Հա

Համայնք

27/10/2016 - 10:00

Հայ Մշակոյթի տօնը նշւեց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում

Շաբաթ, հոկտեմբերի 8-ին, Թաւրիզի ազգ. «Թամարեան» դպրոցի յարկի տակ, Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով, Հայ մշակոյթին նւիրւած հանդիսութիւն տեղի ունեցաւ, կազմակերպութեամբ՝ դպրոցի տեսչութեան:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, հոկտեմբերի 8-ին, Թաւրիզի ազգ. «Թամարեան» դպրոցի յարկի տակ, Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով, Հայ մշակոյթին նւիրւած հանդիսութիւն տեղի ունեցաւ, կազմակերպութեամբ՝ դպրոցի տեսչութեան:
Հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, դպրոցի հանդիսասրահում կայացած գեղարւեստական յատուկ ծրագրին ներկայ էին հոգաբարձութեան, ուսուցչական կազմի ծնողական խորհրդի անդամներ, ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմը, ինչպէս նաեւ մշակութասէր եւ դպրոցասէր թաւրիզահայեր, մէկ անգամ եւս վայելելու «Գիւտին փառքը», Ս. Մաշտոցի կերտած հայ դպրութեան անժամանցելի մշակոյթը:
161027d01aԲացման խօսքը փոխանցեց աւարտական աշակերտուհիներից՝ Նարէ Սայեադեանը: Նա մեծարելով հանդիսութեան առիթը, ցոյց տւեց դրա չհնացող իմաստը եւ իւրաքանչիւր հայի համար ներկայացրած խորհրդալից արժէքը: Ապա, հանդիսավար Լիլիթ Դանղեանի կողմից հերթաբար բեմ հրաւիրւեց դպրոցի երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայեադեանի, աշակերտուհիներ՝ Իւետ Վարդազարեան, Անգելինա Սարմասթեան, Յասմիկ Շահմուրադեան, Էմելիա Աբրահամեան եւ Իզաբէլ Սարգսեան, ասմունքներով մասնակցելու գեղարւեստական ծրագրին: Հանդիսութեան ընթացքում, Շարա Բաղդասարեանը ներկայացրեց Ս. Մաշտոցի կեանքը եւ գործունէութիւնը:
161027d01bԵրգչախումբը կատարեց հայերէն լեզւին եւ հայ ժողովրդին նւիրւած ոգեշնչող երգեր, իսկ ասմունքողները փառաբանեցին հայոց տիպ ու տառն, եւ հայ դպրութեանն ու նրա ստեղծիչ՝ Ս. Մաշտոցին:
Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը արտայայտւելով, համապարփակ ներկայացրեց Հայ մշակոյթի տօնի արժէքը հայ ժողովրդի համար, անդրադառնալով հայոց աւագանու միահամուռ ճիգին, հայ ժողովուրդը փրկելու անել կացութիւնից: Մի արարք, որը դարերի դիմաց պատւար իբրեւ կանգնեցրեց հայոց այբուբենի երեսունութ տառերը, հայ ազգը փրկելով ստոյգ կորստից:
161027d01cՏեսչուհին Թարգմանչաց տօնը լաւագոյն առիթը համարեց, նահանգի Կրթական խորհրդի նախագահ Փաշայիի ուղարկած պարգեւները յանձնելու այն աշակերտ-աշակերտուհիներին, որոնք գնահատանք էին ստացել Կրթական պետական խորհրդի կողմից: Նա յիշեց եւ ցոյց տւեց նաեւ այն հատորը, որի մէջ իրենց լուսանկարներով յիշատակութեան էին արժանացել երեք անհատներ՝ Ալեքս Բարոյեանը, Էմելիա Աբրահամեանը եւ Գեղանի Գրիգորեանը: Պարգեւներ էին ստացել նաեւ Լիոնա Թարվերդեանը եւ Մարիա Զաքարեանը: «Իւսիմաս»-ի թւաբանական բարդ քննութիւնը Իրանի մակարդակում առաջնութիւնը շահած Նարէ Սայեադեանին յանձնւեց իր պարգեւը, որը արդէն երկրորդ անգամը լինելով սոյն պատիւն էր ապահովում իր հարազատ դպրոցի:
161027d01dԵզրափակիչ եւ օրհնութեան խօսքով, Սրբազան Հայրը իր պատգամն ուղղեց ներկաներին, շեշտը դնելով հայոց լեզուն անաղարտ պահպանելու գաղափարի վրայ. «Հայերէն լեզուն, մեր անունն է: Այնպէս ինչպէս բծախնդիր ենք լինում մեր անւան գործածութեան եւ նրա մասին ուրիշների ունեցած կարծիքին, նոյնպէս էլ պէտք է հոգատար լինենք հայոց լեզւին: Օտար բառեր, արտայայտչաձեւեր խորթ են մեր լեզւին, ուստի պէտք է դուրս վանենք դրանք մեր առօրեայ խօսակցութիւնից: Եթէ չգործածենք մեր լեզուն, մի օր միայն մեր արիւնը քննելով կարող են իմանալ թէ հայ ենք մենք: Մեր ճակատին գրւած անունը պէտք է լինի հայերէնը: Եւ վստահ եղէք, որ եթէ մենք չխօսենք մեր լեզուն ու չգրենք հայերէն տառերով, ո՛չ մէկ այլ ազգ մեր լեզւով չի՛ խօսելու, ոչ էլ գրելու է մեր տառերով: Մենք պիտի իմանանք մեր ունեցած հարստութեան արժէքը: Ուրիշի համար դա միայն վատնւելու նիւթ է, եւ ո՛չ թէ օգտագործելու, շահարկելու»,- ասաց Սրբազան Հայրը:

161027d01e

Նշենք նաեւ, որ սոյն ծրագրի կազմակերպման համար տեսչութեանը օժանդակել էին ուսուցչական կազմի հայ անդամները, ինչպէս նաեւ ծնողական խորհրդի անդամներ:

Յարակից լուրեր

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը

    Հինգշաբթի 11 ապրիլ 2019-ի յետմիջօրէին ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի այցելութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Նժդիկ Աբրահամեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հերթական հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հերթական հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան

    Կիրակի, 17 մարտ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան հանդիպում ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան հետ, հրաւէրով մասնաճիւղի վարչութեան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը

    Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։