, «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի եւ աշակերտութեան ծնողների հետ մէկտեղ, փոքրիկ սաները զգեստաւորւած հայոց աշխարհի տարբեր վայրերի տարազներով, հաւաքւած Վարդան Գասպարեանի շուրջ, որ կրում էր Հայոց քաջ սպարապետ՝ Վարդան Մամիկոնեանի ռազամկան զգեստը, կարծես թէ փորձեցին պատկերել Աւարայրում համխմբւած հայ ժողովրդին, որ պայքարի ելաւ յանուն հայրենեաց ու սուրբ հաւատքի: Փոքրիկ աշակերտի անւանակոչութեան տօնը խանդավառութիւն էր ստեղծել բոլորի մօտ եւ աշակերտկերը, մանկական ուրախութեամբ ու զիլ ձայնով միաբերան երգեցին.
«Վարդան մեր քաջ Զօրավար,
Թուրը ձեռին ոսկեվառ,
Կանչում է իր քաջերին
Ջարդել զգլուխ Յազկերտին...»
160223d01aՄանկապարտէզի ու նախակրթարանի աշակերտներից իւրաքանչիւրը հայրենասիրական բանաստեղծութիւնների արտասանութեամբ, մեծարեցին հայոց քաջ սպարապետին, գովերգեցին իրենց մայրենին ու հայրենի աշխարհը:
Նայիրի Դիալնեանը ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի Վարչութեան եւ մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի անունից շնորհաւորելով փոքրիկ աշակերտ՝ Վարդան Գասպարեանի անւանակոչութեան տօնը, անդրադարձաւ Վարդանանց քաջերի խիզախումին եւ նրանց նահատակութեանը, որպէսզի հայ ժողովուրդը ապրի իր ինքնութիւնը պահպանած, իր աստւածային հաւատքով ու սեփական երկրով: Նա նշեց, որ յանուն մեր քաջ նահատակաց պահպանած ու մեզ աւանդած սրբութիւնների համագործակցութեամբ, ու հայեցի բարձր գիտակցութեամբ պիտի դաստիարակենք մեր սերունդներին, յանուն մեր ժողովրդի ինքնութեան անաղարտ պահպանման, ապագայի անվտանգութեան ու յարատեւման:
Վարդանի անւանակոչութեան եւ Վարդանանց փառատօնի նշման առիթով, փոքրիկ աշակերտի ծնողները պատրաստել էին մի թխւածք, որի կարմիր ֆոնի վրայ գրւած էր երկնագոյն՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ ու հասուն հասկերի շողն իր մէջ առած նարնջագոյն՝ 451: Թխւածքի վրայ աշակերտութեան թւով վառւում էին հայ ժողովրդի յարատեւման, նրա հոգու խորքում միշտ վառ մնացող պատմական յիշողութիւնների եւ նրա երազած՝ խաղաղութեան սպիտակ մոմերը: Իսկ փոքրիկները հաւաքւած այդ մոմերի շուրջ, նշում էին Վարդանանց քաջերի հերոսամարտի 1565-ամեակը...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։