Հա

Համայնք

Կիրակի, 13 Նոյեմբերի 2016 10:30

Հայ մշակոյթի տօնը նշւեց ուրմիահայ համայնքում, նւիրւած՝ անմահանուն աշուղ Սայեաթ Նովային

Թարգմանչաց վարդապետաց տօնի՝ Հայ մշակոյթի յիշատակութեան օրւայ առիթով, ուրբաթ հոկտեմբեր 21-ի երեկոյեան ժամը 5:30-ին, գեղարւեստական ձեռնարկ տեղի ունեցաւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի մշակութային բաժանմունքի «Անի» միաւորի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Թարգմանչաց վարդապետաց տօնի՝ Հայ մշակոյթի յիշատակութեան օրւայ առիթով, ուրբաթ հոկտեմբեր 21-ի երեկոյեան ժամը 5:30-ին, գեղարւեստական ձեռնարկ տեղի ունեցաւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի մշակութային բաժանմունքի «Անի» միաւորի:
Գեղարւեստական հանդիսութեանը ներկայ էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամները, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի անդամները, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ մշակոյթով հպարտ ու մշակութասէր ուրմիահայեր:

161113d05a

Վարագոյրը բացւելուն, բեմի վրայ իրենց պարային ելոյթով հերթաբար հանդէս եկան «Անի» միաւորի պարախմբի «Արեւիկ», «Թիթեռնիկ» եւ «Գարուն» բաժանմունքների պատանիներն ու պարմանուհիները, որոնց տարիքային բաժանումները կատարւել էին սոյն խմբաւորումներով: Նրանք առաջին իսկ վայրկեանից տօնական խանդավառութիւն սփռեցին հանդիսականների մօտ: Աւելին, բեմի ամբողջ տարածութիւնից, սրահի վրայ էր իշխում անմահանուն աշուղ Սայեաթ Նովայի խորհրդապատկերը, որին նւիրւած էր այս տարւայ Հայ մշակոյթի տօնի գեղարւեստական ծրագիրը:
161113d05bԱրդէն ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ երկու տարիներից ի վեր ստեղծւած «Անի» միաւորը, ուսուցողական տքնաջան աշխատանքով եւ անձնւէր ուսուցիչների հետեւողական ջանքերով յաջողեց դասարաններ կազմակերպել, հայ նոր սերնդին սովորեցնելու Հայ մշակոյթի տարբեր բնագաւառները՝ նկարչութիւն, երգ, պար, ասմունք, մարմնամարզութիւն եւ այլ տոհմիկ ձեռարւեստներ:
«Անի» միաւորի իւրաքանչիւր բաժանմունքից պատանի-պարմանուհիներ ելոյթ ունեցան եւ ներկայացրին իրենց սովորած արւեստները, համարձակօրէն եւ ինքնավստահութեամբ: Հայկական պարերի պարագայում յատկանշական էին տարազների ձեւագիտական մտայղացումներն եւ նախշային իւրայատկութիւնները, որոնք դժւարին աշխատանքով իրագործւել էին ՀՕՄ-ի անդամուհիների նւիրեալ մասնակցութեամբ: Աղջնակներից զոյգ-զոյգ բեմ բարձրանալով, ներկայացրին օրւայ ծրագիրը, որը ընդգրկում էր երգ ու պար, ինչպէս նաեւ Սայեաթ Նովայի երգերի քառեակներից եւ կեանքի ու սիրոյ մասին ընտրանիների արտասանութիւն:
161113d05cԵրգերի մեծ մասը ընտրւել էր մեծ աշուղի իմաստալից երգացանկից: Հրաշալի էր լսել, թէ ինչպէս անչափահաս երեխաները կարողացել էին Թիֆլիսի բարբառով գրւած եւ անվերջանալի թւացող այդքան երգերի երկա՜ր տողերն ու համարները անգիր սովորել ու նոյնքան հարազատութեամբ էլ վերարտադրում էին, առանց իրենց դիմաց ունենալու յուշաթղթեր: Ե՛ւ խմբերգերի ե՛ւ մեներգերի պարագայում, երգեհոնի վարպետ ընկերակցութեամբ կատարումները ղեկավարում էր, սերնդից-սերունդ ժառանգականօրէն երաժշտական կրթութիւն ստացած երաժիշտ՝ Արտեմիս Բայրամեանը: Արտասանութիւնների դասատուն եւ ձեռարւեստի պատասխանատու դաստիարակը Մարինա Յովհաննիսեանն էր: Մարմնամարզի յատուկ դասընթացը, որի արդիւնքը երեւում էր նաեւ պարերի ճկուն շարժումների մէջ, ստանձնել էր Ամանդա Դելիրը, որը նաեւ միաւորի ընդհանուր պատասխանատու Լորիկ Ազիզեանի օժանդակ մարմնի անդամ է:
Երգերի կատարման մէջ յատուկ ուշադրութեան արժանացաւ փոքրիկ Արութին Ազիզեանը, մանկական ձայնի յատուկ եռեակ ցածր տոնայնութեամբ կատարելով իր սովորած երգերը: Իսկ մենապարով հանդէս եկող Նազելի Բայրամեանը, հմայեց հանդիսատեսին իր «հազար ու մի նազանքով ու երազանքով»: Բոլոր մեներգողներն էլ, ինչպէս Ալէն Շահբազեանը, Մարիամ Էլիասզադէն, Նունէ Խուդավերդեանը եւ խմբի միւս անդամները, հրաշալի կատարումներով հանդէս եկան, աշուղական երգերի իւրայատուկ երաժշտական խաղերը հնարաւորինս հարազատութեամբ մատուցելով:
Ամփոփ դասախօսութեան ձեւով, միաւորի երեխաներից Գարունէ Գորջեանը ներկայացրեց Սայեաթ Նովայի կեանքը, եւ նահատակութիւնը Թիֆլիսի Ս. Գէորգ եկեղեցու դռան մօտ, ստեղծագործութիւնների թանկարժէք փունջի փրկւելու պարագաները, երգեհոնի ենթա-երաժշտութեան ընկերակցութեամբ, որը այնքան մեղմանոյշ կատարում էր Արտեմիս Բայրամեանը:
161113d05caԲեմ հրաւիրւելով, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը, գովերգեց Հայ մշակոյթի կերտիչներին՝ Թարգմանիչ վարդապետներին, գլխաւորութեամբ Ս. Մեսորպ Մաշտոցի, շեշտելով Հայ մշակոյթի փրկարար դերակատարութիւնը մեր ազգի կեանքում, նոր սերունդների կազմաւորման եւ դաստիարակութեան միջոցով: Նա իր շնորհակալական խօսքն ուղղեց Հայ մշակոյթին նւիրւած սոյն ձեռնարկը կազմակերպող բոլոր պատասխանատու անձերին, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի աշխատանքները միշտ քաջալերող Ուրմիայի Գործակալական խորհրդին: Յատկապէս նա յիշեց եկեղեցու քարտուղար՝ Ռաֆիկ Ալեքսանեանին, բեմի յարդարման եւ գործնական այլ աշխատանքներին օժանդակութիւն բերած լինելու համար:
Առաջնորդ Սրբազան Հայրը եզրափակելով երեկոն, իր օրհնութեան խօսքն ուղղեց բոլորին՝ կազմակերպողներին եւ հանդիսականներին, ովքեր իմանալով արժէքը Հայ մշակոյթի, կազմակերպել եւ իրենց ներկայութեամբ գնահատել էին Հայ մշակոյթն ու դրա ծաղկացնողներին:

