Հա

Համայնք

24/10/2016

Հանդիսաւոր վերօծում Ռահւայի Ս. Աստւածածին պատմական եկեղեցու

Երեքշաբթի, սեպտեմբերի 20-ի առաւօտեան, հանդիսաւորապէս կատարւեց Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հիմնովին վերանորոգւած եկեղեցու վերօծման արարողութիւնը, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
Եկեղեցական սրբազան արարողութեանը մասնակցում էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Երեքշաբթի, սեպտեմբերի 20-ի առաւօտեան, հանդիսաւորապէս կատարւեց Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հիմնովին վերանորոգւած եկեղեցու վերօծման արարողութիւնը, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
Եկեղեցական սրբազան արարողութեանը մասնակցում էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը: Հանդիսաւոր արարողութեանը ներկայ գտնւեցին Ասորի Քաղդէացի եւ Ասորի Աւետարանական եկեղեցիների հոգեւորականներ, որոնք իրենց եկեղեցին ունեն Ս. Աստւածածին եկեղեցու հարեւանութեամբ: Հոգեպարար արարողութեանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի, Ուրմիայի Գործակալական խորհրդի անդամներ, Ռահւայի Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամներ, Ասորի եկեղեցու խորհրդի անդամներ, ինչպէս նաեւ Ռահւա գիւղի հաւատացեալներն ու Ուրմիայից, Գեարդաբադ գիւղից եւ Թաւրիզից ժամանած հայորդիներ:
161024d05aԱռաջնորդ Սրբազան Հայրը գիւղ ժամանելով դիմաւորւեց տեղի Հոգաբարձութեան անդամների եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի կողմից: Անմեղ երեխաների ձեռամբ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցում, որից յետոյ Սրբազան Հայրը օրհնեց գիւղի աղուհացը: Ապա, եկեղեցու մուտքին, փակ դռան դիմաց ծնրադիր, կատարեց դռնբացէքի խորհրդանշական արարողութիւնը, որից յետոյ, «զողորմութեան քո զդուռն բաց» շարականի երգեցողութեամբ, ժողովրդի հետ միասին մուտք գործեց ներս, սկսելու համար եկեղեցու օծման արարողութիւնը:
Ժամը 11:30-ին, եպիսկոպոսական հանդերձանքով, առաջնորդ Սրբազան Հայրը «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ առաջացաւ բեմին, օծելու համար խորանը, որը դարեր առաջ լեռնային միակտոր քարից էր պատրաստւած:
161024d05bԱպա, Սաղմոսի ողոգոմեան եղանակով երգւած յուզախառն տողերը իբրեւ օծման նախապատրաստութիւն երգւեցին, որոնց աւարտին Սրբազան Հայրը «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ, երեք անգամ խորանի գագաթին հեղեց Անթիլիասում օրհնւած Սրբալոյս Միւռոնից, եւ խաչանիշ օծեց այն: Ապա, չորս սիւները չորս Աւետարանիչների անունով օծելուց յետոյ, խորանի բեմի ճակատը օծեց, ինչպէս նաեւ սրբատունն ու սարկաւագատունը եւ մկրտութեան աւազանը: Ապա, եկեղեցու մնացած 12 սիւները, Յիսուսի մնացեալ աշակերտների, 13-րդ առաքեալ Ս. Պօղոսի եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի անունով օծելուց յետոյ, Սրբալոյս Միւռոնով օծեց նաեւ եկեղեցու աւագ դուռը: Անւանակոչութեան պահին, եկեղեցում կատարւած անդաստանով վերստին եկեղեցին կոչւեց Ս. Աստւածածին, այն անունով որով կոչել էին մեր նախնիք սոյն եկեղեցին 17-րդ դարում:
