Հա

Համայնք

11/09/2016

Թեհրանի «Ակունք» պարախմբի ելոյթը՝ Ուրմիայում

Չորեքշաբթի, օգոստոսի 31 երեկոյեան ժամը 8:30-ին, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, բացառիկ ելոյթով հանդէս եկաւ Ուրմիայի «Արամ Մանուկեան» հանդիսասրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Չորեքշաբթի, օգոստոսի 31 երեկոյեան ժամը 8:30-ին, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, բացառիկ ելոյթով հանդէս եկաւ Ուրմիայի «Արամ Մանուկեան» հանդիսասրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի եւ Թաւրիզի մասնաճիւղերի վարչութիւնների ամբողջական համագործակցութեամբ էր նախաձեռնւել սոյն ելոյթը, որի կազմակերպական գործնական աշխատանքները իրականացրել էր Ուրմիայի Գործակալական խորհուրդը:
160911d02aԵլոյթը հովանաւորում եւ նախագահում էր Սրբազան Հայրը: Ներկայ էին նաեւ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Ուրմիայի շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամներ, բարերարներ, ինչպէս նաեւ Հայաստանից ժամանած մշակութային գործիչ եւ «ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրութիւնների կենտրոն»-ի տնօրէն՝ Սամուէլ Կարապետեանը իր գործընկերների հետ:
Ելոյթի սկզբում «Ակունք» պարախմբի կողմից պատրաստւած մի վաւերագրական տեսաերիզ ցուցադրւեց, որը նկարների եւ կարճ ժապաւէնների, ու նրանց ընկերակցող բացատրութիւնների միջոցով ներկայացնում էր պարախմբի անցած 30 տարիների ուղին, սկսած դրա կազմաւորման առաջին քայլերից, մինչեւ շքեղ ելոյթները եւ յաջողութիւնների յիշարժան պահերը:
Ապա, հայկական մասնաւոր թեմաներին նւիրւած պարեղանակների հետեւողութեամբ, պարախումբը մշակութասէր հասարակութեանը ներկայացրեց արւեստի բարձրորակ կատարումով պարեր, խլելով ներկաների որոտընդոստ ծափահարութիւնները: Այսպիսի պարեղանակներից էին «Արցախ» վերնագրւածը, ինչպէս նաեւ մի քանի այլ մարտական շարժումներով ներկայացւած պարեր:
Յատկանշական էր նաեւ իրանական ոճի պարերի ներկայացումը, գեղջկական կեանքից քաղւած, հնձւորի, քաղհանի, թոնրատէր կնոջ եւ այլ կենցաղային պատկերներով յագեցւած:
160911d02bԲեմի համեստ պայմաններին յարմարւելու եւ իւրաքանչիւր պարի յատուկ տարազաւորումով բեմ բարձրանալու սեղմ ժամանակը ընդլայնելու միտումով, բանաստեղծական ասմունքներով հանդէս եկաւ, թաւրիզահայ անւանի ասմունքող Նայիրի Դիլանեանը:
Պարերի ընթացքում ներկայացւած հայոց պատմութիւնը, իր անցեալով եւ ներկայով, բացայայտ երեւում էր աղջիկների ներկայացրած պարային նազանքի եւ հայ ժողովրդի վճռակամութիւնը արտայայտող խիզախ շարժուձեւերի միջոցով: Դա արտացոլացնում էր նաեւ, պարարւեստի միջոցով, պարախմբի անդամների ստացած ազգային առողջ դաստիարակութիւնը:
Վերջին պարից յետոյ, պարախմբի վարչութեան պատասխանատուներից եւ Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի ղեկավար՝ Նայիրի Դիլանեանը, պարախմբի անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ, ուրմիահայ համայնքի կողմից ընձեռւած բոլոր դիւրութիւնների համար: Ապա, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը բեմ հրաւիրւելով, շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, իր հովանաւորութեան եւ ներկայութեան համար, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղին, համագործակցութեան համար, ինչպէս նաեւ Գործակալութեան եւ բոլոր այն անհատներին, ովքեր նպաստել էին սոյն ձեռնարկի յաջողութեանը:
160911d02cԹեմակալ առաջնորդի ձեռամբ, այնուհետեւ, պարախմբի պատրաստած գնահատական յուշանւէրները յանձնւեցին Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչ դոկտ. Էլւիս Մայիլեանին, Գործակալական խորհրդի ատենապետ Փայլակ Սահակեանին եւ ՀՕՄ-ի ատենապետուհի՝ Սեդա Մեջլումեանին:
Ապա, իր եզրափակիչ եւ օրհնութեան խօսքով, Սրբազան Հայրը մշակութային վայելք հանդիսացած երեկոն շատ հարազատ համարեց Ատրպատականի հայոց թեմին, որտեղ մեր ժողովուրդը դարեր շարունակ քարից մշակոյթ է ստեղծել, իսկ նոր սերունդը, իբրեւ յետնորդ սերունդը իր պապերի, շարունակում է տէր կանգնել արարւած մշակոյթին:
Սրբազան Հայրը սքանչելի զուգադիպութիւն համարեց յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի ներկայութիւնը սոյն ելոյթին, որը Ատրպատականի մշակութային ժառանգութեան հետքերն արձանագրելու առաքելութեամբ էր գտնւում թեմում:
160911d02dԲարձր գնահատելով «Ակունք» պարային համոյթի մշակութանւէր ներկայութիւնը իրանահայութեան կեանքում, Սրբազան Հայրը շնորհաւորեց խմբի ղեկավար Կարինէ Մանուչերեանին, իսկական պարուսոյց լինելու համար, «որովհետեւ խմբի կատարելագործւածութիւնը ի յայտ է գալիս, համեստ եւ ամէն յարմարութիւն չունեցող բեմերի վրայ ցուցաբերած անսխալութեամբ եւ մատուցման որակով»,- ասաց Սրբազան Հայրը: Ի վերջոյ նա գնահատեց ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեանը, Գործակալական խորհրդին եւ յատկապէս պարողներին, որոնք «հայ մշակոյթով ապրեցին եւ մեզ ապրեցրին այս գիշեր: Սոյն ելոյթը եկաւ զօրացնելու ազգային մեր անընկճելի կամքը, որի համաձայն, մենք կանք, պիտի լինենք, ու Ատրպատականում նոյնիսկ եթէ չշատանանք, սակայն մեր կերտած մշակոյթով յաւերժ պիտի ապրենք դարէդար», եզրակացրեց Սրբազան Հայրը:
Ապա, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղը ընթրիքով պատւեց պարախմբի անդամներին եւ ազգային իշխանութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։