161113d05d

«Այս երեկոն, մեր սովորական երեկոներից տարբեր եղաւ: Ես հիացել եմ մեր երեխաների սովորելու կարողութեամբ եւ երգերը այսքան հարազատ մատուցելու շնորհքով: Հայ մշակոյթը միայն խնամել ու պահպանելով մեր գործը չի՛ աւարտւում, այլեւ պէտք է այն ծաղկացնենք: Հայ մշակոյթը ծաղկացնել, նշանակում է ճիշտ այն, ինչ դուք արեցիք այսօր, ձեր երգերով, ասմունքներով ու պարերով: Դուք այսօր ուրախացրաք Ս. Մաշտոցին, իր բոլոր աշակերտներին ու մեր բոլոր մշակութանւէր մեծերին: Այս երգերը, ասմունքները եւ պարերը մնալու էին գրքերի մէջ, իբրեւ արւեստների մասին գիտութիւն, գրքերն էլ՝ գրադարանների փոշիների տակ: Դուք այսօր արժեւորեցիք Հայ մշակոյթը, դրա վրայի փոշին թօթափեցիք, մաքրեցիք եւ այսքան գեղեցիկ մատուցումով ընծայեցիք մեզ»,- ասաց Սրբազան Հայրը եւ բարձր գնահատեց ազգային իշխանութեանը, ՀՕՄ-ի վարչութեանը եւ բոլոր մասնակիցներին, կազմակերպւած ծրագրի համար: Ապա, նա խանդաղատանքով իր մօտ հրաւիրեց փոքրիկ Արութին Ազիզեանին, եւ ասաց, թէ՝ գեղեցիկ զուգադիպութիւն էր, որ Սայեաթ Նովայի իսկական անունը կրող այս երեխան, այնքան գեղեցկօրէն կատարեց երգերը. «Թերեւս նոր Սայեաթ Նովա է թաքնւել այս փոքրիկ Արութինի մէջ»,- աւելացրեց նա, եւ խրախուսեց բոլորին, տէ՛ր կանգնելու մեր մատղաշ արժէքներին: Սրբազան Հայրը նոյն խանդաղատանքով իր մօտ հրաւիրեց փոքրիկ Նազելի Բայրամեանին, այնքան կատարեալ ու բարձրաճաշակ արւեստով հայկական մենապարը ներկայացնելու համար: Ի վերջոյ նա գնահատեց բոլորին, Հայ մշակոյթի այսքան շքեղ երեկոյ կազմակերպելու եւ ներկայացնելու համար, յատկապէս Լորիկ Ազիզեանի եւ ՀՕՄ-ի կատարած դժւարին աշխատանքը գովելով:
Հայ մշակոյթին եւ հայ աշուղական չհինացող երգերին նւիրւած այս երեկոն, որ աշուղների արքայ Սայեաթ Նովայի ստեղծագործ ու իմաստասիրական մտածումների շնչով էր պարուրւել, խոր ապրումների եւ յուզումների առիթ հանդիսացաւ իւրաքանչիւր հանդիսատեսի համար, որոնց ազդեցութիւնը ընդերկար կրելու են ներկաները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։