Լուցւեցին խորանի հինգ աշտանակները, եւ Սրբազան Հօր ձեռամբ վառւած մոմից, բոլոր հաւատացեալները վառեցին իրենց ուխտի մոմերը, մինչ երգւում էր «Լուսաւորեա՛ Երուսաղէմ» շարականը:
161024d05cԱռաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզում շեշտեց եկեղեցաշինութեան երեւոյթը, որը ատրպատականցի հայի բնորոշ առաքինութիւնն է. «Այն դարերում երբ չկային այսօրւայ շինարարական գործիքները, մեր հայրերը հաւատքով կառուցեցին մեր թեմի աւելի քան 200 եկեղեցիները: Նոյն հաւատքը մղեց ձեզ, որ վերանորոգէք ձեր հնադարեայ եկեղեցին, առաւել ամրապնդելով ձեր հաւատքը: Նրանք, ովքեր իրենց ձեռքերը խառնեցին շաղախին, երկաթի եւ կայծի գործերը կատարեցին նւիրաբերելով իրենց ժամանակը, բոլորիս գնահատանքին արժանի են: Նաեւ նրանք, ովքեր իրենց նիւթական նւիրաբերումով, հեռաւոր երկրներից եւ մօտակայ քաղաքներից օժանդակել էին սոյն վերանորոգութեան աշխատանքին, դարձեալ մեր բոլորի գնահատանքին արժանի են: Եթէ մեր հայրերը այսքա՜ն եկեղեցիներ կտակել են մեզ, ուրեմն մենք էլ իբրեւ նրանց յետնորդները, պարտաւոր ենք պահպանել այն՝ ինչ-որ ժառանգել ենք նրանցից»,- ասաց Սրբազան Հայրը եւ իր քարոզի աւարտին իբրեւ իր գնահատանքի շօշափելի արտայայտութիւն, յուշանւէր յանձնեց վերանորոգութեան ամբողջ ընթացքին կամաւորաբար հսկած Համազասպ Մկրտչեանին: Իսկ Հոգաբարձութեան անունից մի յուշանւէր յանձնւեց փայտածածկ կտուրի ամբողջական նորոգութիւնը յանձն առած Աբրահամ Իւնանփուրին:
161024d05dԻր քարոզի աւարտին, Սրբազան Հայրը նաեւ օծեց մէկ զոյգ քշոցներ վեցթեւեան Սերովբէների բարձրաքանդակներով, նւիրատւութեամբ Աւետիս Յովակիմեանի, ի յիշատակ իր կնոջ՝ Մարի Յովակիմեանի, եւ երկու ձեռաց խաչեր, հայկական դաջւածքներով ձուլւած, նւիրատւութեամբ Էդի Աբուդեանի, որոնք նւիրաբերւել էին Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցուն:
Եկեղեցական արարողութեան աւարտին, խօսքը տրւեց Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանին, ով համապարփակ ներկայացրեց եկեղեցու վերանորոգութեան փուլերը եւ ծախսերի ընդհանուր պատկերը: Նա Գործակալութեան եւ Ռահւա գիւղի Հոգաբարձութեան անունից շնորհակալութիւն յայտնեց բոլոր բարերարներին եւ աշխատողներին, որոնք առանց յուսահատւելու, աւարտին էին հասցրել պատմական եկեղեցու վերանորոգութեան աշխատանքը:
Վերօծման հանդիսաւոր ու հոգեպարար արարողութիւնից յետոյ, եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ ճաշկերոյթ, որի ընթացքում ներկաները ճաշակեցին բոլոր հանգուցեալ նախահայրերի եւ եկեղեցին կառուցողների հոգիների համար պատրաստւած մատաղը:
Նշենք, որ Ռահւայի Ս. Աստւածածին եկեղեցու վերջին նորոգութիւնը կատարւել էր 1892 թւականին, իսկ 2012 թւականից մինչեւ 2016-ը տեւել էր այս մասնագիտական վերանորոգութիւնը, որի յիշատակարանը, մարմարի վրայ քանդակւած, տեղադրւել էր եկեղեցու մայր դռան ճակատին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։